17:38  ,  7 մայիսի, 2012

Հայաստանի օլիմպիական ուղեգրերի թիվը դարձավ 21

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան  հաստատել է Լոնդոնի Oլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների ցանկը: Յուրաքանչյուր քաշային կարգում  ընդգրկված է վարկանիշային միավոր ձեռք բերած 22 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչներ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ) վաստակած միավորներով զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ հրազդանցի Արմեն Նազարյանը (66 կգ) 16-րդ տեղում է:

Յուրաքանչյուր քաշային կարգում մեկական սպիտակ քարտ է հատկացվում Օլիմպիական խաղերի կազմակերպիչ երկրին եւ  ինը քարտ` ձյուդոյում նոր զարգացող երկրների ֆեդերացիաներին:

Մայիսի վերջին տասնօրյակում Միջազգային օլիմպիական կոմիտեն կհաստատի մասնակիցների վերջնական կազմը:

Ձյուդոյի Հայաստանի հավաքական մայիսի 1-ից 8-ը վերականգնողական-առողջարարական  հավաք  է անցկացնում  Ջերմուկում: Այնուհետեւ թիմը կմեկնի Անթալիա, որտեղ Լոնդոնի Խաղերի մասնակից եվրոպական երկրների ձյուդոիստների հետ կանցկացնի համատեղ հավաք: Դրանից հետո թիմը միջազգային մրցաշարի կմասնակցի Չեխիայում: Դրան կհաջորդի Խաղերից առաջ վերջին  հավաքը Երեւանում, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Այսպիսով, Հայաստանի օլիմպիական ուղեգրերի թիվը դարձավ 21:

Հիշեցնենք, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանն ուներ 25 մասնակից, որոնցից 6-ը նվաճեցին բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English