19:43  ,  30 դեկտեմբերի, 2013

Եվգենի Պլյուշչենկո. Ահաբեկիչները փորձում են ձախողել Սոչիի Օլիմպիական խաղերը

Վոլգոգրադի պայթյուններով ահաբեկիչները փորձում են ձախողել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացումը, ասել է գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, որը մանկությունն անցկացրել է Վոլգոգրադում:

«Ինձ համար ահաբեկչությունների մասին լուրը շոկ է: Խոսքեր չեմ գտնում: Բոլորը պետք է դիմանան այս փորձությանը: Մենք բոլորս Վոլգոգրադի հետ ենք: Սա ահավոր է: Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին: Պետք է միասնական լինենք, օգնենք իրար: Ահաբեկիչներին պետք է պատժել եւ ձեռնարկել բոլոր միջոցները: Ես Վոլգոգրադում ունեն ազգակիցներ՝ տատիկներ, քեռիներ, մորաքույրներ, եղբայրներ, քույրեր: Կարծում եմ՝ ահաբեկիչները փորձում են ձախողել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացումը: Բայց կարծում եմ, Օլիմպիական խաղերը տեղի կունենան ամեն դեպքում: Նոր եմ վերադարձել Սոչիում կայացած Ռուսաստանի առաջնությունից: Այնտեղ ոստիկանությունը, հատուկ ծառայությունները չափազանց պրոֆեսիոնալ են գործում: Օլիմպիադան հնարավոր չէ ձախողել: Այն կանցնի ամենաբարձր մակարդակով»,- Պլյուշչենկոյի խոսքը մեջբերում է LifeNews-ը:

Հիշեցնենք, որ մեկ օրվա ընթացքում Վոլգոգրադում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Պայթեցվել են երկաթուղային կայարանի գլխավոր շենքը եւ մեկ տրոյլեբուս: Զոհվել է 31, վիրավորվել ավելի քան 100 մարդ:

Եվգենի Պլյուշչենկոն Սոչիում մասնակցելու է գեղասահքի օլիմպիական թիմային մրցաշարին: Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով