18:55  ,  27 փետրվարի, 2014

Լեւոն Աղասյան. 19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզիչիս աշխատանքի արդյունքն է

19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզիչիս աշխատանքի արդյունքն է, ասում է կապանցի Լեւոն Աղասյանը։ 19 մեդալներից 13-ը ոսկի են։ Եվրոպայի պատանիների չեմպիոնը հաղթանակով է վերադարձել Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությունից։ Անցած տարի նույն առաջնությունում վնասվածքի պատճառով Լեւոն Աղասյանը 4-րդն էր։

«Ամեն անգամ մրցանակային տեղ կամ առաջին տեղ գրավելիս, քո մեջ եւ քո մարզչի նկատմամբ վստահությունը բնականաբար ավելանում է հետագա մրցումներին մասնակցելու համար»,- ասում է Լեւոնը։

Նա վստահ է, որ մարզիչ Արսեն Պետրոսյանի եւ իր համակարգված աշխատանքները կբերեն նոր հաղթանակների, ու կապ չունի, թե որքան անմխիթար են իրենց մարզասրահի պայմանները։ Ճիշտ է, մրցաշարերից հետո դժվարությամբ է հարմարվում չոր տախտակների վրա ցատկելուն, այնուամենայնիվ երիտասարդ աթլետն այս առթիվ իր դիրքորոշումն ունի.

«Մի քիչ դժվար է այստեղից միանգամից գնալ այնտեղ եւ մասնակցել, ճիշտ է այնտեղ պայմանները շատ լավ են, բայց օրգանիզմդ չի կարողանում հարմարվել դրան։ Ես այսպես եմ մտածում․ իմաստ չունի հիմա բողոքել, ասել սա շատ վատ տեղ է, չեմ կարող այստեղ իմ նպատակներին հասնել, քանի որ իմ նպատակներն ավելի ուժեղ են, քան հանգամանքները, ուստի մենք հարմարվում ենք»։

Մարզիչ Արսեն Պետրոսյանի խոսքով այս տարին բավականին ծանրաբեռնված է լինելու, ծրագրերն ու անելիքները շատ են։ Բայց իրենց հիմնական նպատակն է լավ պատրաստվել աթլետիկայի աշխարհի առաջնությանը.

«Այս տարի ունեմ իմ ապագայի, Հայաստանի ու Կապանի համար շատ կարեւոր միջազգային մրցաշարեր։ Դրանցից առանձնացնեմ ամենակարեւորը՝ աշխարհի պատանեկան առաջնությունը,  մինչեւ 20 տարեկան երիտասարդների առաջնությունը։ Պետք է մասնակցեմ նաեւ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որ շատ դժվար է ինձ համար, մանավանդ այս տարիքում , որովհետեւ բարձր արդյունքներ ցույց տալու համար շատ տարիների աշխատանք է պետք։ Եվ Եվրոպայի թիմային առաջնությունը, որ կկայանա Թիֆլիսում ։ Անցյալ տարի այդ նույն առաջնությունը կայացել էր Սլովակիայում, գրավել էի երկրորդ տեղը, այս անգամ կփորձենք բարելավվել արդյունքները»։

Մինչեւ Միացյալ Նախանգներում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելը, Լեւոն Աղասյանը մայիսից կմասնակցի հանրապետական մրցումներին։

Մարգարիտա Մանուկյան՝ Կապանից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս