14:24  +04,  21 հունվարի, 2014

Օլիմպիական Սերգեյ Միքայելյան. Երբեմն նույնիսկ մասնակցությունն արդեն նվաճում է

Ես ապրում եմ այս մարզաձեւով: Սոչիի Օլիմպիական խաղերից մրցանակային տեղերի, մեդալների ակնկալիքներ չունեմ, փորձելու եմ հնարավորինս լավ հանդես գալ: Վանկուվերի Խաղերի ժամանակ տարիքով փոքր էի, այժմ 21 տարեկան եմ, իսկ իմ տարիքում շատ մարզիկներ օլիմպիական չեմպիոններ են դառնում: Երազում եմ օլիմպիական չեմպիոն դառնալու մասին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2010թ. Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից, 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սերգեյ Միքայելյանը:

Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1993 թվականին, Ռուսաստանում: Մեծացել է Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում, որտեղ էլ սկսվել է հայ օլիմպիականի մարզական կարիերան: Սերգեյ Միքայելյանը հայ անվանի դահուկորդներ Արթուր եւ Ալլա Միքայելյանների որդին է: Անձնական մարզիչները ծնողներն են: Ավարտել է Երեւանի ֆիզիակական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այժմ ծառայում է զինված ուժերի սպորտային վաշտում:

Սերգեյ, դու առաջին հայ օլիմպիականն ես, ով նվաճեց Սոչի 2014-ի ուղեգիր: Ի՞նչ նշանակություն ու կարեւորություն ունի դա քեզ համար:

Ուրախ եմ եւ հպարտ, որ ինձ այս անգամ էլ հաջողվեց ձեռք բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մասնավորապես, ուրախ եմ, որ անձնական վարկանիշով կարողացա հասնել այդ բաղձալի ուղեգրին: Հպարտ եմ, որ պետք է այս խոշորագույն մարզական ստուգատեսում ներկայացնեմ Հայաստանը: Միայն թե անվստահ եմ արդյունքների հարցում, թե որքանով կկարողանամ ուրախացնել հայ ժողովրդին: Այս ամենին մեծ դժվարություններով եմ հասել: Երբեմն այնպես է ստացվում, որ նույնիսկ մասնակցությունն էլ արդեն ինչ-որ չափ նվաճում է, քանի որ ձմեռային մարզաձեւերում քիչ մասնակիցներ ենք ունենում Օլիմպիական խաղերում: Ես արդեն հաղթահարել եմ Օլիմպիական խաղերին մասնակցելու բարդությունը: Մնում է միայն արդյունքով վերադառնալը:

Ուրախ եմ, որ միայն դահուկային սպորտից չորս ուղեգիր ունենք, ուրախ եմ մեր մարզաձեւի համար, բայց նաեւ տխրում եմ, որ միայն այս մարզաձեւը կարող ենք ներկայացնել Օլիմպիական խաղերում:

Ե՞րբ եւ ինչպե՞ս ես սկսել մարզական կարիերադ:

Դահուկավազքով զբաղվում եմ 9 տարեկանից: 21 տարեկան եմ: Արդեն ուղիղ13 տարի զբաղվում եմ դահուկավազքով: Հայրս ու մայրս դահուկորդ են, իրենք են ինձ ուղղորդել այս մարզաձեւն ընտրելու հարցում. չնայած կարելի է ասել` ընտրություն էլ չունեի: Սակայն սերը դեպի այս մարզաձեւը միշտ ունեցել եմ, քանի որ միշտ տեսել եմ` ինչպես են ծնողներս անդադար մարզվում:

Ի՞նչն է քեզ գրավում դահուկավազքում: Ի՞նչ է քեզ համար դահուկային սպորտն առհասարակ:

Դա իմ կյանքն է, դրանով եմ ես ապրում: Ամեն օր ես իմ օրվա մեծ մասը նվիրում եմ դահուկին, մարզումներին:  Միայն մեկ օր եմ հանգստանում շաբաթվա մեջ: Չեմ կարող ասել, թե եթե չընտրեի դահուկային սպորտը, որ մարզաձեւով կզբաղվեի: Չեմ պատկերացնում իմ առօրյան եւ կյանքն առանց մարզումների, դահուկավազքի: Մարզիկներն առհասարակ ասում են, կամուսնան միայն օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո: Կուզենայի նման նպատակ իմ առջեւ ես էլ դնեի, բայց հույս չկա, որ մի օր կդառնամ օլիմպիական չեմպիոն: Այդ երազանքն ինձ շատ հեռու է թվում, այդ պատճառով անձնական կյանքս դասավորելը չեմ կապում մարզական կարիերայիս հասունացման հետ:

Ի՞նչ երազանք ունես այս պահին:

Երազանքներս կապված են միայն սպորտի հետ: Ինչպես բոլոր մարզիկների, այնպես էլ իմ գերագույն նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է: Բայց...

Սերգեյ, սա քո երկրորդ մասնակցությունն է Օլիմպիական խաղերին: Այս ժամանակահատվածը բավարա՞ր էր նախորդ Խաղերում ցույց տված արդյունքներդ բարելավելու եւ ավելի լավ արդյունքներով հանդես գալու համար:

Սա իմ երկրորդ մասնակցությունն է Օլիմպիական խաղերին: Կարծում եմ, այս չորս տարիները բավարար էին որոշակի առաջխաղացման համար: Փորձելու եմ անել հնարավորինս: Մինչ այդ ունեմ եւս մեկ շատ կարեւոր մրցաշար` աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը կայանալու է հունվարի 27-ից փետրվարի 2-ը Իտալիայում: Նախքան առաջնությունը եւ առաջնությունից հետո մարզումներս կանկացնեմ Աշոցքում` տանը: Մարզումներս անցկացնում եմ խիտ գրաֆիկով, դա մարզիչիս որոշումն է, որպեսզի լավ մարզավիճակում գտնվեմ Օլիմպիական խաղերում:

Ի՞նչ ակնկալիք ունես ինքդ քեզնից այս Օլիմպիական խաղերում:

Վանկուվերում փոքր էի տարիքով` 17 տարեկան էի: Այժմ 21 տարեկան եմ: Իմ տարիքում շատ մարզիկներ արդեն օլիմպիական չեմպիոններ են դարձել, մեդալակիրներ են եղել: Ճիշտ է, ես մեդալների ակնկալիքներ, հույսեր չունեմ, բայց մեծ հույսեր ունեմ լավագույն 30-ի մեջ մտնելու: Եթե նույնիսկ լավագույն 30-ի մեջ մտնեմ, դա կլինի իսկապես մեծ հաջողություն ինձ համար, քանի որ անցյալ Խաղերում 70-րդ տեղում էի: Սոչիում մրցելու եմ ուժեղագույնների հետ, այդ պատճառով ակնկալիքս միայն լավ մասնակցությունն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով




  • Լրահոս