08:18  ,  25 ապրիլի, 2012

Կայսրության մայրամուտը. «Բարսելոնան»` Դի Մատեոյի 9-0-0 տակտիկական սխեմայի զոհ

«Բարսելոնան» ուժեղ է, «Բարսելոնան» պետք է հաղթի: Թերեւս այս կարծիքին են լինում ֆուտբոլային մասնագետները, որոնց հարցնում են կատալոնական ակումբի առաջիկա հանդիպման մասին: Երեւի, անցան այն ժամանակները, երբ բոլորին զարմանք ու հիացմունք էր պատճառում Խոսեպ Գվարդիոլայի թիմի խաղը: Այսօր երկրպագուները պահանջում են հաղթանակ, որը թանկ է գեղեցիկ, բայց անարդյունք խաղից: Այո, «Բարսելոնան» անկրկնելի է, «Բարսելոնան» անօրինակ թիմ է ֆուտբոլի պատմության մեջ, սակայն ո՞ւմ է հետաքրքրում այդ գեղեցիկ ֆուտբոլը, եթե թիմը չի կարողանում հաղթել վճռական խաղերում: 

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով պարտվեց «Չելսիին»: «Բարսելոնան» մի շարք գոլային պահեր ունեցավ առաջին խաղում: Դրանից հետո բոլորը խոսում էին մարզական հաջողության մասին, որն օգնեց լոնդոնցիներին: Պատասխան խաղից առաջ մեծամասնության կարծիքն էր. «Չելսին» չի կարող դիմադրել «Նոու Կամպում»: Սակայն «Չելսին» արժանի դիմադրություն ցույց տվեց ֆուտբոլային հսկային, այն էլ 10 ֆուտբոլիստներով:

Պատասխան խաղում Գվարդիոլան մի քանի տակտիկական փոփոխություններ էր կատարել: Չկային եզրային պաշտպաններ Ալվեշն ու Ադրիանոն: «Բարսելոնան» խաղում էր երեք պաշտպաններով, իսկ առաջին խաղակեսի միջնամասում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Խերերդ Պիկեն, ով պետք է երկորդ հարկում դիմադրեր բարձրահասակ անգլիացիներին: Առջեւի գծում նորից ինչ-որ բան չէր բավականացնում «Բարսելոնային»:

Առաջին խաղում կատալոնացիները չկարողացան օգտագործել գոլային պահերը, իսկ պատասխան մրցավեճում Գվարդիոլայի թիմը դժվարությամբ էր մոտենում մրցակցի դարպասին, չնայած մրցակիցն էլ ընդհանրապես չէր մտածում սեփական տուգանային հրապարակից դուրս գալու մասին: Տակտիկական փոփոխությունների շնորհիվ Գվարդիոլան փորձել էր առաջ քաշված մեկ հարձակվողի դուրս բերել խաղադաշտ, սակայն Ալեքսիս Սանչեսը ոչնչով չօգնեց իր թիմին: Չիլիացին ֆիզիկապես ներկա էր խաղադաշտում, սակայն նրա խաղը միայն ստվեր էր գցում «Բարսելոնայի» գրոհների վրա: Ինյեստան տեղափոխվել էր ձախ եզր, ինչը դժվարեցրեց Չավիի գործը դաշտի կենտրոնում: Շարունակ խոսվում է Չավի - Ինյեստա զույգի մասին: «Բարսելոնայի» միջին գծում խաղում է նաեւ Սերխիո Բուսկետսը, որը չի կարողանում Չավիի պես գրոհներ կազմակերպել, Ինյեստայի պես փոխանցումներ կատարել, Մեսիի պես շրջանցել անշարժ առարկաներ թվացող մրցակիցներին, սակայն նրա դերը ամենեւին էլ փոքր չէ թիմի վերջնական հաջողությունում: Հենց Բուսկետսն է սկսում «Բարսելոնայի» բոլոր գրոհները, Բուսկետսն է կառավարում թիմի խաղը, երբ մրցակցի ամբողջ ուշադրությունը Մեսի - Չավի - Ինյեստա եռյակի վրա է: Իսպանացին գրեթե չի սխալվում, երբեք չի չարաշահում անհատական խաղը՝ փոխանցումները կատարելով ճիշտ ժամանակին:

«Չելսիի» կենտրոնական պաշտպանների զույգը գերազանց ֆուտբոլ էր խաղացել լոնդոնյան խաղում: «Նոու Կամպում» եւս սպասելիքները շատ մեծ էին Գերի Կեյհիլից եւ Ջոն Թերիից, սակայն առաջին խաղակեսի ընթացքում հյուրերի երկու կենտրոնական պաշտպանները լքեցին խաղադաշտը: Կեյհիլը վնասվածք ստացավ եւ, չնայած խաղալու մեծ ցանկությանը, այնուամենայնիվ լքեց խաղադաշտը, իսկ Թերին՝ լոնդոնցիների անփոխարինելի ավագն ու հենարանը, դրվագներից մեկում կոպիտ սխալ գործեց՝ հեռացվելով խաղադաշտից: Անգլիացին միտումնավոր հարվածեց Ալեքսիս Սանչեսին՝ մոռանալով, որ խաղադաշտում կան հինգ մրցավարներ, որոնք տեսնում են ամեն ինչ: Միգուցե, Սանչեսը մինչեւ այդ դրվագը հարվածել կամ վիրավորել էր Թերիին, սակայն լոնդոնցիների ավագը պետք է սադրանքի չենթարկվեր՝ իր թիմին թողնելով չափազանց ծանր կացության մեջ: Թերին կարող էր դառնալ լոնդոնցիների պարտության գլխավոր մեղավորը, սակայն թիմակիցներն աջակցեցին իրենց ավագին: Թերիի հեռացմանը հաջորդեց Ինյեստայի գոլը, ինչից հետո դժվար էր հավատալ, որ «Բարսելոնան» բաց կթողնի կիսով չափ ձեռք բերած հաջողությունը: Երկու գնդակի առավելություն, 10 ֆուտբոլիստներով խաղացող մրցակից, որը մնացել է առանց երկու առանցքային պաշտպանների. թվում էր՝ «Բարսելոնան» արդեն եզրափակիչում է: Սակայն իրադարձությունները շատ արագ զարգացան այլ ուղղությամբ:

Ինյեստայի գոլից րոպեներ անց հերթական անգամ համոզվեցինք, որ «Բարսելոնայի» պաշտպանությունը թերեւս ամենաթույլն է ուժեղագույն ակումբների մեջ: Լեմպարդի փոխանցումից հետո Ռամիրեսն առանց մեծ ջանքեր գործադրելու մոտեցավ «Բարսելոնայի» դարպասին եւ խփեց լոնդոնցիների առաջին ու չափազանց կարեւոր գնդակը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Այս գոլից հետո թիմերն ընդիջման գնացին: «Չելսիին» շատ էին հարկավոր այդ 15 րոպեները: Թիմի խաղը կարգավորելու լուրջ խնդիր կար: Պաշտպանության կենտրոնում խաղում էին Իվանովիչն ու փոխարինման մտած Բոսինգվան, որը եզրային պաշտպան է: Իսկ պաշտպանության աջ եզր էր տեղափոխվել բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսը:

Ընդմիջումից անմիջապես հետո Մեսին վրիպեց 11 մետրանոցից: Կատալոնացիները շատ հանգիստ էին գործում: Չստացվեց հիմա, կստացվի րոպեներ անց: Սակայն լոնդոնցիներն այլ ծրագրեր ունեին: Երկրորդ խաղակեսում «Չելսիի» կազմում չկային պաշտպաններ եւ հարձակվողներ: Ռոբերտո Դի Մատեոյի թիմը խաղում էր 9-0-0 տակտիկական սխեմայով: Բոլորը պաշտպանվում էին, բոլորը պատրաստ էին ամեն գնով պահպանել ցանկալի արդյունքը, որը եզրափակիչի բաղձալի ուղեգիր կպարգեւեր: Հիանալի հանդիպում անցկացրած Դիդյե Դրոգբան մտածում էր միայն պաշտպանության մասին: Կոտդիվուարցին գերազանց էր գործում նաեւ մրցակցի հարձակումների ժամանակ: «Չելսիի» կազմում դժվար է առանձնացնել որեւէ մեկին, բոլորն էլ հերոսներ են, բոլորն էլ արժանի էին հաղթանակի: Պետք չէ մոռանալ նաեւ Դի Մատեոյի գործոնը: Իտալացին հիանալի էր կառուցել թիմի խաղը պաշտպանությունում: Հանդիպման մեծ մասը 10 ֆուտբոլիստներով խաղացած «Չելսին» չէր վախենում ահեղ մրցակցից: Չափազանց անհաջող մեկնարկով մրցաշրջանը կարող է լավագույններից մեկը դառնալ «Չելսիի» համար: Եթե թիմը հաղթել է «Բարսելոնային», ուրեմն «Բավարիային» կամ «Ռեալին» հաղթել նույնպես կարող է:

«Բարսելոնան» երկրորդ ապտակը ստացավ: Իսպանիայի առաջնությունում չեմպիոն հռչակվելն այլեւս անիրական է թվում, իսկ Չեմպիոնների լիգա 2011/12-ն արդեն անցյալում է:

Մինչեւ հիմա ոչ մի ակումբի չի հաջողվել երկու անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում: Դա չհաջողվեց նաեւ պատմության լավագույն թիմերից մեկը համարվող «Բարսելոնային»: Երեւի, այդ բարձունքը անհասանելի է բոլորի համար:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում