21:24  ,  11 հունվարի, 2014

Լեւոն Արոնյան. Վուգար Գաշիմովի մահվան լուրը շատ ցավալի էր

Շատ տխուր եմ եւ ցավում եմ Վուգար Գաշիմովի մահվան համար, ասել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը: Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկած Tata Steel Chess շախմատային մրցաշարի առաջին տուրում հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ ոչ ոքի խաղալուց հետո ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարն անդրադարձել է ադրբեջանցի շախմատիստ Վուգար Գաշիմովին, ով 27 տարեկանում մահացել էր տեւական ծանր հիվանդության պատճառով:

«Տարօրինակ պարտիա ստացվեց: Մարդիկ ինձ համարում են մրցաշարի ֆավորիտ, իսկ ես կփորձեմ ցուցադրել լավագույն որակներս:

Վուգար Գաշիմովի մահվան լուրը շատ ցավալի էր: Ես գիտեի, որ նա ծանր առողջական վիճակում է: Մեծ տխրություն է, երբ որեւէ մեկը մահանում է այդ տարիքում, այն էլ՝ այդքան տաղանդավոր շախմատիստը: Գաշիմովի դեմ ունեցել եմ մի քանի հետաքրքիր պարտիաներ: Շատ տխուր եմ եւ ցավում եմ նրա մահվան համար»,- Արոնյանի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Tata Steel Chess-ում հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցն իտալացի Ֆաբիանո Կարուանան է, ով առաջին տուրում սպիտակներով հաղթել է իսրայելցի Բորիս Գելֆանդին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում