17:41 15 ապրիլի, 2014Տիգրան Մարտիրոսյանն ինձ ուրախացրեց իր փոքր ոսկե մեդալով: Նա լուրջ տղա է, չափված, ձեւված, նորմալ պարապում է, կարգուկանոնի մեջ է, մարզումային ռեժիմը չի խախտում: Առաքել Միրզոյանի ելույթն ինձ համար նորմալ էր, բայց ճիշտ կլինի, որ նրա մրցելույթի ու 10-րդ տեղի գնահատականը տա մարզիկի անձնական մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը` ամփոփելով Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթները:
Պարոն Պողոսյան ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի ելույթը Եվրոպայի առաջնությունում:
Սովորաբար, առաջնությունից առաջ խոստումներ չեմ տալիս, դա իմ սովորությունն է եւ համարում եմ, որ դա ճիշտ է: Այս առաջնության արդյունքներն ինձ գոհացրել են: Ուրախ եմ եւ ինչ-որ տեղ նաեւ հպարտ իմ տղաների համար, որ ինչ խնդիր նրանց առջեւ դրված էր, նրանք լիարժեք դրանք կատարեցին: Այդ առիթով ես շատ շնորհակալ եմ իմ սաներից ու նրանց այս լավ մասնակցությունից, որ ինձ հուսախաբ չարեցին եւ իմ բոլոր սպասելիքներն արդարացրեցին:
Դուք կանխատեսո՞ւմ էիք մեդալներ:
Ինչ խոսք, ակնկալիք ունեի, կանխատումներ եւս: Յուրաքանչյուր մրցման ինչ-որ ակնկալիքով պետք է գնաս: Բնականաբար, երբ հնարավորություն է լինում, պետք է պայքարի մեջ մտես մեդալների համար: Մեր մարզիկները դրան պատրաստ էին, չնայած ես մեդալների շեշտադրություն չէի դրել: Ինձ ամենաշատն ուրախացրեց այն, որ նրանք իսկապես պայքարեցին մրցահարթակում եւ բոլոր գույնի մեդալներին արժանացանք:
Փոխչեմպիոններ, բրոնզե մեդալ, փոքր ոսկե մեդալ: Ի՞նչը խանգարեց մեր տղաներին երկամարտի ոսկե մեդալ նվաճելուն:
Մեր նախկին աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը ուսումնամարզական հավաքների ժամանակ պարանոցի հատվածում մի փոքր վնասվածք էր ստացել եւ լիարժեք չէր կարողանում աշխատել: Մոտեցումների ժամանակ վնասվածքը զգացվեց, եւ մենք ունեցանք միայն փոքր ոկսե մեդալ: Նա մեր լավագույն մարզիկներից է, ու ես վստահ եմ, որ եթե այդ վնասվածքը չլիներ, Տիգրանը կդառնար Եվրոպայի չեմպիոն առանց խնդրի: Ինձ Տիգրանի փոքր ոսկին էլ է գոհացնում: Այս անգամ չունեցանք չեմպիոններ, աշխարհի առաջությունում կունենանք, խնդիր չկա: Ես հավատում եմ:
Ինչո՞ւ Վանիկ Ավետիսյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը բավարարվեցին արծաթով, այդքան մոտ էին ոսկուն:
Վանիկն ու Ռուբենը պայքարում էին ոսկու համար: Ռուբեն Ալեքսանյանը իսկապես շատ մոտ էր ոսկուն, բայց վերջին մոտեցումի ժամանակ մի փոքր անփույթ վերաբերվեց մոտեցմանը եւ չկարողացավ հաղթահարել: Եթե նա այդ կիլոգրամը բարձրացներ, կարողանար այդ վերջին մոտեցումն էլ հաղթահարել, ռուս ծանրորդն արդեն կլարվեր Ռուբեն Ալեքսանյանի բարձրացրած կիլոգրամից եւ չէր կարողանա երրորդ մոտեցումը հստակ կատարել: Քանի որ Ռուբենը ծախողեց, մենք բավարարվեցինք արծաթով:
Սմբատ Մարգարյանը նվաճեց բրոնզե մեդալ: Գոհացնո՞ւմ է ձեզ Սմբատի բրոնզը: Նա կարո՞ղ էր ավելին:
Սմբատը պոկում վարժությունում զբաղեցնում էր ընդամենը 10-րդ տեղը, բայց քանի որ նա շատ հավաքված, բավական տաղանդավոր երիտասարդ է, հրում վարժությունում դարձավ առաջատար եւ նվաճեց փոքր ոսկին` գրավելով 3-րդ տեղ: Սա միայն գովերգի է արժանի, 10-րդ տեղից մյուս վարժությունում ուժերը հավաքելն ու ոսկին նվաճելը:
2011թ. համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանի 4-րդ տեղին ի՞նչ գնահատական կտաք:
Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղը, դա հանրապետության առաջնությունում 4-րդ տեղ գրավել չէ: Չմոռանանք, որ սա Եվրոպայի առաջնությունն էր, Եվրոպայի ուժեղագույն մարզիկիների մրցապայքար եւ Աղասու 4-րդ տեղը գովելի արդյունք է:
Առաքել Միրզոյանը միայն 10-րդ տեղով բավարարվեց: Նա իր հարցազրույցներում նշում է, որ սա իր համար լավ մեկնարկ էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի տապալված մրցելույթից հետո: Դուք ի՞նչ կասեք:
Լավ կլիներ, այդ հարցը տրվեր Առաքելի անձնական մարզիչ Օգսեն Միրզոյանին: Նա գո՞հ է իր սանի արդյունքից, թե՞ ոչ: Ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ նրա տեւական դադարից հետո 10-րդ հորիզոնականը համարում եմ բավարար: Չմոռանանք նրա դադարը սպորտում, վնասվածքներից հետո վերականգնվելը, ուժ գտնելն ու նորից ծանրաձողի առջեւ կանգնելը բարդ երեւույթ է, նա հաղթահարեց այդ բարդությունը: Հուսամ հետագայում նա կբարելավի իր արդյունքները:
Առաքելը հավաքականից առանձին էր մարզվում: Դա օգնե՞ց Առաքելին, թե՞ գտնում եք, որ հավաքականի հետ մարզվելու դեպքում գուցե ավելի մոտ լիներ մրցանակային տեղերին:
Օգսեն Միրզոյանը Առաքելի տարիքում արդեն Օլիմպիական չեմպիոն էր: Միայն կնշեմ մի բան՝ բոլոր մարզիկները պետք է հավաքականի հետ մարզվեն: Ես չեմ տեսնում Առաքելի մարզումները, նրա հետ չեմ կարողանում լիարժեք աշխատել ու չեմ կարող ըստ այդմ էլ վստահ ասել, թե նրանից ավելին էի սպասում, կամ պակաս: Միայն նշում եմ, որ նա իր արդյունքով ինձ գոհացրեց: Նա կարողացավ հինգ մոտեցում հստակ կատարել, ինչը ես գնահատում եմ նորմալ: Հուսամ, աշխարհի առաջնության ժամանակ ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերի: Միայն թե նրա կարգի ծանրորդը` Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի արծաթե մեդալակիր, 11-րդ տեղով չպետք է բավարարվի:
Տիգրան Մարտիրոսյանը եւս դադարից հետո վերադարձավ մրցասպարեզ: Երկու մեր լավագույն մարզիկներն էլ վանսվածքների պատճառով դուրս էին պայքարից նախկինում:
Այո, Տիգրանն էլ ինչպես Առաքելը վերադարձան մրցասպարեզ, եւ ես համարում եմ, որ սա հաջողված վերադարձ էր: Տիգրան Մարտիրոսյանը լուրջ տղա է, չափված, ձեւված, նորմալ պարապում է, կարգուկանոնի մեջ է, մարզումային ռեժիմը չի խախտում: Արդյունքը այս ամենի եղավ այն, որ մարդը պոկում վարժությունում լավագույնը ճանաչվեց եւ փոքր մեդալ նվաճեց: Դա գոհացնում է, ուրախացնում է: Նա կարող էր չեմպիոն դառնալ, տաղանդավոր տղա է: Բայց չեմպիոն դառնալու համար պետք է ճիշտ մարզվել, ուսումնամարզական պրոցեսների մեջ լինել մշտապես:
Գերծանր քաշային Հայկ Հակոբյանի մրցելույթի մասին ի՞նչ կասեք: Նա տասնյակից դուրս մնաց: Կարո՞ղ ենք համարել, որ գերծանր քաշը դեռեւս մնում է պրոբլեմատիկ հայկական ծանրամարտում:
Հայկ Հակոբյանը պոկում վարժության նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ, այդ պատճառով մենք չկարողացանք լուրջ կիլոգրամներ իրացնել:
Պարոն Պողոսյան, առջեւում աշխարհի առաջնությունն է: Արդեն մոտավորապես որոշե՞լ եք, թե ովքեր են այս մարզիկներից հանդես գալու աշխարհի առաջնությունում:
Նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը մեր այս տարվա կարեւորագույն ստուգատեսն է լինելու, քանի որ օլիմպիական վարկանիշային է: Շատ լուրջ աշխատանք է մեզ սպասվում, 8 մարզիկով ենք հանդես գալու եւ մեդալների խնդիր է դրվելու նրանց առջեւ: Ես նպատակ ունեմ բոլոր քաշային կարգերում, եթե հաջողվի իհարկե, հանդես գալ Օլիմպիական խաղերում: Իսկ դրա համար պետք է աշխատել: Դեռ կազմ որոշված չէ: Կան տաղանդավոր տղաներ երիտասարդներից, նրանք էլ են միանալու մեզ, 6-8 ուսումնամարզական հավաք կանցկացնենք մինչեւ աշխարհի առաջնություն: Համոզված եմ, որ լավ արդյունք կունենանք:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.