16:44  ,  9 նոյեմբերի, 2013

Մոտոկրոսի տարվա ամփոփիչ մրցաշարը՝ «Վիվառոյի» եւ Royal Armenia-ի աջակցությամբ (ֆոտո)

Քանաքեռի «Ավտո-մոտո» ակումբում ավարտվեց մոտոկրոսի Հայաստանի 2013թ. 7-րդ եզրափակիչ մրցաշարը՝ նվիրված արցախյան ազատամարտի հերոսներին:

2013-ին Հայաստանում անցկացվել է մոտոկրոսի 7 մրցաշար: Royal Armenia-ի եւ «Վիվառո Բեթինգի» հովանու ներքո անցած եզրափակիչ մրցաշարին մասնակցեցին 15 մարզիկներ:

Մրցումներն անցկացվեցին երկու դասում՝ 125սմᵌ  եւ 250-500սմᵌ: 125սմᵌ դասում հաղթեց Հրանտ Սարգիսովը, իսկ 250-500սմᵌ դասում առաջին տեղը գրավեց Կարեն Մխիթարյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հրանտ Սարգիսովն ամփոփեց ընթացիկ մրցումային տարին եւ խոսեց սպասելիքների մասին:

«Այս տարի մասնակցել եմ բոլոր՝ 7 մրցաշարերին՝ տանելով 6 հաղթանակ: Կարծում եմ՝  հնարավորություն ունեի հաղթելու նաեւ 7-րդ գավաթը, սակայն Արտաշատի բաց առաջնության ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացա հաղթել: Այնուամենայնիվ, ինձ չեմ համարում հանրապետության ուժեղագույն մոտոարշավորդը: Ինձանից ուժեղ մարզիկ կա, պարզապես նրա բախտը միշտ չի բերում տեխնիկայի հարցում:

Մրցակցությունը գնալով մեծանում է: Ավելի երիտասարդ տղաներ են սկսում զբաղվել մոտոսպորտով: Նախորդ տարիների համեմատ շատացել է նաեւ մրցումների քանակը եւ դա, իհարկե, օգուտ է բոլոր մասնակիցներին: Եթե նախկինում տարվա մեջ ամենաշատը 3 մրցում էր լինում, ապա այս տարի ունեցանք 7 մրցաշար:

«Վիվառո բեթինգի» հովանավորությամբ մասնակցել եմ նաեւ Վրաստանում անցկացված երեք մրցման, որից երկուսում հաղթել եմ, իսկ երրորդում տեխնիկական խնդիրների պատճառով չեմ վարել: 

Իմ անմիջական հովանավորը՝ «Վիվառո բեթինգը», խոստացել է հաջորդ տարի ինձ համար գնել նոր մոտոցիկլ: Կարծում եմ՝ նոր տեխնիկան ավելի լայն հորիզոններ կբացի իմ առջեւ»,- զրույցում ասաց Սարգիսովը:

«Վիվառո բեթինգ» ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանը նույնպես ամփոփեց 2013-ը՝ նշելով, որ յուրաքանչյուր մրցաշար տոն է իրենց համար:

«2013-ի արդյունքներն ինձ շատ գոհացրին: Հրանտ Սարգիսովը, ում մենք հովանավորում ենք, հաղթեց գրեթե բոլոր մրցումներում: Հաշվի առնելով այս մարզաձեւի մասսայականությունը Հայաստանում՝ սա մեզ համար պարզապես իրադարձություն էր, որին մեծ սիրով մասնակցում եւ աջակցում էինք: Բոլոր 7 մրցումները մեզ համար տոնախմբություն էին»,- նշեց Համբարձումյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ «Վիվառո բեթինգն» իր թիմը համալրի եւս մեկ մարզիկով, Հարություն Համբարձումյանն ասաց. «Այժմ միայն Հրանտն է: Ուրախ կլինենք թիմում տեսնել եւս մեկ մասնակից: Սակայն այս պահին միայն նա է»:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English