20:15  ,  15 հունվարի, 2014

Գագիկ Սարգսյան. Հայաստանը կարող է ունենալ երեք օլիմպիական դահուկային սպորտում

Փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կարող է ունենալ երեք մասնակից դահուկային սպորտի մրցաշարում` վարկանիշ նվաճած երկու տղամարդ եւ մեկ կին` սպիտակ քարտով: Ամեն ինչ կորոշվի Ծաղկաձորում կայացած դահուկավազքի Հայաստանի առաջնության արդյունքներով:

Այս պահին Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Սերգեյ Միքայելյանը: Հունվարի 20-ին պարզ կլինի միջազգային ֆեդերացիայի որոշումը, թե քանի ուղեգիր կունենա Հայաստանը դահուկային սպորտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Պարոն Սարգսյանը, փաստորեն Հայաստանի միակ հույսը Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին Սերգեյ Միքայելյանը չէ: Ինչպե՞ս, ո՞ւմ կողմից է որոշվելու հավակնորդներին ուղեգրեր ձեռք բերելու հնարավորություն տալը:

Հայաստանի առաջնությունը դահուկային սպորտի ամենախոշոր ստուգատեսն է: Մասնակցում են Հայաստանի ուժեղագույն մարզիկները բոլոր տարածաշրջաններից, որտեղ ունենք դահուկավազք: Հիմնական ստուգատեսն է, որտեղ ամփոփում ենք մեր կատարած աշխատանքները, մարզիչների կատարած աշխատանքները եւ արդյունքում որոշվում են, թե մարզիկներից ովքեր պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, Եվրոպայի առաջնությանը, տարբեր միջազգային մրցաշարերի եւ ամենակարեւորը Օլիմպիական խաղերին: Արդեն ունենք մեկ ուղեգիր` Սերգեյ Միքայելյանի վարկանիշների շնորհիվ եւ հնարավորություն ունենք եւս երկու ուղեգիր ստանալ:

Նշեմ, որ դահուկային սպարտում առաջին անգամ մեր դահուկորդները ուղեգրով են մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի առաջնության մրցումների արդյունքում մենք կարող ենք ունենալ նաեւ երկրորդ ուղեգիրը, այսինքն վարկանիշային միավորներին կգումարվի այս վարկանիշային միավորները եւ մեր տղաներից մեկը իրավունք կվաստակի մասնակցել Օլիմպիական խաղերին:

Հայաստանի առաջնությունը վարկանիշային միավորներ է տալիս, ընդգրկված է  դահուկային սպորտի միջազգային  ֆեդերացիայի օրացույցում:

Ո՞վքեր են հավակնորդները:

Տղաներից ունենք 2 հավակնորդ` Արթուր Եղոյան եւ Թադեւոս Պողոսյան: Աղջիկների հարցում դեռեւս կդժվարանամ որեւէ կանխատեսում անել, քանի որ  դա արդեն կորոշվի մոտ օրերս կայանալիք ֆեդերացիայի նախագահության նիստում: Երկու վարկանիշ բարելավելու դեպքում մենք ունենալու ենք եւս մեկ աղջիկ մասնակցի տեղ` սպիտակ քարտով: Առաջին  անգամ ունենալու ենք երեք մասնակից Օլիմպիական խաղերում: Բայց ամենաուրախալին այն է, որ առաջին անգամ ունենալու ենք մասնակիցներ, որոնք մասնակցելու են վարկանիշով:

Ի՞նչ սպասումներ ունեք դահուկորդների մասնակցությունից:

Կարծում եմ, որ օլիմպիադայից օլիմպիադա մենք գրանցելու ենք ավելի բարձր արդյունքներ, եւ տա Աստված դա տեսնենք նաեւ Սոչիում:

Մեր բոլորիս ակնկալիքը քայլ առաջն է: Իհարկե դեռեւս հեռու ենք մեդալներից, բայց մեր ամենամեծ ակնկալիքը արժանապատիվ մասնակցությունն է: Այս պահին մեզ համար դա է կարեւորը: 

Օրինակ` նախորդ Օլիմպիական խաղերում դահուկավազքում կրկին մասնակցել է Սերգեյ Միքայելյանը եւ ցույց է տվել բավարար մասնակցություն: Վստահ եմ, որ այս Օլիմպիական խաղերում Սերգեյի արդյունքերը անհամեմատ բարձր կլինեն:

Հայաստանի առաջնությունից հետո նա Իտալիայում հունվարի 27-ից փետրվարի 2-ը կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Սերգեյի մարզիչն այնպես է հաշվարկել նրա մարզումների ցանկը, որ Օլիմպիական խաղերին Սերգեյը գտվնի իր մարզավիճակի ամենաբարձր կետում:

Ձմեռային Օլիմպիական խաղերում, փաստորեն, Հայաստանի միակ հույսը դահուկորդներն են:

Մեր մազիկների մասով կարող եմ ասել, որ ուղղակի պետք է աշխատեն մարզիկները, մարզիչները, մեծ գործ ունի անելու ֆեդերացիան: Մյուս մարզաձեւերի հետ կապված չեմ կարող ասել, բայց այն ինչ այսօր մենք ունենք աշխատանքի արդյունք է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով