14:16  ,  18 հունվարի, 2014

Միխայել Շումախերի վիճակն այլեւս կրիտիկական չէ

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակն արդեն կրիտիկական չէ: Դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Մերիբելի լեռնադահուկային մրցուղիում գանգուղեղային ծանր վնասվածք ստանալու հետեւանքով կոմայի մեջ գտնվող նախկին ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը հերթական հայտարարությունում նրա կյանքին սպառնալիքների մասին արդեն չի խոսել, հաղորդում է abendblatt.de-ն: Նա նշել է, որ Գրենոբլի հիվանդանոցում մատուցվում է հնարավոր առավելագույն որակյալ բուժծառայություն եւ վստահում են բուժող բժիշկներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Միխայել Շումախերի տիբեթյան ապարանջանը գտել էին   ողբերգության վայրում: Մերիբելի լեռնադահուկային կայանի աշխատակիցները կարողացել են գտնել ապարանջանը, որը Շումախերին նվիրել էր կինը՝ Կորինան, հաղորդում է L'Equipe-ը:

Շամբալայի ապարանջանը երջանկության թալիսման էր 45-ամյա Շումախերի համար, որը մրցումների ժամանակ բազմիցս ենթարկվել է վթարների, սակայն բոլորն էլ բարեհաջող ավարտ են ունեցել:

Դեկտեմբերի 29-ից հետո Կորինա Շումախերը ապարանջանը փնտրել էր լեռնադահուկային մրցուղիում, ուղղաթիռում, հիվանդանոցում, սակայն չէր գտել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում