20:14  ,  7 փետրվարի, 2014

Սոչի-2014. Մեկնարկեց Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Սոչիի Ադլեր շրջանի «Ֆիշտ» (ադիգեյերեն նշանակում է սպիտակ գլուխ, Կովկասի լեռնաշղթայի գագաթներից մեկն է այդպես կոչվում) ստադիոնում մեկնարկեց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Յոթ տարվա աշխատանքից հետո, 50 միլիարդ դոլար ընդհանուր ծախսերի արդյունքում ստեղված հսկայական օլիմպիական կենտրոնի եւ հսկայական երկրի համար գլխավոր փորձության ժամն է:

Առաջիկա 2.5 ժամվա ընթացքում Ռուսաստանը կփորձի հիացնել եւ զարմացնել ամբողջ աշխարհին՝ մոտ 3 միլիարդ հեռուստադիտողի: Ավանդույթի համաձայն, Խաղերը բացված կհայտարարի երկրի ղեկավարը: Օլիմպիական հիմնը կկատարի աշխարհահռչակ ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն: Արարողությունը 18 թեմատիկ գլուխներից է:

Թե ով կբոցավառի Խաղերի գլխավոր ջահը, գաղտնի է պահվում մինչեւ վերջին ակնթարթը: Առաջին տեղում լեգենդար հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակի թեկնածությունն է: Իսկ նախքան այդ տեղի կունենա մասնակիցների հանդիսավոր շքերթը: Սոչիում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

Բացմանը ներկա են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը ռեկորդային են մասնակից երկրների թվով: Այս անգամ հայտավորված է 88 երկրի ներկայացուցիչ: 2010թ. Վանկուվերում ներկայացված էր 82 երկիր:

Օլիմպիական ծրագրի ընդլայնման շնորհիվ՝ 86-ից մինչեւ 98, ռեկորդային է նաեւ մասնակիցների թիվը՝ մոտ 2800 մարզիկ:

Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցուն են Մալթայի, Դոմինիկայի, Պարագվայի, Արեւելյան Թիմորի, Տոգոյի, Տոնգայի եւ Զիմբաբվեի ներկայացուցիչները:

Հայաստանն առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելել է 1994-ին: Խաղերն անցկացվել են Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում: Հայաստանը ներկայացել է երկու մարզիկով՝ Ժոզեֆ Ալմասյան եւ Քենեթ Թոփալյան (բոբսլեյ):

Ճապոնիայի Նագանո քաղաքում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերին (1998) Հայաստանը ներկայացել է 6 մարզիկով (4 մարզաձեւում). Ալլա Միքայելյան (դահուկավազք),Արսեն Հարությունյան (լեռնադահուկ), Արմեն Ռաֆայելյան (դահուկային ֆրիսթայլ), Ալեքսանդր Չեստնիխ (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Քսենյա Սմետանենկո (գեղասահք, մենապար):

2002-ին Խաղերն անցկացվեցին ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիում: Հայաստանից մասնակցել է 9 մարզիկ, կրկին 4 մարզաձեւում. Արսեն Հարությունյան (լեռնադահուկ),Վանեսա Ռաքեջյան (լեռնադահուկ), Ալեքսանդրու Ջորջոս եւ Դանիել Ջանջիգյան (բոբսլեյ), Արամ Հաջիյան (դահուկավազք),Մարգարիտա Նիկոլյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք),Արտյոմ Զնաչկով (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Յուլյա Լեբեդեւա (գեղասահք, մենապար):

Իտալիայի Թուրին քաղաքում կայացած Խաղերին (2006) Հայաստանը ներկայացրել է 4 մարզիկ՝ 3 մարզաձեւում. Վազգեն Ազրոյան (գեղասահք),Աբրահամ Սարկախյան (լեռնադահուկ), Էդմոնդ Խաչատրյան (լեռնադահուկ),  Հովհաննես Սարգսյան (դահուկավազք):

2010թ. Վանկուվերի Խաղերին Հայաստանը ներկայացավ կրկին 4 մարզիկով, այս անգամ 2 մարզաձեւում. Արսեն Ներսիսյան (լեռնադահուկ), Անի-Մաթիլդա Սերեբրակյան (լեռնադահուկ), Սերգեյ Միքայելյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք):

2012-ին ստեղծված NEWS.am Sport-ի համար սա առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն են, եւ այն լուսաբանում ենք օլիմպիական մայրաքաղաքից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով