20:15 15 հունվարի, 2014Փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կարող է ունենալ երեք մասնակից դահուկային սպորտի մրցաշարում` վարկանիշ նվաճած երկու տղամարդ եւ մեկ կին` սպիտակ քարտով: Ամեն ինչ կորոշվի Ծաղկաձորում կայացած դահուկավազքի Հայաստանի առաջնության արդյունքներով:
Այս պահին Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Սերգեյ Միքայելյանը: Հունվարի 20-ին պարզ կլինի միջազգային ֆեդերացիայի որոշումը, թե քանի ուղեգիր կունենա Հայաստանը դահուկային սպորտում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։
Պարոն Սարգսյանը, փաստորեն Հայաստանի միակ հույսը Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին Սերգեյ Միքայելյանը չէ: Ինչպե՞ս, ո՞ւմ կողմից է որոշվելու հավակնորդներին ուղեգրեր ձեռք բերելու հնարավորություն տալը:
Հայաստանի առաջնությունը դահուկային սպորտի ամենախոշոր ստուգատեսն է: Մասնակցում են Հայաստանի ուժեղագույն մարզիկները բոլոր տարածաշրջաններից, որտեղ ունենք դահուկավազք: Հիմնական ստուգատեսն է, որտեղ ամփոփում ենք մեր կատարած աշխատանքները, մարզիչների կատարած աշխատանքները եւ արդյունքում որոշվում են, թե մարզիկներից ովքեր պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, Եվրոպայի առաջնությանը, տարբեր միջազգային մրցաշարերի եւ ամենակարեւորը Օլիմպիական խաղերին: Արդեն ունենք մեկ ուղեգիր` Սերգեյ Միքայելյանի վարկանիշների շնորհիվ եւ հնարավորություն ունենք եւս երկու ուղեգիր ստանալ:
Նշեմ, որ դահուկային սպարտում առաջին անգամ մեր դահուկորդները ուղեգրով են մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի առաջնության մրցումների արդյունքում մենք կարող ենք ունենալ նաեւ երկրորդ ուղեգիրը, այսինքն վարկանիշային միավորներին կգումարվի այս վարկանիշային միավորները եւ մեր տղաներից մեկը իրավունք կվաստակի մասնակցել Օլիմպիական խաղերին:
Հայաստանի առաջնությունը վարկանիշային միավորներ է տալիս, ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում:
Ո՞վքեր են հավակնորդները:
Տղաներից ունենք 2 հավակնորդ` Արթուր Եղոյան եւ Թադեւոս Պողոսյան: Աղջիկների հարցում դեռեւս կդժվարանամ որեւէ կանխատեսում անել, քանի որ դա արդեն կորոշվի մոտ օրերս կայանալիք ֆեդերացիայի նախագահության նիստում: Երկու վարկանիշ բարելավելու դեպքում մենք ունենալու ենք եւս մեկ աղջիկ մասնակցի տեղ` սպիտակ քարտով: Առաջին անգամ ունենալու ենք երեք մասնակից Օլիմպիական խաղերում: Բայց ամենաուրախալին այն է, որ առաջին անգամ ունենալու ենք մասնակիցներ, որոնք մասնակցելու են վարկանիշով:
Ի՞նչ սպասումներ ունեք դահուկորդների մասնակցությունից:
Կարծում եմ, որ օլիմպիադայից օլիմպիադա մենք գրանցելու ենք ավելի բարձր արդյունքներ, եւ տա Աստված դա տեսնենք նաեւ Սոչիում:
Մեր բոլորիս ակնկալիքը քայլ առաջն է: Իհարկե դեռեւս հեռու ենք մեդալներից, բայց մեր ամենամեծ ակնկալիքը արժանապատիվ մասնակցությունն է: Այս պահին մեզ համար դա է կարեւորը:
Օրինակ` նախորդ Օլիմպիական խաղերում դահուկավազքում կրկին մասնակցել է Սերգեյ Միքայելյանը եւ ցույց է տվել բավարար մասնակցություն: Վստահ եմ, որ այս Օլիմպիական խաղերում Սերգեյի արդյունքերը անհամեմատ բարձր կլինեն:
Հայաստանի առաջնությունից հետո նա Իտալիայում հունվարի 27-ից փետրվարի 2-ը կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Սերգեյի մարզիչն այնպես է հաշվարկել նրա մարզումների ցանկը, որ Օլիմպիական խաղերին Սերգեյը գտվնի իր մարզավիճակի ամենաբարձր կետում:
Ձմեռային Օլիմպիական խաղերում, փաստորեն, Հայաստանի միակ հույսը դահուկորդներն են:
Մեր մազիկների մասով կարող եմ ասել, որ ուղղակի պետք է աշխատեն մարզիկները, մարզիչները, մեծ գործ ունի անելու ֆեդերացիան: Մյուս մարզաձեւերի հետ կապված չեմ կարող ասել, բայց այն ինչ այսօր մենք ունենք աշխատանքի արդյունք է:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.