13:52  ,  9 դեկտեմբերի, 2013

Կարեն Խաչանով՝ ռուսական թենիսի նոր ծագող աստղ. NEWS.am Sport-ի հարցազրույցը

17-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովի անունն արդեն մտավ ռուսական թենիսի պատմության մեջ։ Կարենը դարձավ Դեվիսի Գավաթին մասնակցած ամենաերիատասարդ թենիսիստը Ռուաստանի հավաքականի կազմում։ Մինչ այդ նա ստացել էր wild card իր առաջին մեծահասակների մրցաշարին՝ St. Petersburg Open-ին մասնակցելու համար։ Դրան նախորդել էր Կարենի հաղթանակը Եվրոպայի պատանեկան առաջնությունում։

Այժմ Խաչանովի հետ մեծ հույսեր են կապում։  Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ ու աշխարհի նախկին առաջին համար Եվգենի Կաֆելնիկովն իր թվիթերյան էջում գրել էր, որ ի հայտ է եկել Ռուսաստանի հավաքականի նոր առաջատար եւ այժմ կարելի է հանգիստ քնել։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Կարեն Խաչանովի հետ։

Կարեն, Դուք կիսով չափ հայ եք: Պատմեք Ձեր ընտանիքի մասին: Դուք դաստիարակվել եք ռուսական ոգո՞վ, թե՞ որոշ հայկական ավանդույթներ Ձեր ընտանիքում պահպանվել են: Եղե՞լ եք Հայաստանում:

Ես մեծ ընտանիք ունեմ: Մորս անունը Նատալյա է, հորս անունը՝ Աբգար, քրոջս անունը՝ Մարգարիտա. նա 12 տարեկան է, իսկ եղբորս անունը՝ Գեորգի (2 տարեկան, 3 ամսական): Քեռիս ՝ Ալեքսանդր Զայոնցը, հանդիսանում է իմ հովանավորը: Մանկուց Ռուդոլֆ ու Վալերա պապիկներս ինձ մի փոքր հայերեն են սովորեցրել:

Երեւանում եղել եմ երեք տարի առաջ՝ ամռանը, կուզեմ կրկին այցելել: Տպավորություններս շատ ջերմ էին։ Ես շատ եմ սիրում կովկասյան խոհանոցը։ Երբ Երեւանում էի, համտեսեցի  հայկական խոհանոցի ուտեստները։ Այդտեղ կարելի է շատ համեղ ուտել։ Հորս եւ պապուս հետ եղա էջմիածնի եկեղեցում եւ Սեւանա լճում։

Ասում են, որ Դուք շատ տաքարյուն անձնավորություն եք: Արմատնե՞ր են իրենց գործը անում, թե՞ մարզիկների մեծամասնությունն այդպիսին է:

Կարծում եմ, որ մեծամասնությունն այդպիսին է, բայց արմատներս նույնպես իրենց մասին հիշեցնում են:

Կարեն, Դուք ծնվել եք բժիշկների ընտանիքում, ովքեր նույնպես կուզեին, որ Դուք բժիշկ դառնայիք: Ո՞ր պահին Դուք հասկացաք, որ Ձեր կոչումը սպորտն է, եւ ե՞րբ Ձեր ընտանիքը համաձայնեց այդ որոշմանը:

Ծնողներս միշտ ասել են, որ ես զբաղվեմ այն գործով, որն ինձ դուր է գալիս: Դեռ վաղ հասակից սիրել եմ թենիս խաղալ: Չեմ կարող ճշգրիտ ասել, թե երբ եմ դա հասկացել, կարեւորն այն է, որ ես ցանկություն ունեմ դառնալ պրոֆեսիոնալ թենիսիստ:

Դուք Ռուսաստանի թենիսի պատմության մեջ դարձել եք ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ մարզիկը: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ելույթները Կրեմլի գավաթի մրցաշարում, որտեղ Դուք գտնվում էիք ուշադրության կենտրոնում:

Բնականաբար, իմ ելույթները շատ լավ եմ գնահատում:

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ ու աշխարհի նախկին առաջին համար Եվգենի Կաֆելնիկովը ասել է, որ Դուք 2015-ին կընդգրվեք համաշխարհային դասակարգման 20 թենիսիստների թվում: Ձեզ այդպիսի գովեստի խոսքերը ճնշու՞մ են, ամեն դեպքում դա պատասխանատվություն է:

Շատ հաճելի է նման բան լսել, բայց պետք է աշխատել դրա մասին քիչ մտածել: Ես ցանկանում եմ շարունակել թենիս խաղալ, հասնել նպատակներիս եւ խաղից հաճույք ստանալ՝ չմտածելով պատասխանատվության մասին:

Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը: Ո՞րն է Ձեր «արքայական» հարվածը:

Փոխանցումն ու աջ գծային հարվածը:

Ո՞վ է Ձեր կուռքը թենիսում: Անցյալի մեծագույն թենիսիստներից ո՞ւմ հետ կցանկանայիք խաղալ:

Իմ կուռքերն են Մարատ Սաֆինն ու Խուան Մարտին դել Պոտրոն: Կցանկանայի խաղալ Սաֆինի, Իվանիշեւիչի եւ Սամփրասի հետ:

Մոտ ապագայում, կարիերայի հետ կապված, ի՞նչ ծրագրեր ունեք:

Այժմ մարզվում եմ: Նախամրցաշարային մարզումներ եմ անցկացնում: Հաջորդ տարի պատրաստվում եմ մասնակցել մեծահասակների մրցաշարերին, Ռոլան Գարոսի եւ Ուիմբլդոնի պատանեկան մրցաշարերին:

Ո՞րն է Ձեր սիրած քաղաքը:

Մոսկվան իմ հարազատ քաղաքն է: Բայց ինձ դուր է գալիս այն քաղաքն ու երկիրը, որտեղ լավ եմ խաղում:

Սիրած կերակուրը:

Իտալական ու ճապոնական խոհանոց:

Բացի թենիսից, ի՞նչ մարզաձեւեր եք սիրում:

Բասկետբոլ, բայց հետեւում եմ նաեւ այլ մարզաձեւերի:

Կյանքի երազանքը:

Դառնալ աշխարհի առաջին համարը:

Կնոջ իդեալը։

Ամեն ոք ունի իր ճաշակն ու իդեալը:

Սիրած գիրքը:

Տարբեր են: Սիրում եմ սպորտի մասին գրքեր կարդալ:

Դերասանը, դերասանուհին:

Դժվար է ասել, շատ լավ ֆիլմեր ու դերասաններ կան:

Ռոլան Գարո՞ս, ԱՄՆ Օփե՞ն, Ավստրալիայի Օփե՞ն, թե՞ Ուիմբլդոն:

Ռոլան Գարոս, բայց բոլոր մեծ սաղավարտներն էլ տարբեր են, ամեն մեկը յուրովի սիրում եմ:

Նադա՞լ, Ջոկովի՞չ, թե՞ Ֆեդերեր:

Դել Պոտրո:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով