09:30  ,  5 փետրվարի, 2014

Քառակի օլիմպիական չեմպիոն Ա. Տիխոնով. Բոլոր միգրանտներին հետ կուղարկեի, հայերին կթողնեի. NEWS.am Sport-ի հարցազրույցը

Ես իմ կյանքում շատ Օլիմպիադաներ եմ տեսել, բայց եթե Սոչին համեմատենք 1980-ի ԱՄՆ-ի Լեյք Փլեյսիդ քաղաքի Օլիմպիադայի հետ,  որտեղ պատվիրակությունները տեղավորվել էին կալանավայրի շենքում, որտեղ այժմ ապրում են բանտարկյալները, ապա Սոչին հազար քայլ առաջ է։

Այս մասին  Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկից երկու օր առաջ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեգենդար խորհրդային բիատլոնիստ, 1968, 1972, 1976, 1980 թվականների Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, փոխչեմպիոն, 11-ակի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Տիխոնովը, որը 1996-ից մինչեւ 2008 թվականը գլխավորել է Ռուսաստանի բիատլոնիստների միությունը: 2008-ին Ալեքսանդր Տիխոնովը Միության նախագահի պաշտոնը զիջեց հայտնի գործարար Միխայիլ Պրոխորովին, իսկ ինքը զբաղեցրեց փոխնախագահի պաշտոնը մինչեւ 2010 թվականը: Այժմ էլ իր բլոգի միջոցով Ալեքսանդր Տիխոնովն ակտիվ անդրադառնում է ռուսական սպորտին: Բիաթլոնի միջազգային ֆեդերացիան Տիխոնովին ճանաչել է 20-րդ դարի լավագույն բիաթլոնիստ։

Պարոն Տիխոնով, ի՞նչ ակնկալիքներ ունեք Սոչիի Օլիմպիական խաղերից:

Փետրվարի 7-ին կմեկնեմ Սոչի: Իհարկե, պետք է հուսանք, որ մայր հողում ռուս մարզիկները բարձր մակարդակի վրա ելույթ կունենան եւ կուրախացնեն մեր հայրենակիցներին: Կարծում եմ՝ հաջողություն պետք է լինի: Ամենից շատ մտահոգ եմ բիատլոնի համար: Այս մարզաձեւում մենք միշտ մեդալներ ենք ունեցել ՝ 1964-ից սկսած մինչեւ Վանկուվերի Խաղերը: Հուսամ՝ մեր հետնորդները կպահեն հաղթանակների այդ գիծը:

Ձեր կայքի միջոցով կցանկանայի ողջունել իմ շատ լավ ընկերոջն ու եղբորը՝ Յուրիկ Վարդանյանին՝ բոլոր ժամանակների եւ ազգերի լավագույն ծանրորդին: Մենք նրա հետ վերջերս զրուցում էինք: Ընկերություն ենք անում դեռ այն ժամանակից, երբ ես մարզվում էի Ծաղկաձորում: Հաճախ ավտոմեքենայով Նովոսիբիրսկից գալիս էի Լենինական: Հայաստան վերադառնալը եւ սպորտի նախարար դառնալը Յուրի Վարդանյանի լավագույն որոշումներից էր: Կարծում եմ՝ նա կգա Սոչի եւ մենք կհանդիպենք:

Այսօր Սոչիի պատրաստվածության մասին շատ քննադատություն է հնչում: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

Ես իմ կյանքում շատ Օլիմպիադաներ եմ տեսել, բայց եթե Սոչին համեմատենք 1980-ի ԱՄՆ-ի Լեյք Փլեյսիդի քաղաքի Օլիմպիադայի հետ,  որտեղ պատվիրակությունները տեղավորվել էին կալանավայրի շենքում, որտեղ այժմ ապրում են բանտարկյալները, ապա Սոչին հազար քայլ առաջ է: Հնարավոր է, որ դեռ կան խնդիրներ, բայց մինչեւ Խաղերի մեկնարկն ամեն ինչ կհարթվի: Ռուսաստանի հասցեին շատ է քննադատությունը: Հետխորհրդային երկներից մեկում առաջին անգամ է անցկացվում ձմեռային Խաղեր: Քննադատություն կլինի, բայց մեզ պետք է մտածել արդյունքների, մարզիկների տեղավորման, սննդի հարցերի մասին: Միեւնույն է՝ ամերիկացիներից վատ ոչ ոք չի անցկացնի:

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները: Չե՞ք վախենում, որ կկրկնվի Վանկուվերի անհաջողությունը (11-րդ տեղ թիմային հաշվարկում՝ 3 ոսկե, 5 արծաթե, 7 բրոնզե մեդալ):

Ամբողջ խնդիրն այն է, որ բոլոր ոլորտներում մարդիկ նշանակվում են անհասկանալի չափորոշիչներով: Խոսքը հետխորհրդային երկրների մասին է: Սպորտի նախարար կարող է նշանակվել իրավաբան, տնտեսագետ կամ ավտոմեխանիկ: Բայց սպորտի կառույցները պետք է ղեկավարեն ֆիզկուլտուրային կրթությամբ:  Մենք ինքներս չենք ձգտում հրթիռներ պատրաստել: Մեր ոլորտը թողեք մեզ, եւ ամեն ինչ լավ կլինի: Բացի այդ, տնտեսության մակարդակն այդքան էլ լավը չէ, եւ դա անդրադառնում է մյուս ոլորտների վրա: Բայց Ռուսաստանը այսպիսի իրավիճակներից դուրս է եկել: Հայաստանի, Ուկրաինայի բնակչության զգալի մասը գալիս է այստեղ աշխատելու՝ լուծելով նաեւ իրենց երկրների աշխատատեղերի հարցը: Միջին Ասիայի 40 տոկոսն այստեղ է, բայց միշտ փնովում են Ռուսաստանը: Ես լինեի նախագահ, բոլորին հետ կուղարկեի:

Հայերի՞ն էլ:

Ոչ, Հայաստանի հետ ես լավ հարաբերություններ ունեմ: Հայերին կթողնեի։ Ուղղակի, հասկացեք իրավիճակը, թե չէ Ռուսաստանն ամենահյուրընկալ երիկիրն է:

Վերադառնանք մարզական արդունքների ակնկալիքներին:

Մեդալներ կլինեն: Կարծում եմ՝ բիատլոնում, չմշկավազքում կլինեն հաստատ: Ես արդեն չորս տարի է այս ոլորտում չեմ աշխատում: Ինձ դժվար է գնահատական տալ:

Ո՞ր երկրներն են պայքարելու առաջին եռյակում հայտնվելու համար:

Նորվեգիան, ԱՄՆ-ն, Ավստրիան, Կանադան, ֆրանսիացիները նույնպես կպայքարեն:

Ի՞նչ մակարդակի վրա է այսօր բիատլոնը Ռուսաստանում: Վերջերս կրկին դեպք եղավ դոպինգի օգտագործման հետ կապված:

Ես այդ մասին շատ եմ խոսել: Իմ բլոգում եմ գրել: Այդ ամենը դիլետանտների պատճառով է, որ ղեկավարում են այսօրվա սպորտը: Հավաքում են սխալ թիմ, ամենահայտնի մարզաձեւի համար: Վերահսկողություն չկա ոչ մի հարցում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով