22:26  ,  7 փետրվարի, 2014

Սոչի-2014. Վ. Պուտինը 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը հայտարարեց բացված

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացված հայտարարեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Նախքան այդ, ելույթով հանդես եկավ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Տոմաս Բախը:

«Բարի երեկո, Սոչի, բարի երեկո, Ռուսաստան, բարի երեկո սիրելի մարզիկներ: Ռուսաստանի նախագահ, ՄԱԿ-ի նախագահ, ողջունում եմ ձեզ: Բարի գալուստ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր: Այս երեկո մենք գրում են օլիմպիական պատմության նոր էջը: Սա առաջին ձմեռային Խաղերն են Ռուսաստանում: Մենք այստեղ ենք մեծ հարգանքով: Հարուստ ավանդույթներով, մշակույթով, պատմությունով Ռուսաստանը կարողացավ մերձարեւադարձային քաղաքում կազմակերպել այս Խաղերը: Այն, ինչ այլ երկրներ կառուցում են տասնամյակներ, Ռուսաստանը զրոյից Սոչիում կառուցեց յոթ տարում»,- ասաց ՄՕԿ-ի նախագահ Տոմաս Բախը:

Նա շնորհակալություն հայտնեց շինարարներին, կամավորներին, Սոչիի եւ Կրասնոդարի մարզի բնակիչներին՝ համբերության եւ ջանքերի համար:

«Այժմ դուք ապրում եք օլիմպիական տարածաշրջանում: Ես վստահ եմ, որ դուք տասնամյակներ կվայելեք այս ամենը: Կամավորները հայտնի ռուսական հյուրընկալությամբ ընդունեցին բոլորին: Մեծագույն շնորհակալություն բոլոր կամավորներին: Շնորհակալություն մարզիկներին, որոնցից յուրաքանչյուրն այստեղ է եկել օլիմպիական երազանքով: ՄՕԿ-ը մաղթում է այդ երազանքների իրականացում: ՄՕԿ-ը բոլոր եկամուտները ներդրում է հենց այդ երազանքների կատարման համար պայմաններ ստեղծելու համար: Դա արժանապատվությամբ կհաղթեք եւ կընդունեք պարտությունը: Որտեղ էլ որ անցկացվի Խաղերը, օլիմպիական սպորտը խաղաղության համար է, այն միավորում մարդկանց: Սա է օլիմպիական ուղերձը: Մեծագույն հաղթանակի համար էլ կարելի է պայքարել մրցակցի նկատմամբ հարգանքով: Պետք է ապրել ներդաշնակությմաբ, հանդուրժողականությամբ: Նույնիսկ լինելով մրցակից՝ դա կարելի է անել:

Միացեք արդար մարզական պայքարի համար շարժմանը: Պահպանեք կանոնները, հարգեք մրցակիցներին, խուսափեք դոպինգից, եղեք արդար: Մաղթում եմ օլիմպիական ոգու ցնծություն: Բոլոր մարզիկներին, մարզասերներին մաղթում եմ վայելել 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերը»,- ասաց ՄՕԿ նախագահը:

Ադլերի «Ֆիշտ» ստադիոնում ավարտին է մոտենում Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մնում է ամենահուզիչ պահը՝ օլիմպիական ջահի բոցավառումը:

Մինչեւ փետրվարի 23-ը աշխարհի 88 երկրների մոտ 2800 մարզիկներ կպայքարեն 98 չեմպիոնական տիտղոսների համար:

Սոչիում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

Արարողությանը ներկա է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով