22:22  ,  12 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլը, «Բորուսիայի» ռեւանշը «Բավարիայի» նկատմամբ

Բունդեսլիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիային», որին առաջին շրջանում պարտվել էր 0:3 հաշվով:

Մյունխենում կայացած խաղի մեկնարկում Խոսեպ Գվարդիոլայի թիմն ուներ տարածքային առավելություն, սակայն հաշիվը բացեցին դորտմունդցիները: 20-րդ րոպեին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, ով իր 7-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Ինչպես Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում, այնպես էլ այս անգամ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը հանդես էր գալիս ոչ թե ենթահարձակվողի դիրքում, այլ՝ եզրային կիսապաշտպանի եւ անցկացրեց հիանալի հանդիպում:

Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, իսկ ընդմիջումից հետո «Բորուսիան» շատ արագ խփեց եւս 2 գոլ: Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանի սկսած գրոհից հետո, իսկ Յունաս Հոֆմանի դիպուկ հարվածը 3 գոլի առավելություն տվեց Յուրգեն Կլոպի թիմին: 62-րդ րոպեին խաղադաշտ մտավ «Բորուսիայի» առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին, բայց խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին: Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման: 

Խաղի վերջնամասում կարմիր քարտ ստացավ մյունխենցիների բրազիլացի պաշտպան Ռաֆինյան, ով ձեռքով հարվածեց Հենրիխ Մխիթարյանի դեմքին:

«Բորուսիան» 61 միավորով երկրորդն է, իսկ Խոսեպ Գվարդիոլայի թիմը չկարողացավ հաղթել Բունդեսլիգայի երրորդ խաղում անընդմեջ եւ ունի 78 միավոր: Լավագույն եռյակը եզրափակող Գելզենկիրխենի «Շակեն» հավաքել է 58 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր 

«Բավարիա» - «Բորուսիա»՝ 0:3

Հենրիխ Մխիթարյան, 20, Մարկո Ռոյս, 49, Յունաս Հոֆման, 56

Հեռացում՝ Ռաֆինյա, 90+2 («Բավարիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում