16:44 9 նոյեմբերի, 2013Քանաքեռի «Ավտո-մոտո» ակումբում ավարտվեց մոտոկրոսի Հայաստանի 2013թ. 7-րդ եզրափակիչ մրցաշարը՝ նվիրված արցախյան ազատամարտի հերոսներին:
2013-ին Հայաստանում անցկացվել է մոտոկրոսի 7 մրցաշար: Royal Armenia-ի եւ «Վիվառո Բեթինգի» հովանու ներքո անցած եզրափակիչ մրցաշարին մասնակցեցին 15 մարզիկներ:
Մրցումներն անցկացվեցին երկու դասում՝ 125սմᵌ եւ 250-500սմᵌ: 125սմᵌ դասում հաղթեց Հրանտ Սարգիսովը, իսկ 250-500սմᵌ դասում առաջին տեղը գրավեց Կարեն Մխիթարյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հրանտ Սարգիսովն ամփոփեց ընթացիկ մրցումային տարին եւ խոսեց սպասելիքների մասին:
«Այս տարի մասնակցել եմ բոլոր՝ 7 մրցաշարերին՝ տանելով 6 հաղթանակ: Կարծում եմ՝ հնարավորություն ունեի հաղթելու նաեւ 7-րդ գավաթը, սակայն Արտաշատի բաց առաջնության ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացա հաղթել: Այնուամենայնիվ, ինձ չեմ համարում հանրապետության ուժեղագույն մոտոարշավորդը: Ինձանից ուժեղ մարզիկ կա, պարզապես նրա բախտը միշտ չի բերում տեխնիկայի հարցում:
Մրցակցությունը գնալով մեծանում է: Ավելի երիտասարդ տղաներ են սկսում զբաղվել մոտոսպորտով: Նախորդ տարիների համեմատ շատացել է նաեւ մրցումների քանակը եւ դա, իհարկե, օգուտ է բոլոր մասնակիցներին: Եթե նախկինում տարվա մեջ ամենաշատը 3 մրցում էր լինում, ապա այս տարի ունեցանք 7 մրցաշար:
«Վիվառո բեթինգի» հովանավորությամբ մասնակցել եմ նաեւ Վրաստանում անցկացված երեք մրցման, որից երկուսում հաղթել եմ, իսկ երրորդում տեխնիկական խնդիրների պատճառով չեմ վարել:
Իմ անմիջական հովանավորը՝ «Վիվառո բեթինգը», խոստացել է հաջորդ տարի ինձ համար գնել նոր մոտոցիկլ: Կարծում եմ՝ նոր տեխնիկան ավելի լայն հորիզոններ կբացի իմ առջեւ»,- զրույցում ասաց Սարգիսովը:
«Վիվառո բեթինգ» ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանը նույնպես ամփոփեց 2013-ը՝ նշելով, որ յուրաքանչյուր մրցաշար տոն է իրենց համար:
«2013-ի արդյունքներն ինձ շատ գոհացրին: Հրանտ Սարգիսովը, ում մենք հովանավորում ենք, հաղթեց գրեթե բոլոր մրցումներում: Հաշվի առնելով այս մարզաձեւի մասսայականությունը Հայաստանում՝ սա մեզ համար պարզապես իրադարձություն էր, որին մեծ սիրով մասնակցում եւ աջակցում էինք: Բոլոր 7 մրցումները մեզ համար տոնախմբություն էին»,- նշեց Համբարձումյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ «Վիվառո բեթինգն» իր թիմը համալրի եւս մեկ մարզիկով, Հարություն Համբարձումյանն ասաց. «Այժմ միայն Հրանտն է: Ուրախ կլինենք թիմում տեսնել եւս մեկ մասնակից: Սակայն այս պահին միայն նա է»:
Շուշանիկ Հակոբյան




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.