14:24 21 հունվարի, 2014Ես ապրում եմ այս մարզաձեւով: Սոչիի Օլիմպիական խաղերից մրցանակային տեղերի, մեդալների ակնկալիքներ չունեմ, փորձելու եմ հնարավորինս լավ հանդես գալ: Վանկուվերի Խաղերի ժամանակ տարիքով փոքր էի, այժմ 21 տարեկան եմ, իսկ իմ տարիքում շատ մարզիկներ օլիմպիական չեմպիոններ են դառնում: Երազում եմ օլիմպիական չեմպիոն դառնալու մասին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2010թ. Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից, 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սերգեյ Միքայելյանը:
Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1993 թվականին, Ռուսաստանում: Մեծացել է Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում, որտեղ էլ սկսվել է հայ օլիմպիականի մարզական կարիերան: Սերգեյ Միքայելյանը հայ անվանի դահուկորդներ Արթուր եւ Ալլա Միքայելյանների որդին է: Անձնական մարզիչները ծնողներն են: Ավարտել է Երեւանի ֆիզիակական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այժմ ծառայում է զինված ուժերի սպորտային վաշտում:
Սերգեյ, դու առաջին հայ օլիմպիականն ես, ով նվաճեց Սոչի 2014-ի ուղեգիր: Ի՞նչ նշանակություն ու կարեւորություն ունի դա քեզ համար:
Ուրախ եմ եւ հպարտ, որ ինձ այս անգամ էլ հաջողվեց ձեռք բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մասնավորապես, ուրախ եմ, որ անձնական վարկանիշով կարողացա հասնել այդ բաղձալի ուղեգրին: Հպարտ եմ, որ պետք է այս խոշորագույն մարզական ստուգատեսում ներկայացնեմ Հայաստանը: Միայն թե անվստահ եմ արդյունքների հարցում, թե որքանով կկարողանամ ուրախացնել հայ ժողովրդին: Այս ամենին մեծ դժվարություններով եմ հասել: Երբեմն այնպես է ստացվում, որ նույնիսկ մասնակցությունն էլ արդեն ինչ-որ չափ նվաճում է, քանի որ ձմեռային մարզաձեւերում քիչ մասնակիցներ ենք ունենում Օլիմպիական խաղերում: Ես արդեն հաղթահարել եմ Օլիմպիական խաղերին մասնակցելու բարդությունը: Մնում է միայն արդյունքով վերադառնալը:
Ուրախ եմ, որ միայն դահուկային սպորտից չորս ուղեգիր ունենք, ուրախ եմ մեր մարզաձեւի համար, բայց նաեւ տխրում եմ, որ միայն այս մարզաձեւը կարող ենք ներկայացնել Օլիմպիական խաղերում:
Ե՞րբ եւ ինչպե՞ս ես սկսել մարզական կարիերադ:
Դահուկավազքով զբաղվում եմ 9 տարեկանից: 21 տարեկան եմ: Արդեն ուղիղ13 տարի զբաղվում եմ դահուկավազքով: Հայրս ու մայրս դահուկորդ են, իրենք են ինձ ուղղորդել այս մարզաձեւն ընտրելու հարցում. չնայած կարելի է ասել` ընտրություն էլ չունեի: Սակայն սերը դեպի այս մարզաձեւը միշտ ունեցել եմ, քանի որ միշտ տեսել եմ` ինչպես են ծնողներս անդադար մարզվում:
Ի՞նչն է քեզ գրավում դահուկավազքում: Ի՞նչ է քեզ համար դահուկային սպորտն առհասարակ:
Դա իմ կյանքն է, դրանով եմ ես ապրում: Ամեն օր ես իմ օրվա մեծ մասը նվիրում եմ դահուկին, մարզումներին: Միայն մեկ օր եմ հանգստանում շաբաթվա մեջ: Չեմ կարող ասել, թե եթե չընտրեի դահուկային սպորտը, որ մարզաձեւով կզբաղվեի: Չեմ պատկերացնում իմ առօրյան եւ կյանքն առանց մարզումների, դահուկավազքի: Մարզիկներն առհասարակ ասում են, կամուսնան միայն օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո: Կուզենայի նման նպատակ իմ առջեւ ես էլ դնեի, բայց հույս չկա, որ մի օր կդառնամ օլիմպիական չեմպիոն: Այդ երազանքն ինձ շատ հեռու է թվում, այդ պատճառով անձնական կյանքս դասավորելը չեմ կապում մարզական կարիերայիս հասունացման հետ:
Ի՞նչ երազանք ունես այս պահին:
Երազանքներս կապված են միայն սպորտի հետ: Ինչպես բոլոր մարզիկների, այնպես էլ իմ գերագույն նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է: Բայց...
Սերգեյ, սա քո երկրորդ մասնակցությունն է Օլիմպիական խաղերին: Այս ժամանակահատվածը բավարա՞ր էր նախորդ Խաղերում ցույց տված արդյունքներդ բարելավելու եւ ավելի լավ արդյունքներով հանդես գալու համար:
Սա իմ երկրորդ մասնակցությունն է Օլիմպիական խաղերին: Կարծում եմ, այս չորս տարիները բավարար էին որոշակի առաջխաղացման համար: Փորձելու եմ անել հնարավորինս: Մինչ այդ ունեմ եւս մեկ շատ կարեւոր մրցաշար` աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը կայանալու է հունվարի 27-ից փետրվարի 2-ը Իտալիայում: Նախքան առաջնությունը եւ առաջնությունից հետո մարզումներս կանկացնեմ Աշոցքում` տանը: Մարզումներս անցկացնում եմ խիտ գրաֆիկով, դա մարզիչիս որոշումն է, որպեսզի լավ մարզավիճակում գտնվեմ Օլիմպիական խաղերում:
Ի՞նչ ակնկալիք ունես ինքդ քեզնից այս Օլիմպիական խաղերում:
Վանկուվերում փոքր էի տարիքով` 17 տարեկան էի: Այժմ 21 տարեկան եմ: Իմ տարիքում շատ մարզիկներ արդեն օլիմպիական չեմպիոններ են դարձել, մեդալակիրներ են եղել: Ճիշտ է, ես մեդալների ակնկալիքներ, հույսեր չունեմ, բայց մեծ հույսեր ունեմ լավագույն 30-ի մեջ մտնելու: Եթե նույնիսկ լավագույն 30-ի մեջ մտնեմ, դա կլինի իսկապես մեծ հաջողություն ինձ համար, քանի որ անցյալ Խաղերում 70-րդ տեղում էի: Սոչիում մրցելու եմ ուժեղագույնների հետ, այդ պատճառով ակնկալիքս միայն լավ մասնակցությունն է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.