14:27  ,  8 փետրվարի, 2014

Քառակի օլիմպիական չեմպիոն Ա. Տիխոնով. Որեւէ այլ երկրում ձմեռային Խաղերին դրոշը չէին բերի ամառային Խաղերի չեմպիոնները

Որեւէ այլ երկրում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական դրոշը ստադիոն ներս չէին բերի ամառային մարզաձեւերի ներկայացուցիչները, ասել է բիատլոնի քառակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Տիխոնովը, որը նախագահական օթյակից հետեւել է Ադլերի «Ֆիշտ» ստադիոնում կայացած 22-րդ ձմեռային խաղերի բացման արարողությանը:

«Ես երբեք Կարելինի կամ Իսինբաեւայի փոխարեն չէի համաձայնի դրոշ տանել ամառային Օլիմպիական խաղերի բացմանը: Հարգելի գործընկերներ, հրաժարվեք, դուք ձեր խիղճը կորցրել եք: Մենք չունենք մարզական եղբայրություն, դրանից էլ այս արդյունքներն են:

Միխալկովի փոխարեն ես կինո չեմ նկարի, տրիլիոններ է ծախսում ֆիլմերի վրա, բայց դրանք չկան: Մնացել են միայն Միխալկովն ու բեղերը: Նա եւս խիղճը կորցրել է: Ամբողջ մարզական եղբայրության անունից եմ ասում:

Որեւէ այլ երկրում հնարավոր չէ պատկերացնել, որ ձմեռային Խաղերի բացմանը ամառային մարզաձեւերի ներկայացուցիչներ լինեն: Օլիմպիական փոխչեմպիոն Շարապովան դրոշ է տանում, իսկ Ռուսաստանի հերոսներ, վեցակի օլիմպիական չեմպիոն Լյուբով Եգորովան եւ քառակի օլիմպիական չեմպիոն Գալինա Կուլակովան՝ ամբողջ աշխարհում հարգանք վայելող մարդիկ, նստած են տրիբունայում: Միայն հայրենիքում նրանց չեն հիշում: Բոլորս նստած ստադիոնում վրդովված էինք: Նույն տրամադրությունը հետո ավտոբուսում էր»,- Ալեքսանդր Տիխոնովի խոսքը փոխանցում է Championat-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին կայացավ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Ռուսաստանն առաջին անգամ անցկացնում է ձմեռային Օլիմպիական խաղեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով