22:52  ,  25 փետրվարի, 2014

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլը նպաստեց «Բորուսիայի» վստահ հաղթանակին

Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: 1/8 եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի փոխչեմպիոնը Սանկտ Պետերբուրգում 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռուսական «Զենիթի» նկատմամբ:

Խաղի մեկնարկը չափազանց հաջող էր Յուրգեն Կլոպի թիմի համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին հյուրերն ունեին 2 գոլի առավելություն: Չորրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց նաեւ դորտմունդցիների երկրորդ գոլային գրոհին, որը եզրափակեց Մարկո Ռոյսը՝ կրկնապատկելով «Բորուսիայի» առավելությունը: Բաց թողած գոլերից հետո պետերբուրգցիները երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ, իսկ գերմանացիներն առաջին խաղակեսում ունեցան եւս մի քանի գոլային պահեր, որոնք չկարողացան արդյունավետ օգտագործել:

Ընդմիջումից հետո «Զենիթն» ավելի հաճախ էր գրոհում, եւ 57-րդ րոպին ռուս կիսապաշտպան Օլեգ Շատովի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 4 րոպե անց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփեց «Բորուսիայի» երրորդ գնդակը: Քիչ անց դարձյալ աչքի ընկան պետերբուրգցիները, որոնց կազմում 11 մետրանոցն անվրեպ իրացրեց բրազիլացի Հալկը, բայց այս դեպքում եւս հյուրերի պատասխանը չուշացավ: 71-րդ րոպեին Լեւանդովսկին դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 70-րդ րոպեին՝ մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո խաղադաշտում տեղը զիջելով գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 19-ին Դորտմունդում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչառաջին խաղ  

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 2:4

Օլեգ Շատով, 57, Հալկ, 69 (11մ.) – Հենրիխ Մխիթարյան, 4, Մարկո Ռոյս, 5, Ռոբերտ Լեւանդովսկի, 61, 71

«Զենիթ». Յուրի Լոդիգին, Ալեքսանդր Անյուկով (Իգոր Սմոլնիկով, 84), Լուիշ Նետու, Նիկոլաս Լոմբերտս, Դոմենիկո Կրիշիտո, Ակսել Վիտցել, Վիկտոր Ֆայզուլին (Ալեքսանդր Կերժակով, 84), Օլեգ Շատով, Հալկ, Անդրեյ Արշավին (Անատոլի Տիմոշչուկ, 15), Սալոմոն Ռոնդոն:

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սեբաստիան Կել, Կեւին Գրոսկրոյց (Էրիկ Դուրմ, 90+1), Մարկո Ռոյս (Յունաս Հոֆման, 85), Հենրիխ Մխիթարյան (Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 70), Ռոբերտ Լեւանդովսկի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում