10:26  ,  24 փետրվարի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Ուրախ կլինեի, եթե Յուրա Մովսիսյանը հայտնվեր «Բորուսիայում»

Այժմ հիանալի ժամանակահատված է Մովսիսյանի համար. գոլեր է խփում, դարձել է «Սպարտակի» առաջատարը։ Հույս ունեմ, որ Յուրան կապաքինվի մինչեւ Ռուսաստանի առաջնության մեկնարկը, Sovsport-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանը՝ խոսելով Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։

«Ուրախ եմ, որ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղալու ենք Կրասնոդարում։ Հույս ունեմ ստադիոնում տեսնել բազմաթիվ հայերի։ Մեզ համար դա լրացուցիչ խթան կլինի հաղթելու համար։

«Սպարտակ» լսելիս չեմ պատկերացնում միայն ընկերներիս՝ Օզբիլիսին եւ Մովսիսյանին։ Մտքիս է գալիս նաեւ Նիկիտա Սիմոնյանը։ Ցավոք, անձամբ ծանոթ չեմ նրա հետ, սակայն հպարտ եմ, որ հայը կարողացել է նման բարձունքների հասնել ֆուտբոլում։

Հավաքականի համար շատ կարեւոր է, որ Մովսիսյանը խաղա։ Դեռ այնպիսի հեղինակություն չունեմ, որ մարզիչին թելադրեմ կամքս, այդ պատճառով Կլոպին խորհուրդ չեմ տվել Լեւանդովսկու փոխարեն ձեռք բերել Մովսիսյանին։ Սակայն ուրախ կլինեի, եթե Յուրան հայտնվեր «Բորուսիայում»,- ասել է 25-ամյա կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Հայաստանի հավաքականը Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի թիմի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում