14:42  ,  25 ապրիլի, 2012

Կողմ եւ դեմ. «Ռեալ» - «Բավարիա»

Ապրիլի 25-ին Մադրիդի «Ռեալը» եւ Մյունխենի «Բավարիան» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կպայքարեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգրի համար:

NEWS.am Sport-ի «Կողմ եւ դեմ» անոնսային նախագծում այս անգամ «Ռեալին» ներկայացնում է Հակոբ Վարդանյանը, իսկ Վերա Մարտիրոսյանը պաշտպանում է «Բավարիայի» շահերը:

Հակոբ Վարդանյան. «Ռեալի» փաստաբան

1. Գոլ մրցակցի խաղադաշտում

Մյունխենում կայացած առաջին խաղում «Ռեալը» պարտվեց 1:2 հաշվով: Մեսութ Օզիլի գոլը կարող է վճռորոշ լինել այս դիմակայությունում: Կարելի է վստահ լինել, որ Մոուրինյոյի թիմը կխփի նաեւ տանը: Այս մրցաշրջանում միայն «Վալենսիան» է կարողացել հեռանալ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնից առանց գնդակ ընդունելու:  Հենց «Ռեալը» գրավի մրցակցի դարպասը` «Բավարիան» հետապնդողի դերում ստիպված կլինի անցնել հարձակման, ինչը համարավետ պայմաններ կստեղծի «Ռեալի» գերարագ ֆուտբոլիստների համար, որոնք ի վիճակի են ակնթարթորեն անցնել հակագրոհի:

2. «Բավարիայի» արտագնա մարզավիճակը

Այս մրցաշրջանում «Բավարիան» արտագնա հանդիպումներում, մեղմ ասած, չի փայլել: Յուպ Հայնկեսի թիմը Գերմանիայի առաջնությունում մրցակցի խաղադաշտում անցկացրած 16 հանդիպումներից 5-ում պարտություն է կրել` աններելի ցուցանիշ երկրի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի համար:

Չեմպիոնների լիգայում մյունխենցիները հաղթել են միայն երկու անգամ` «Վիլյառեալին» եւ «Մարսելին», որոնց միայն ծույլը չէր հաղթում: Սակայն ամեն անգամ, երբ «Բավարիայի» դեմ դուրս էր գալիս ամուր մրցակից Հայնկեսի թիմը բախվում էր տհաճությունների. ոչ ոքի Նեապոլում, պարտություն Մանչեսթերում եւ ֆիասկո Բազելում:

«Ես կարծում եմ` մադրիդցիների հետ հանդիպման վերջնամասում մեր բախտը շատ բերեց: Իհարկե, 2:1-ը լավ արդյունք է, բայց ես վախենում եմ, նույնիսկ, պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում Մադրիդում», - Ռոբենը գիտի, թե ինչ է ասում:

3. Չեմպիոնություն

Թիմերը հանդիպմանը մոտենում են հակադիր տրամադրությամբ: «Ռեալը» «Նոու Կամպում» հաղթեց «Բարսելոնային» եւ կդառնա Իսպանիայի չեմպիոն, եթե մինչեւ մայիս աշխարհի վերջը չլինի: Իսկ աստղային «Բավարիան» (Գերմանիայում այս թիմին անվանում են «Հոլիվուդ» ՖԱ) ազգային առաջնությունը տանուլ տվեց երիտասարդ ու համարձակ դորտմունդցիներին:

 Ոմանք կարող են հանդիմանել, թե գերմանացիներն ավելի շատ ուժ են խնայել, քանի որ Գերմանիայի առաջնությունում երկրորդ կազմով խաղացել են «Վերդերի» հետ: Իհարկե, այդպես է, բայց Սուպերլասիկոյում «Ռեալը» շատ թարմ տեսք ուներ եւ հոգնածության նշույլ չէր զգացվում: Բացի այդ, հանգստի չորս օրը բավարար է ուժերը վերականգնելու համար:

4. Պորտուգալացիները

4-5 տարի առաջ «Ռեալում» իշխում էին հոլանդացիները. Վան Նիստելռոյ, Վան դեր Վարտ, Սնեյդեր, Հունտելար, Դրենտե: Այժմ այդ տղաները ամենուր են, բացի Մադրիդից: Նրանց փոխարեն եկան նոր կուռքեր` ստիպելով մոռանալ հներին:

2010-ին «Ռեալը» գլխավորեց մեծագույն եւ ահավոր Ժոզե Մոուրինյոն: Ոմանք նրան սիրում են, մյուսները` ատում: Սակայն ոչ մի ադեկվատ մարդ չի կարող չընդունել, որ Մոուրինյոն ժամանակակից ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկն է: The Special One-ը սիրում է համարձակ հայտարարություններ անել: Բայց նա քչերից է, ով դրա իրավունքն ունի: «Ես ցանկանում եմ դառնալ առաջին մարզիչը, ում հաջողվել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել երեք թիմերի հետ», - եթե նա նպատակ է դրել` հավատացեք, որ կհասնի դրան:

«Ռեալի» մյուս առանցքային ֆիգուրը Ռոնալդուն է: Պորտուգալիայի հավաքականի ավագը ամեն անգամ ստիպված է ապացուցել, որ ինքը Մեսիից վատը չէ, որ ոչ ուժեղ մրցակիցների դեմ եւս լավն է, որ կարող է լինել առաջատար: «Բավարիայի» դեմ խաղում նա ստիպված կլինի այդ ամենն ապացուցել միաժամանակ: Այս անգամ նա նաեւ պետք է ապացուցի, որ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալը հետընթաց չէր` տիտղոս նվաճելու տեսանկյունից: Կրիշտիանու Ռոնալդուն միշտ է վտանգավոր, իսկ գերմոտիվացված Ռոնալդուն` կրկնակի վտանգավոր է:

Վերա Մարտիրոսյան. «Բավարիայի» փաստաբան

1. «Ռեալի» անցքերը

«Ռեալը» հզոր է հարձակման գծում, սակայն Արքայական ակումբի պաշտպանությունը թերություններից զերծ չէ: «Բավարիան» ցույց տվեց, որ ցանկանում է եւ խաղալու է հարձակողական ֆուտբոլ: «Բավարիայի» կազմը ոչնչով չի զիջում «Ռեալի» աստղային կազմին: Ֆրանկ Ռիբերին ապացուցեց, որ ամեն պահի կարող է խաղը վերցնել իր վրա, ինչն էլ արեց առաջին խաղակեսում: Նրան օգնում են Արյեն Ռոբենը եւ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու Մարիո Գոմեսը:

Բացի այդ, հարձակմանը կարող են օգնել Շվայնշտայգերն ու Մյուլլերը: Ի տարբերություն «Բարսելոնա» - «Չելսի» հանդիպման, այս զույգում երկու թիմերն էլ կարող են խաղալ հարձակողական ֆուտբոլ: Եթե «Բավարիան» կարողանա գնդակ խփել` «Ռեալի» գործը շատ բարդ կլինի: Իսկ «Ռեալի» դարպասը գրավելը ծանրագույն խնդիրներից չէ` հաշվի առնելով Մոուրինյոյի թիմի պաշտպանության անցքերը: Մյունխենում գերմանացիները բազմաթիվ այդպիսի անցքեր գտան: Երկու անգամ էլ խոցեցին Կասիլյասի դարպասը:

2. «Ալյանց Արենան» կանչում է…

Դեռ ոչ մի թիմի չի հաջողվել սեփական ստադիոնում խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, սակայն «Բավարիան» մտադիր է վերացնել այդ նզովքը: Մայիսի 19-ին եզրափակիչը կկայանա Մյունխենում: Տանը եզրափակիչ խաղալու ձգտումը լրացուցիչ ուժ կհաղորդի մյունխենցիներին:

3. Հոգնածություն

Ի տարբերություն «Ռեալի», «Բավարիայի» համար ազգային առաջնությունն ավարտված է: Ամբողջ հույսը Չեմպիոնների լիգան է: Այդ պատճառով «Վերդերի» հետ հանդիպումը չի կարող ազդած լինի «Բավարիայի» մարզավիճակի վրա, իսկ «Ռեալը» մեծ ուժեր ծախսեց Սուպերկլասիկոյում: Գերմանացիների մարզավիճակը պետք է որ ավելի լավը լինի:  

4. Վիճակագրություն

«Բավարիան» մադրիդյան ակումբի համար այնքան էլ հարմար մրցակից չէ: Թիմերը հանդիպել են 19 անգամ եւ 11 անգամ հաղթել են մյունխենցիները, երկու հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

«Բավարիան» նախորդ 7 փորձերից 5-ում դուրս է եկել հաջորդ շրջան, եթե տանն անցկացրած առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով: Այսօրվա հանդիպման գլխավոր մրցավար, հունգարացի Վիկտոր Կոշոին սպասարկել է «Բավարիայի» մասնակցությամբ երկու հանդիպում, երկու դեպքում էլ հաղթել են գերմանացիները:

5. Վրեժ…

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը 1997-98 թվականների մրցաշրջանում «Ռեալին» 32 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթ պարգեւեց` Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելով «Յուվենտուսին», սակայն Իսպանիայի առաջնությունում 4-րդ տեղը գրավելու պատճառով Հայնկեսը պաշտոնանկ արվեց:

Այժմ հնարավորություն կա վրեժխնդիր լինել անհարգալից վերաբերմունքի համար:

Նույն մոտիվացիան կարող է ունելալ Արյեն Ռոբենը: Արքայական ակումբի շատ երկրպագուներ վստահ են, որ ղեկավարության ամենամեծ սխալը Ռոբենին վաճառելն էր: Հոլանդացին կարճ ժամանակում հարվարվել էր թիմին, լավ խաղ էր ցուցադրում, սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այլ ծրագրեր ուներ: Ռոբենը հայտնվեց «Բավարիայում», որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այսօր Ռոբենը մեծ ցանկություն կունենա փչացնել իրեն թերագնահատած Պերեսի տրամադրությունը:

Այդ ամենից բացի «Բավարիան» եւս մեկ վրեժխնդրության առիթ ունի: Երկու տարի առաջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հաղթեց  «Բավարիային»` զրկելով բաղձալի 5-րդ գավաթից:

Այսօր կարմիրները ապացուցելու շատ բան ունեն, վրեժխնդրությունն էլ ուժեղ մոտիվատոր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով