13:46  ,  31 հունվարի, 2014

Սոչի-2014. Կատյա Գալստյան. Խաղերում Հայաստանը ներկայացնելը կյանքիս կարեւոր քայլն է, որը պարտավոր եմ լավ անել

Օլիմպիական խաղերին մասնակցելը եւ Հայաստանը ներկայացնելը կյանքիս կարեւոր քայլն է, որը պարտավոր եմ անել ու լավ անել: Փորձելու եմ մասնակցել շատ լավ, այնքան, որքան հնարավորություններս, ունակություններ, կարողություններս, սովորածս, մարզվածս ու ամենակարեւորը մարզավիճակս թույլ կտան: Բնական է, որ չեմ կարող առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար պայքարել, դեռ դրա համար շատ անելիքներ կան: Բայց կփորձեմ լավագույն արդյունքս ցույց տալ

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկող  22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում դահուկավազքի կանանց մրցաշարում  Հայաստանի միակ ներկայացուցիչ, դահուկավազքի Հայաստանի առաջնության 10 կմ ազատ ոճի  չեմպիոն Կատյա Գալստյանը:

Կատյա Գալստյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 1-ին, Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Մարտաշեն գյուղում: Դահուկավազորդի մարզական կարիերան սկսել է 16 տարեկանից եւ մարզվում է արդեն 6 տարի:

Կատյա, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ձեռք բերելու կապակցությամբ, դու Հայաստանի միակ կին օլիմպիականն ես:

Շնորհակալ եմ: Ուրախ եմ, բայց միեւնույն ժամանակ նաեւ ոչ, քանի որ հավաքականում մյուս մեր դահուկավազորդուհիներն էլ կարող էին ինձ հետ հավասար դուրս գալ պայքարի: Այդ պահին բնականաբար շատ ուրախացա, որ իմացա՝ ես եմ ներկայացնելու Հայաստանը կանանց մրցաշարում, ֆեդերացիան ինձ է վստահում այդ մի ուղեգիրը: Անսպասելի էր, սակայն հոգուս խորքում մտածում էի, որ գուցե այս տարի ինձ վստահեն եւ հավատան մեր մարզիչներն ու ֆեդերացիայի անդամները: Ու այդպես էլ եղավ: Սա մեծ պատասխանատվություն է, քանի որ սպիտակ քարտով ուղեգիրը ենթադրում է , որ քեզանից սպասելիքներն ու հույսերը մեծ են եւ պետք է հնարավորինս արդարացնես այդ սպասելիքները:

16 տարեկանից ես սկսել զբաղվել այս մարզաձեւով: Ինչպե՞ս, ո՞ւմ խորհրդով ես ընտրել այս մարզաձեւը, եւ դեռ այդ ժամանակ ծրագրո՞ւմ էիր, որ մի օր պետք է մասնակցես Օլիմպիական խաղերին:

Ինձ այս մարզաձեւին ուղորդել է իմ մարզիչը եւ դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը: Նա այդ ժամանակ եկել էր մեր գյուղ, իր մարզիչի հանդիպելու, ով մեր գյուղից էր: Պատահական հանդիպեցի պարոն Սարգսյանին, այսինքն` նա ինձ տեսավ եւ ասաց` որ խորհուրդ կտար ինձ զբաղվեի դահուկավազքով:  Չգիտեմ ինչու այդպես հանկարծակի, ինչից ելնելով: Ես էլ որոշեցի փորձեմ: Ու այդպես սիրահարվեցի այս մարզաձեւին: Երբեք չէի մտածի, որ այնքան կտարվեմ այս մարզաձեւով, որ այն կդառնա ինձ համար մասնագիտություն, կարիերա, ես մի օր կմասնակցեմ Օլիմպիական խաղերին ու կմրցեմ աշխարհի ուժեղագույնների հետ: Դահուկավազքը դարձել է իմ կյանքը, առօրյան, օրվա հիմնական մասի զբաղմունքը: Հետագայում էլ ծրագրերս կապված են այս մարզաձեւի հետ, երբ արդեն ավարտեմ մարզիկի կարիերան, ինքս երեխաներ կհավաքեմ մեր գյուղից, շրջանից եւ կմարզեմ:

Ի՞նչ արդյունքներ ես գրանցել դահուկավազքում:

Մասնակցել եմ տարբեր վարկանիշային մրցաշարերի, մասնակցել եմ աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, պարբերաբար մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների: Արդյունքներս եղել են այն, որ լավ մասնակցություններ եմ ունեցել, վարկանիշային մրցումներից վարկանիշներ եմ հավաքել, ինչի շնորհիվ էլ միջազգային ֆեդերացիայի տրամադրած սպիտակ քարտով ուղեգիր մեր ֆեդերացիան վստահեց ինձ:

Ի՞նչ է քեզ համար Օլիմպիական խաղերին մասնակցելը: Ի՞նչ ակնկալիք ունես ինքդ քեզանից:

Դեռեւս չեմ պատկերացնում, սա իմ առաջին մասնակցությունն է եւ առաջին նման կարգի մեծ միջոցառման մասնակցությունը: Սա կյանքի կարեւոր քայլ է, որը պարտավոր եմ անել ու լավ անել: Փորձելու եմ մասնակցել շատ լավ, այնքան, որքան հնարավորություններս, ունակություններ, կարողություններս, սովորածս, մարզվածս ու ամենակարեւորը մարզավիճակս թույլ կտան: Բնական է, որ չեմ կարող առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար պայքարել, դեռ դրա համար շատ անելիքներ կան: Բայց կփորձեմ լավագույն արդյունքս ցույց տալ, որ մեր ժողովուրդն էլ մի փոքր ուրախանա, համոզված լինի, որ մենք էլ կարող ենք ինչ-որ արդյունք ցույց տալ ձմեռային Օլիմպիական խաղերում: Կարծում եմ լավ արդյունք ցույց տալը կուրախացնի բոլորին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով