01:38  ,  8 հունվարի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» հերթական պարտությունը

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունաթեդը» 1:2 հաշվով պարտվեց Պրեմյեր լիգայի հետնապահ «Սանդերլենդին», որը չորրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել Լոնդոնի «Չելսիին»: Դաշտի տերերի հաղթական գնդակը 11 մետրանոց հարվածով խփեց իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինին, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է «Լիվերպուլին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Մանչեսթեր Յունաթեդը» դուրս էր մնացել Անգլիայի Գավաթից՝ պարտվելով ուելսյան «Սուոնսիին», որը պատմության մեջ առաջին անգամ հաղթեել է Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 22-ին Մանչեսթերում: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Վեստ Հեմը»:

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 

Ռայան Գիգզ, 45+2 (ինքնագոլ), Ֆաբիո Բորինի, 65 (11մ.) – Նեմանիա Վիդիչ, 52 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով