18:42  ,  3 մայիսի, 2012

ՀԱՖ նախագահ. Նոր ֆեդերացիան կապիկություն է, անդամներն էլ կապիկներ են

Եթե կան մարդիկ, որոնք համարում են, թե Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը «քըխ ա», թող իրենց ստորագրությունը դնեն իմ սեղանին, ես էլ հոժարակամ կհրաժարվեմ իմ պաշտոնից: Այսօր արդարադատության նախարարությունը գրանցել է օրերս անցկացրած համագումարը ինչպես նաեւ  ֆեդերացիայի ինքնակոչ նախագահ Գագիկ Աղաջանյանին: Եթե գրանցել է՝  նշանակում է մեր երկիրը դեռ հիվանդ է: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆեդերացիայում տեղի ունեցող խմորումների մասին ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի (ՀԱՖ) նախագահ Մկրտիչ Փիլթոյանը:

Այս օրերին Ավտոմոբիլային ֆեդերացիայում մեծ իրարանցում է: Անդամների մի մասը ցանկանում է գործող նախագահի հեռացումը, մի մասն էլ, պայքարում է նախագահին պահելու համար: Նշենք, որ ապրիլի 22-ին ֆեդերացիայի մի խումբ անդամներ հրավիրել են արտահերթ համագումար, որի ժամանակ Մկրտիչ Փիլթոյանի փոխարեն նախագահ են ընտրել բեռնափոխադրումների «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն, ՀԱՖ անդամ  Գագիկ Աղաջանյանին:

«Գագիկ Աղաջանյանը ուզում է տիրանալ ֆեդերացիային: Նրա այս ցանկությունը սկսվել է դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից: Դեկտեմբերի 17-ին կայացած հերթական համագումարից առաջ, Գագիկ Աղաջնանյանը ֆեդերացիայում գրանցեց  միանգամից 130 մարդու եւ վճարեց նրանց բոլորի անդամավճարները: Այդ ժամանակից պարզ էր, որ սա ֆեդերացիան խլելու փորձ է: Մենք այդ պահին ունեինք 142 անդամ: Կա մի ժամանակակից նեոկոմսոմոլ, որի անունն է Արտաշես Ստեփանյան: Նա շատ է սիրում խլել: Նա մի քանի այդպիսի փորձեր արել է: Ստեղծում է արհեստական կառույցներ, ինչ-որ մեկին բերում դարձնում է պատվավոր նախագահ եւ ինքն էլ նշանակվում նախագահ: Գ. Աղաջանյանի հետ նրանք համախոհներ են: Գ. Աղաջանյանի մուտքը այս ֆեդերացիա հենց այդ սկզբունքով էլ եղել՝ ըստ Ա. Ստեփանյանի մշակած պրոեկտի: Սկզբում Ա. Ստեփանյանը ցանկացավ տիրանալ այս ֆեդերացիային, որոշեց Գագիկ Աղաջանյանին դարձնել պատվավոր նախագահ, իսկ ինքնը՝ այդ նեոկոմսոմոլը, ֆեդերացիայի  նախագահ: Նա այդ մասին ասել է ինձ նոյեմբեր ամսին: Բայց դե կոմսոմոլների ժամանակն անցել է, չի կարելի այդպես: Մենք իր առաջարկից հրաժարվեցինք՝ պատճառաբանելով, որ ֆեդերացիան չենք հանձնի պատահական մարդկանց: Բանն այն է, որ Գագիկ Աղաջանյանը սկբից չէր էլ մտածում նախագահ լինելու մասին: Երեւի մեր մերժումը նրան «պրինցիպի» է գցել, դրա համար հիմա արդեն ինքն է տաքացել: Նախագահի պաշտոնում նստելը հիմա արդեն նրա համար դարձել է սկզբունքի հարց:

Անօրինական համագումար են կազմակերպել իրենց կեղծ անդամագրված մարդկանցով եւ մեր ֆեդերացիայի մի քանի « աբիժնիկներով»: Մեր անդամներից մի քանիսը, որոնք հին «կապիկներ» են, մարդիկ են, որոնք չեն կայացել կամ կայացել են քիչ եւ հիմա մնում եմ մրցակցությունից դուրս թե սպորտում եւ կյանքի մյուս հարցերում, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, այն էլ այս քաղաքական թոհուբոհի մեջ»,- իրավիճակը նկարագրեց Մ. Փիլթոյանը:

Հետաքրքրվեցինք՝ իսկ նախկինում ի՞նչ կապ է ունեցել Գ. Աղաջանյանը ավտոսպորտի հետ:

«Ոչ մի կապ: Ես Գ. Աղաջանյանի հետ հանդիպել եմ դեռեւս երեք ամիս առաջ եւ փորձել հաշտության եզրեր գտնել: Հարցրել եմ՝ դու ավտոսպորտից բան հասկանո՞ւմ ես, ասել է՝ ոչ, ֆեդերացիայի խոհանոցին ծանո՞թ ես՝ ոչ, գիտե՞ս ինչ բան է ֆեդերացիան՝ ոչ, ժամանակ ունե՞ս՝ ոչ, փող խոստացե՞լ ես մարդկանց՝ ոչ… Լավ այդ դեպքում ի՞նչ գործ ունես այս ֆեդերացիայի հետ: Դու ո՞վ ես որ որոշում կայացնես կամ քննարկես՝ ավտոսպորտը մենք լա՞վ ենք զարգացնում, թե՞ ոչ: Ո՞վ ես դու… Ինքը շատ լավ բիզնես ունի, լիքը փող, 70.000 միլիոն դոլարի տարեկան շրջանառություն, Աստծո սիրուն, թող զբաղվի իր գործով: Ինձ, իմ աշխատանքը ոչ ոք չի կարող դատել»,- նշեց Մկրտիչ Փիլթոյանը:

Իսկ թե ո՞րն է դժգոհության գլխավոր պատճառը՝ Մ. Փիլթոյանը ստույգ չի կարողանում ասել:

«Այս բոլորը խանդի արդյունք է, խանդում են: Նրանք ովքեր արդեն տարիքներն առել են եւ իրենց կարիերան ավարտել այս մարզաձեւում՝ խանդից են այսպես վառվում: Իսկ այդ խանդը առաջացավ այն պատճառով, որ գործող ակումբներին ես առաջարկեցի գալ օրինական դաշտ, որպեսզի վթարի եւ դժբախտ պատահարների դեպքում  ակումբների տերերը գնան եւ դատվեն:

Սա կապիկություն է, իբր ուզում են ավտոսպորտ զարգացնեն, բայց ոչինչ չի փոխվելու: Ավտոսպորտի զարգացման համար պետք է լինել այս մարզաձեւի մեջ եւ այդ փիլիսոփայությունը հասկանալ: Ես 15 տարի պահել եմ այս մարզաձեւը, սպորտի վարպետ եմ, միջազգային կազմակերպության կողմից արժանացել եմ Վիկտորիա թագուհու մեդալի: Մեր սահմանները պաշտպանելու համար պարգեւատրվել եմ Մարշալ Բաղրամյանի մեդալով: Հիմա ինչ-որ պատահական մարդիկ ուզում են կապիկություն անել, ճոռոմ-ճոռոմ հայտարարություններ են անում: Ով ուզում է այս մարզաձեւը զարգացնի՝ պետք է կարողանա դաշտ բերել ընկերություններին: Ոչ Ծառուկյանը կզարգացնի ավտոսպորտը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ ներկայիս նախագահը կամ վարչապետը»,- նշեց ՀԱՖ նախագահը:

Մկրտիչ Փիլթոյանը նաեւ հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա համագումարում ներկայացնել իր հրաժարականը.

«Ես ինքս պատրաստվում եմ ֆեդերացիայից դուրս գալ: Հասկանում եմ, որ արդեն տարիքս առել եմ եւ ժամանակն է սերնդափոխության, եւ ես պատրաստ եմ իշխանությունը հանձնել ավելի երիտասարդ կադրի, բայց ոչ այս մեթոդով: Էլի եմ կրկնում, սա ուղղակի կապիկություն է: Մեր անդամների ճնշող մասի շահերը խախտված են: Ես  հանդիպել եմ  Գագիկ Աղաջանյանի հետ եւ ասել, եթե ունենք ավտոսպորտը զարգացնելու ծրագիր՝ արեք դա, ես էլ ձեր ճակատը միայն կհամբուրեմ: Ես ինքս իմ անդամներին կոչ կանեմ, որ նրան ձայն տան: Իրենք ուրիշ նպատակներ են հետապնդում, իրենք իրենց անձնական շահերն ունեն: Ոչ ոք ավտոսպորտից այնքան չի հասկանում, որքան Մկրտիչ Փիլթոյանը: Սա միջազգային սկանդալ կդառնա, եթե շարունակեն այս ոճով, իրենց մեթոդներով տիրանալ ֆեդերացիային։

Սա նախադեպ է… Ինչպես տարիներ առաջ այս չկայացած, հռչակավոր օլիգարխները ԱԺ շենքը փորձեցին գրավել, այնպես էլ հիմա փորձում են նույն կերպ վարվել հասարակական կազմակերպությունների հետ: Ես ձեռքերս ծալած չեմ նստելու: Անկասկած դատի եմ տալու եւ այդ դատը շահելու եմ: Պատրաստվում եմ դիմել նաեւ միջազգային ֆեդերացիայի նախագահին՝Ժան Տոդտին, որպեսզի ինքը միջամտի այս կապիկությանը»,- ասաց Մ. Փիլթոյանը։

Մ. Փիլթոյանը NEWS.am Sport-ի թղթակցին ցույց տվեց Գ. Աղաջանյանի ՀԱՖ անդամակցության տոմսը, որը նա ստացել է ամիսներ առաջ, բայց մինչ օրս չի էլ եկել անդամատոմսի ետեւից:

NEWS.am Sport-ը Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանից  տեղեկացավ, որ այսօր՝ մայիսի 3-ին պետռեգիստրում տեղի է ունեցել «Ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի փոփոխության գրանցումը: Սակայն Կ. Քալանթարյանը նշեց նաեւ, որ գրանցումը ենթակա է վիճարկման, քանի որ մյուս գործող նախագահը հնարավոր է՝ բողոքարկի:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով