Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային աղյուսակը:
Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է բարելավել վարկանիշը՝ հասցնելով այն 2830 միավորի, ինչը պաշտոնապես ռեկորդային է հայ գրոսմայստերի համար: Նախորդ ամիս Հայաստանի ուժեղագույն շախմատիստի վարկանիշը 2826 միավոր էր։ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը շարունակում է զիջել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացու ցուցանիշը 2881 է:
Ուժեղագույն շախմատիստների տասնյակում են նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե- Լագրավը։
Հայաստանի հավաքականի շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 64-րդն է (2682), Սերգեյ Մովսեսյանը 72-րդն է (2678), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 73-ը (2676):
Հիշեցնենք, որ Արոնյանը մարտին կմասնակցի Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում