08:23  ,  27 ապրիլի, 2012

Հավաքականի մարզիչ. Դավթյանը թեթեւ դիրքային վրիպում ունեցավ

Չելյաբինսկում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականի երկու անվիճելի առաջատրներից 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Արմեն Նազարյանը մեդալ չնվաճեց: Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են հենց այս մարզիկները: Եվրոպայի առաջնության առաջին օրվանից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Գեւորգյանի հետ:

Պարոն Գեւորգյան, պարզ է, որ ոսկե մեդալը կլիներ իդեալական արդյունք, բայց արծաթն էլ պակաս արդյունք չէ Եվրոպայի առաջնությունում: Ի՞նչ կարծիքի եք:

Լիովին համաձայն եմ: Արծաթե մեդալը նման ներկայացուցչական մրցաշարում շատ բարձր արդյունք է: Մենք բացի մեդալ նվաճելուց հասկացանք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք: Իր նպատակին ծառայեց մինչեւ մրցաշարը Արմավիրում անցկացված հավաքը: Եզրափակիչում էլ Հովհաննես Դավթյանը ուղղակի թեթեւ դիրքային վրիպում ունեցավ, որն էլ վճռեց գոտեմարտի ելքը ռուս ձյուդոիստի օգտին, բայց դա շտկելի է: Համենայնդեպս մրցաշարի ընթացքում Հովհաննեսը, կարելի է ասել, բացարձակ առավելությամբ հաղթանակի հասավ իր մրցակիցների նկատմամբ: Ընդ որում` բոլորն էլ շատ հայտնի ու տիտղոսակիր մարզիկներ էին` թուրք Իսկանդեր  Օզկանօղլուն, վրացիներ Բետիկի Շուկվանին եւ Գեորգի Զանտարայան: Անկասկած մենք, հեռու նայելով, մտածում ենք Օլիմպիաական խաղերի մասին, ու եթե Հովհաննեսը շարունակի այսպես գոտեմարտել, կարծում եմ` ակնկալիքներ կունենանք նաեւ Լոնդոնում:

Իսկ ի՞նչ կասեք Արմեն Նազարյանի գոտեմարտերի մասին:

Արմենի գոտեմարտը վրացի ձյուդոիստի հետ շատ լարված պայքարում անցավ: Մեր մարզիկը նկատողություն ստացավ տատամիի վրայից դուրս գալու համար, հետո երկկողմանի նկատողություն տվեցին երկուսին էլ, ու վրացին ունեցավ յուկո: Արմենը հետագայում գցում կատարեց, որը իմ կարծիքով նույնպես արժանի էր յուկո գնահատականին, սակայն միավորը չտրվեց: Շատ դժգույն գոտեմարտ ստացվեց: Բայց Արմենը կարող է դեռեւս իր խոսքն ասել տատամիի վրա: Իսկ ապրիլի 27-ին արդեն մենք ակնկալիքներ ունենք Արտյոմ Բաղդասարյանից, ով հանդես է գալու 81 կգ քաշային կարգում:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով