00:38  ,  25 ապրիլի, 2012

«Բարսելոնան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը ոչ ոքի խաղաց Լոնդոնի «Չելսիի» հետ՝ 2:2: «Բարսելոնան» դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին նվազագույն հաշվով:

«Կամպ Նոու» ստադիոնում կայացած պատասխան հանդիպման առաջին իսկ րոպեից Խոսեպ Գվարդիոլայի թիմը բացահայտ առավելություն ուներ: Խաղի հաշիվը բացվեց 35-րդ րոպեին: Իսաակ Կուենկայի փոխանցումից հետո «Չելսիի» պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Սերխիո Բուսկետսն առաջ մղեց «Բարսելոնային»: Այս գոլից ընդամենը երկու րոպե անց «Չելսին» մնաց 10 խաղացողներով: Լոնդոնյան ակումբի ավագ Ջոն Թերին միտումնավոր հարվածեց «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ինչի համար անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Մինչ «Չելսիի» ֆուտբոլիստները փորձում էին կարգավորել խաղը պաշտպանությունում, Անդրես Ինյեստան եւս մեկ գնդակ ուղարկեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը՝ կրկնապատկելով կատալոնացիների առավելությունը: Թվում էր, թե կատալոնացիներին այլեւս ոչինչ չի խանգարի վստահ հաղթանակ տանել եւ դուրս գալ եզրափակիչ, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռամիրեսը գրավեց «Բարսելոնայի» դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Թիմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի ժամանակ՝ հօգուտ դաշտի տերերի:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Դիդյե Դրոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Սեսկ Ֆաբրեգասի նկատմամբ: Հանդիպման գլխավոր մրցավարը մի փոքր մտածելուց հետո 11 մետրանոց նշանակեց «Չելսիի» դարպասին: Գնդակին մոտեցավ Լիոնել Մեսին, սակայն արգենտինացու հարվածը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Չելսին» գրեթե դուրս չէր գալիս սեփական կիսադաշտից՝ պաշտպանվելով ամբողջ կազմով: «Բարսելոնան» մի քանի գոլային պահեր ունեցավ, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Լոնդոնցիները գերազանց էին պաշտպանվում, իսկ ավելացված ժամանակում նաեւ հավասարեցրին հաշիվը: Փոխարինման մտած Ֆերնանդո Տորեսի մեն-մենակ դուրս եկավ Վիկտոր Վալդեսի դեմ եւ առանց դժվարության խփեց «Չելսիի» երկրորդ գնդակը՝ վերջ դնելով կատալոնացիների բոլոր հույսերին: Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հասավ ցանկալի արդյունքի՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր:

Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Չելսի»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 0:1)

Բուսկետս, 35, Ինյեստա, 43 – Ռամիրես, 45, Տորես, 90+1

Հեռացում՝ Ջոն Թերի, 37 («Չելսի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում