20:14 7 փետրվարի, 2014Սոչիի Ադլեր շրջանի «Ֆիշտ» (ադիգեյերեն նշանակում է սպիտակ գլուխ, Կովկասի լեռնաշղթայի գագաթներից մեկն է այդպես կոչվում) ստադիոնում մեկնարկեց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Յոթ տարվա աշխատանքից հետո, 50 միլիարդ դոլար ընդհանուր ծախսերի արդյունքում ստեղված հսկայական օլիմպիական կենտրոնի եւ հսկայական երկրի համար գլխավոր փորձության ժամն է:
Առաջիկա 2.5 ժամվա ընթացքում Ռուսաստանը կփորձի հիացնել եւ զարմացնել ամբողջ աշխարհին՝ մոտ 3 միլիարդ հեռուստադիտողի: Ավանդույթի համաձայն, Խաղերը բացված կհայտարարի երկրի ղեկավարը: Օլիմպիական հիմնը կկատարի աշխարհահռչակ ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն: Արարողությունը 18 թեմատիկ գլուխներից է:
Թե ով կբոցավառի Խաղերի գլխավոր ջահը, գաղտնի է պահվում մինչեւ վերջին ակնթարթը: Առաջին տեղում լեգենդար հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակի թեկնածությունն է: Իսկ նախքան այդ տեղի կունենա մասնակիցների հանդիսավոր շքերթը: Սոչիում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:
Բացմանը ներկա են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը ռեկորդային են մասնակից երկրների թվով: Այս անգամ հայտավորված է 88 երկրի ներկայացուցիչ: 2010թ. Վանկուվերում ներկայացված էր 82 երկիր:
Օլիմպիական ծրագրի ընդլայնման շնորհիվ՝ 86-ից մինչեւ 98, ռեկորդային է նաեւ մասնակիցների թիվը՝ մոտ 2800 մարզիկ:
Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցուն են Մալթայի, Դոմինիկայի, Պարագվայի, Արեւելյան Թիմորի, Տոգոյի, Տոնգայի եւ Զիմբաբվեի ներկայացուցիչները:
Հայաստանն առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելել է 1994-ին: Խաղերն անցկացվել են Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում: Հայաստանը ներկայացել է երկու մարզիկով՝ Ժոզեֆ Ալմասյան եւ Քենեթ Թոփալյան (բոբսլեյ):
Ճապոնիայի Նագանո քաղաքում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերին (1998) Հայաստանը ներկայացել է 6 մարզիկով (4 մարզաձեւում). Ալլա Միքայելյան (դահուկավազք),Արսեն Հարությունյան (լեռնադահուկ), Արմեն Ռաֆայելյան (դահուկային ֆրիսթայլ), Ալեքսանդր Չեստնիխ (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Քսենյա Սմետանենկո (գեղասահք, մենապար):
2002-ին Խաղերն անցկացվեցին ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիում: Հայաստանից մասնակցել է 9 մարզիկ, կրկին 4 մարզաձեւում. Արսեն Հարությունյան (լեռնադահուկ),Վանեսա Ռաքեջյան (լեռնադահուկ), Ալեքսանդրու Ջորջոս եւ Դանիել Ջանջիգյան (բոբսլեյ), Արամ Հաջիյան (դահուկավազք),Մարգարիտա Նիկոլյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք),Արտյոմ Զնաչկով (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Յուլյա Լեբեդեւա (գեղասահք, մենապար):
Իտալիայի Թուրին քաղաքում կայացած Խաղերին (2006) Հայաստանը ներկայացրել է 4 մարզիկ՝ 3 մարզաձեւում. Վազգեն Ազրոյան (գեղասահք),Աբրահամ Սարկախյան (լեռնադահուկ), Էդմոնդ Խաչատրյան (լեռնադահուկ), Հովհաննես Սարգսյան (դահուկավազք):
2010թ. Վանկուվերի Խաղերին Հայաստանը ներկայացավ կրկին 4 մարզիկով, այս անգամ 2 մարզաձեւում. Արսեն Ներսիսյան (լեռնադահուկ), Անի-Մաթիլդա Սերեբրակյան (լեռնադահուկ), Սերգեյ Միքայելյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք):
2012-ին ստեղծված NEWS.am Sport-ի համար սա առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն են, եւ այն լուսաբանում ենք օլիմպիական մայրաքաղաքից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.