17:41  ,  15 ապրիլի, 2014

Պողոս Պողոսյան. Ճիշտ կլինի, որ Առաքել Միրզոյանի 10-րդ տեղի գնահատականը տա Օգսեն Միրզոյանը

Տիգրան Մարտիրոսյանն ինձ ուրախացրեց իր փոքր ոսկե մեդալով: Նա լուրջ տղա է, չափված, ձեւված, նորմալ պարապում է, կարգուկանոնի մեջ է, մարզումային ռեժիմը չի խախտում: Առաքել Միրզոյանի ելույթն  ինձ համար նորմալ էր, բայց ճիշտ կլինի, որ նրա մրցելույթի  ու 10-րդ տեղի գնահատականը տա մարզիկի անձնական մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը` ամփոփելով Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթները:

Պարոն Պողոսյան ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի ելույթը Եվրոպայի առաջնությունում:

Սովորաբար, առաջնությունից առաջ խոստումներ չեմ տալիս, դա իմ սովորությունն է եւ համարում եմ, որ դա ճիշտ է: Այս առաջնության արդյունքներն ինձ գոհացրել են: Ուրախ եմ եւ ինչ-որ տեղ նաեւ հպարտ իմ տղաների համար, որ ինչ խնդիր նրանց առջեւ դրված էր, նրանք լիարժեք դրանք կատարեցին: Այդ առիթով ես շատ շնորհակալ եմ իմ սաներից ու նրանց այս լավ մասնակցությունից, որ ինձ հուսախաբ չարեցին եւ իմ բոլոր սպասելիքներն արդարացրեցին:

Դուք կանխատեսո՞ւմ էիք մեդալներ:

Ինչ խոսք, ակնկալիք ունեի, կանխատումներ եւս: Յուրաքանչյուր մրցման ինչ-որ ակնկալիքով պետք է գնաս: Բնականաբար, երբ հնարավորություն է լինում, պետք է պայքարի մեջ մտես մեդալների համար: Մեր մարզիկները դրան պատրաստ էին, չնայած ես մեդալների շեշտադրություն չէի դրել: Ինձ ամենաշատն ուրախացրեց այն, որ նրանք իսկապես պայքարեցին մրցահարթակում եւ բոլոր գույնի մեդալներին արժանացանք:

Փոխչեմպիոններ, բրոնզե մեդալ, փոքր ոսկե մեդալ: Ի՞նչը խանգարեց մեր տղաներին երկամարտի ոսկե մեդալ նվաճելուն:

Մեր նախկին աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը ուսումնամարզական հավաքների ժամանակ պարանոցի հատվածում մի փոքր վնասվածք էր ստացել եւ լիարժեք չէր կարողանում աշխատել: Մոտեցումների ժամանակ վնասվածքը զգացվեց, եւ մենք ունեցանք միայն փոքր ոկսե մեդալ: Նա մեր լավագույն մարզիկներից է, ու ես վստահ եմ, որ եթե այդ վնասվածքը չլիներ, Տիգրանը կդառնար Եվրոպայի չեմպիոն առանց խնդրի: Ինձ Տիգրանի փոքր ոսկին էլ է գոհացնում: Այս անգամ չունեցանք չեմպիոններ, աշխարհի առաջությունում կունենանք, խնդիր չկա: Ես հավատում եմ:

Ինչո՞ւ Վանիկ Ավետիսյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը բավարարվեցին արծաթով, այդքան մոտ էին ոսկուն:

Վանիկն ու Ռուբենը պայքարում էին ոսկու համար: Ռուբեն Ալեքսանյանը իսկապես շատ մոտ էր ոսկուն, բայց վերջին մոտեցումի ժամանակ մի փոքր անփույթ վերաբերվեց մոտեցմանը եւ չկարողացավ հաղթահարել: Եթե նա այդ կիլոգրամը բարձրացներ, կարողանար այդ վերջին մոտեցումն էլ հաղթահարել, ռուս ծանրորդն արդեն կլարվեր Ռուբեն Ալեքսանյանի բարձրացրած կիլոգրամից եւ չէր կարողանա երրորդ մոտեցումը հստակ կատարել: Քանի որ Ռուբենը ծախողեց, մենք բավարարվեցինք արծաթով: 

Սմբատ Մարգարյանը նվաճեց բրոնզե մեդալ: Գոհացնո՞ւմ է ձեզ Սմբատի բրոնզը: Նա կարո՞ղ էր ավելին:

Սմբատը պոկում վարժությունում զբաղեցնում էր ընդամենը 10-րդ տեղը, բայց քանի որ նա շատ հավաքված, բավական տաղանդավոր երիտասարդ է, հրում վարժությունում դարձավ առաջատար եւ նվաճեց փոքր ոսկին` գրավելով 3-րդ տեղ: Սա միայն գովերգի է արժանի, 10-րդ տեղից մյուս վարժությունում ուժերը հավաքելն ու ոսկին նվաճելը:

2011թ. համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանի 4-րդ տեղին ի՞նչ գնահատական կտաք:

Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղը, դա հանրապետության առաջնությունում 4-րդ տեղ գրավել չէ: Չմոռանանք, որ սա Եվրոպայի առաջնությունն էր, Եվրոպայի ուժեղագույն մարզիկիների մրցապայքար եւ Աղասու 4-րդ տեղը գովելի արդյունք է:

Առաքել Միրզոյանը միայն 10-րդ տեղով բավարարվեց: Նա իր հարցազրույցներում  նշում է, որ սա իր համար լավ մեկնարկ էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի տապալված մրցելույթից հետո: Դուք ի՞նչ կասեք:

Լավ կլիներ, այդ հարցը տրվեր Առաքելի անձնական մարզիչ Օգսեն Միրզոյանին: Նա գո՞հ է իր սանի արդյունքից, թե՞ ոչ: Ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ նրա տեւական դադարից հետո 10-րդ հորիզոնականը համարում եմ բավարար: Չմոռանանք նրա դադարը սպորտում, վնասվածքներից հետո վերականգնվելը, ուժ գտնելն ու նորից ծանրաձողի առջեւ կանգնելը բարդ երեւույթ է, նա հաղթահարեց այդ բարդությունը: Հուսամ հետագայում նա կբարելավի իր արդյունքները:

Առաքելը հավաքականից առանձին էր մարզվում: Դա օգնե՞ց Առաքելին, թե՞ գտնում եք, որ հավաքականի հետ մարզվելու դեպքում գուցե ավելի մոտ լիներ մրցանակային տեղերին:

Օգսեն Միրզոյանը Առաքելի տարիքում արդեն Օլիմպիական չեմպիոն էր: Միայն կնշեմ մի բան՝ բոլոր մարզիկները պետք է հավաքականի հետ մարզվեն: Ես չեմ տեսնում Առաքելի մարզումները, նրա հետ չեմ կարողանում լիարժեք աշխատել ու չեմ կարող ըստ այդմ էլ վստահ ասել, թե նրանից ավելին էի սպասում, կամ պակաս: Միայն նշում եմ, որ նա իր արդյունքով ինձ գոհացրեց: Նա կարողացավ հինգ մոտեցում հստակ կատարել, ինչը ես գնահատում եմ նորմալ: Հուսամ, աշխարհի առաջնության ժամանակ ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերի: Միայն թե նրա կարգի ծանրորդը` Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի արծաթե մեդալակիր, 11-րդ տեղով չպետք է բավարարվի:

Տիգրան Մարտիրոսյանը եւս դադարից հետո վերադարձավ մրցասպարեզ: Երկու մեր լավագույն մարզիկներն էլ վանսվածքների պատճառով դուրս էին պայքարից նախկինում:

Այո, Տիգրանն էլ ինչպես Առաքելը վերադարձան մրցասպարեզ, եւ ես համարում եմ, որ սա հաջողված վերադարձ էր: Տիգրան Մարտիրոսյանը լուրջ տղա է, չափված, ձեւված, նորմալ պարապում է, կարգուկանոնի մեջ է, մարզումային ռեժիմը չի խախտում: Արդյունքը այս ամենի եղավ այն, որ մարդը պոկում վարժությունում լավագույնը ճանաչվեց եւ փոքր մեդալ նվաճեց: Դա գոհացնում է, ուրախացնում է: Նա կարող էր չեմպիոն դառնալ, տաղանդավոր տղա է: Բայց չեմպիոն դառնալու համար պետք է ճիշտ մարզվել, ուսումնամարզական պրոցեսների մեջ լինել մշտապես:

Գերծանր քաշային Հայկ Հակոբյանի մրցելույթի մասին ի՞նչ կասեք: Նա տասնյակից դուրս մնաց: Կարո՞ղ ենք համարել, որ գերծանր քաշը դեռեւս մնում է պրոբլեմատիկ հայկական ծանրամարտում:

Հայկ Հակոբյանը պոկում վարժության նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ, այդ պատճառով մենք չկարողացանք լուրջ կիլոգրամներ իրացնել:

Պարոն Պողոսյան, առջեւում աշխարհի առաջնությունն է: Արդեն մոտավորապես որոշե՞լ եք, թե ովքեր են այս մարզիկներից հանդես գալու աշխարհի առաջնությունում:

Նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը մեր այս տարվա կարեւորագույն ստուգատեսն է լինելու, քանի որ օլիմպիական վարկանիշային է: Շատ լուրջ աշխատանք է մեզ սպասվում, 8 մարզիկով ենք հանդես գալու եւ մեդալների խնդիր է դրվելու նրանց առջեւ: Ես նպատակ ունեմ բոլոր քաշային կարգերում, եթե հաջողվի իհարկե, հանդես գալ Օլիմպիական խաղերում: Իսկ դրա  համար պետք է աշխատել: Դեռ կազմ որոշված չէ: Կան տաղանդավոր տղաներ երիտասարդներից, նրանք էլ են միանալու մեզ, 6-8 ուսումնամարզական հավաք կանցկացնենք մինչեւ աշխարհի առաջնություն: Համոզված եմ, որ լավ արդյունք կունենանք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս