ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը շարունակում է բարելավել վարկանիշը

14:58   28 փետրվարի, 2014

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային աղյուսակը:

Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է բարելավել վարկանիշը՝ հասցնելով այն 2830 միավորի, ինչը պաշտոնապես ռեկորդային է հայ գրոսմայստերի համար: Նախորդ ամիս Հայաստանի ուժեղագույն շախմատիստի վարկանիշը 2826 միավոր էր։ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը շարունակում է զիջել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացու ցուցանիշը 2881 է:

Ուժեղագույն շախմատիստների տասնյակում են նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե- Լագրավը։

Հայաստանի հավաքականի շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 64-րդն է (2682), Սերգեյ Մովսեսյանը 72-րդն է (2678), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 73-ը (2676): 

Հիշեցնենք, որ Արոնյանը մարտին կմասնակցի Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.