18:30  ,  8 նոյեմբերի, 2013

Սեբաստիան Ֆետելը «գրոհում» է Միխայել Շումախերի վրա

Ֆորմուլա-1-ում, երբ ժամկետից շուտ ես դառնում աշխարհի չեմպիոն, հետագա մրցելույթներդ զուտ վիճակագրական ցուցանիշները բարելավելու նպատակ ունեն: Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը կարող էր ձախողել Աբու Դաբին: Նա արդեն «վերցրել» է 2013-ը: Սակայն գերմանացի ավտոարշավորդին անհրաժեշտ են նաեւ փոքրիկ դափնիներ: Մինչ շարունակելը, տեղեկացնենք, որ նա աշխարհի ամենաերիտասարդ քառակի չեմպիոնն է: Այդ տիտղոսին Ֆետելը հասավ ընդամենը 26 տարեկան 133 օրականում: Ամենաերիտասարդ չեմպիոնի տիտղոսին հրաժեշտ տվեց Ֆորմուլա 1-ի առաջին սեւամորթ հրաշամանուկը՝ Լյուիս Հեմիլթոնը: Չեմպիոն դառնալու օրը անգլիացին Ֆետելից «ծեր» էր  167 օր:

Ավելորդ չէ թվարկել Աեբաստիանի բոլոր դափնիները, որոնց արդյունքում էլ Ֆորմուլա-1-ն այսօր ունի մի ֆենոմեն, որը բավական ժամանակ ունի «գահընկեց» անելու Արքայական ավտոսպորտի լեգենդին՝ Միխայել Շումախերին: Ֆետելը ամենաերիտասարդ ավտոարշավորդն է Ֆորմուլա-1-ում, որը միավորներ է վաստակել: 2007-ի հունիսի 17-ին Ինդիանապոլիսի Մեծ խաղարկությունում BMW Zauber-ում հանդես եկող Ֆետելը, որը 19 տարեկան 349 օրական էր, գրավեց 8-րդ տեղը վաստակելով 1 միավոր: Այդ «պաշտոնում» նա գահընկեց արեց Ջենսոն Բատոնին, որը 20 տարեկան 67 օրական էր, երբ Բրազիլիայում վաստակեց իր առաջին միավորը: 21 տարեկան 72 օրական Ֆետելը 2008-ին Իտալիայում դարձավ որակավորման մրցումների ամենաերիտասարդ առաջատարը: «Գահից» հեռացվեց 21 տարեկան 237 օրական Ֆերնանդո Ալոնսոն: Հաջորդ օրը Իտալիայում Ֆետելը դառնում է առանձին վերցրած մեկ Գրան Պրիի ամենաերիտասարդ հաղթողը: Նույն օրը Ֆորմուլա-1-ի ղեկավար Բերնի Էկլսթոունը կանխատեսում է, որ շատ շուտով Ֆետելը կդառնա աշխարհի չեմպիոն: Էկլսթոունը սպասեց ուղիղ երկու տարի երկու ամիս: Ֆետելի առաջին հաղթանակը բացառիկ էր նաեւ նրանով, որ եւ պոուլին, եւ հաջորդ օրվա հաղթանակին նա  հասավ Toro Rosso-ի բոլիդով, որը ոչ դրանից առաջ, ոչ էլ դրանից հետո այլեւս ոչ մի նվաճում չունեցավ: Հենց դրանից հետո նրան հայտնաբերեցին Red Bull-ի հավակնոտ մենեջերները, որոնք, ավտոարտադրողներ չլինելով, որոշեցին գրավել Ֆորմուլա-1-ը: Մինչ այդ նրանք թիմ էին հրավիրել բոլիդների լավագույն թերապեւտին՝ Էդրիան Նյուիին: 2009-ին Ֆետելը Red Bull-ի ղեկին հաղթում է երեք անգամ եւ փաստում, որ բոլիդը պատրաստ է տիտղոսներին: Հաջորդ տարվանից մինչեւ այսօր Red Bull-ը եւ Սեբաստիան Ֆետելը ոչ մի տիտղոս եւ զուտ վիճակագրական բնույթի ոչ մի դափնի ոչ մեկին չեն զիջում:

Դա արդեն հոգնեցրել է Ֆորմուլա-1-ի մենեջերներին: Նրանք խաղի կանոնների փոփոխություն են պահանջում եւ ադեն ստացել են: Հաջորդ տարի Ֆորմուլա-1 են վերադառնում տուրբոշարժիչները, որոնց մասին աշխարհի մեկ այլ քառակի չեմպիոն, ֆրանսահայ Ալեն Պրոստն արտահայտվել է այսպես. «Խաղի նոր կանոնները Ֆետելին կօգնեն պահպանել մոտիվացիան, ընդառաջ գնալ նոր մարտահրավերների: Red Bull-ի տեխնիկական դեպարտամենտի տնօրեն Էդրիան Նյուին նույնպես պետք է ուրախ լինի՝ նա իր առջեւ կարող է դնել նոր նպատակներ»: Պրոստն արտահայտվել է դիվանագիտորեն: Սովորական լեզվով ասած նա նոր հաղթողներ է ուզում։ Բոլորն արդեն խոսում են այն մասին, որ Ֆետելը հաղթում է բացառապես հաղթանակի դատապարտված բոլիդներով, իսկ ահա Ալոնսոն, որը կամային արշավորդ է ի տարբերություն Ֆետելի, չի կարողանում հաղթել: Պետք չէ մոռանալ, որ հաղթանակի դատապարտված բոլիդով էր հաղթում նաեւ Միխայել Շումախերը: Հենց Ferrari-ն որոշեց մի փոքր շունչ քաշել 2005-ին, անմիջապես կորցրեց տիտղոսը՝ այն զիջելով Renault-ի առաջին համար Ֆերնանդո Ալոնսոյին: Շումախերն Ալոնսոյին արժանի դիմադրություն ցույց տվեց արդեն 2006-ին: Ferrari 248 F1-ը լարվածությանը չդիմացավ, Ճապոնիայում շարժիչը շարքից դուրս եկավ եւ Իտալիայում իր կարիերայի ավարտի մասին հայտարարած Շումին չկարողացավ հեռանալ աշխարհի չեմպիոնի կարգավիճակում: Ի դեպ, ԱՄՆ-ի Մեծ խաղարկությունում, որը սպասվում է նոյեմբերի 17-ին, Ֆետելը կարող է վիճակագրական եւս մեկ դափնի վերցնել՝ նա կարող է հաղթել 8-րդ անգամ անընդմեջ՝ ստվերելով Միխայել Շումախերին, որը 2004-ին Ferrari 053-ի ղեկին հաղթել էր 7 անգամ անընդմեջ:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս