12:31  ,  11 նոյեմբերի, 2013

«Спорт Экспресс». Ձմռանը Յուրա Մովսիսյանի համար իսկական որս կսկսվի

Այս պահին Մովսիսյանը ոչ միայն Ռուսաստանում հանդես եկող հայազգի լավագույն ֆուտբոլիստն է, այլեւ «Սպարտակի» լավագույն ռմբարկուն, թիմի լավագույն խաղացողը։ Նա լավագույններից մեկն է Ռուսաստանի առաջնությունում, գրում է ռուսական «Спорт Экспресс» կայքը՝ անդրադառնալով Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանին։

«Այժմ քչերը կհիշեն, որ 2012-ի դեկտեմբերին «Սպարտակում» տարաձայնություններ էին առաջացել Մովսիսյանին ձեռք բերելու վերաբերյալ։ Ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը բոլորին համոզեց իրականացնել այս տրանսֆերը։ Անկասկած, նա իրավացի էր։ 

Սա «Սպարտակի» կազմում Յուրայի երկրորդ հեթ-տրիկն է։ Առաջինն «Թերեկի» հետ մեկնարկային խաղում էր։ Մրցաշրջանի սկզբնամասում նա զիջում էր Էմանուել Էմենիկեին, սակայն աշնանը հայ հարձակվողը սկսեց գերազանց ֆուտբոլ ցուցադրել։

Անկասկած, Յուրան կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում։ Երբեք նա այսքան շատ գոլերի հեղինակ չի դարձել։ Ավելի վաղ Մովսիսյանին բնութագրում էին որպես արագ, ուժեղ եւ համառ հարձակվողի, որը շատ է աշխատում, սակայն երբեք աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ եւ գրավում է միջակ եւ հետնապահ թիմերի դարպասը։ Այժմ հակառակ պատկերն է. ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման եւ դարձել 14 գոլի հեղինակ։ Վերջին 9 խաղերում նա աչքի է ընկել 9 անգամ։ Հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Յուրան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման, դարձել 4 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ աչքի ընկնելով Դանիայի, Բուլղարիայի եւ Իտալիայի հետ խաղերում։

Թվում է, որ այսպիսի արդյունավետությունը Մովսիսյանի համար սովորական երեւույթ է։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա «Սպարտակը» ձմռանը մեծ խնդիրներ կունենա. դժվար կլինի պահել Մովսիսյանին, քանի որ նրա համար իսկական որս կսկսվի»,- գրում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Զենիթի» հետ խաղում Մովսիսյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում