Երկար ընդմիջումից հետո, երբ մոտեցա ծանրաձողին մի փոքր խորթ էր: Մեկ տարին երկար ժամանակ է դադարի համար:
Այդ մասին դեկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ծանրամարտի Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բազմակի մրցանակակիր, 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը:
«Ինչպես խոստացել էի, բալիկիս ծնունդից հետո վերադառնալու եմ մեծ սպորտ՝ վերադարձա: Արդեն 2,5 ամիս է մարզվում եմ եւ պատրաստվում եմ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ արդեն աշխարհի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
Կարողանում եմ համատեղել ընտանիքս եւ սպորտը: Սկեսուրս այդ հարցում ինձ շատ է օգնում:
Երկար ընդմիջումից հետո, երբ մոտեցա ծանրաձողին մի փոքր խորթ էր: Մեկ տարին երկար ժամանակ է դադարի համար: Անգամ 7 կգ բարձրացնելն էր դժվար: Հիմա արդեն 100 կգ բարձրացնում եմ:
Եվրոպայի առաջնությունում փորձելու եմ կրկնել իմ ցույց տված արդյունքը, եթե չստացվի մեդալ նվաճել, առջեւում աշխարհի առաջնությունն է:
Մարզիչս հավատում է ինձ եւ իմ ուժերին, երբ նա ասում է, որ ես կբարձրացնեմ ծանրաձողը, այդպես էլ լինում է: Նրան հարցնում էի, կկարողանամ արդյոք վերադառնալ եւ հաջողություններ գրանցել, նա ասաց՝ այո:
Վախը, որ կարող եմ ձախողվել, միշտ էլ կա, սակայն պետք է հավատալ սեփական ուժերին:
Կաշխատեմ բարձր պահել հայ ազգի անունը»,- ասաց նա:
Խոսելով որակազրկված ծանրորդների մասին՝ ծանրորդուհին նշեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ովքեր են որակազրկվել, բայց շատ եմ ցավում նրանց համար: Ընդհանրապես կարծում եմ, որ այդ դոպինգ ասվածը պետք է վերանա, որպեսզի մարզիկները արդար ուժով մրցեն»:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում