18:30 8 նոյեմբերի, 2013Ֆորմուլա-1-ում, երբ ժամկետից շուտ ես դառնում աշխարհի չեմպիոն, հետագա մրցելույթներդ զուտ վիճակագրական ցուցանիշները բարելավելու նպատակ ունեն: Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը կարող էր ձախողել Աբու Դաբին: Նա արդեն «վերցրել» է 2013-ը: Սակայն գերմանացի ավտոարշավորդին անհրաժեշտ են նաեւ փոքրիկ դափնիներ: Մինչ շարունակելը, տեղեկացնենք, որ նա աշխարհի ամենաերիտասարդ քառակի չեմպիոնն է: Այդ տիտղոսին Ֆետելը հասավ ընդամենը 26 տարեկան 133 օրականում: Ամենաերիտասարդ չեմպիոնի տիտղոսին հրաժեշտ տվեց Ֆորմուլա 1-ի առաջին սեւամորթ հրաշամանուկը՝ Լյուիս Հեմիլթոնը: Չեմպիոն դառնալու օրը անգլիացին Ֆետելից «ծեր» էր 167 օր:
Ավելորդ չէ թվարկել Աեբաստիանի բոլոր դափնիները, որոնց արդյունքում էլ Ֆորմուլա-1-ն այսօր ունի մի ֆենոմեն, որը բավական ժամանակ ունի «գահընկեց» անելու Արքայական ավտոսպորտի լեգենդին՝ Միխայել Շումախերին: Ֆետելը ամենաերիտասարդ ավտոարշավորդն է Ֆորմուլա-1-ում, որը միավորներ է վաստակել: 2007-ի հունիսի 17-ին Ինդիանապոլիսի Մեծ խաղարկությունում BMW Zauber-ում հանդես եկող Ֆետելը, որը 19 տարեկան 349 օրական էր, գրավեց 8-րդ տեղը վաստակելով 1 միավոր: Այդ «պաշտոնում» նա գահընկեց արեց Ջենսոն Բատոնին, որը 20 տարեկան 67 օրական էր, երբ Բրազիլիայում վաստակեց իր առաջին միավորը: 21 տարեկան 72 օրական Ֆետելը 2008-ին Իտալիայում դարձավ որակավորման մրցումների ամենաերիտասարդ առաջատարը: «Գահից» հեռացվեց 21 տարեկան 237 օրական Ֆերնանդո Ալոնսոն: Հաջորդ օրը Իտալիայում Ֆետելը դառնում է առանձին վերցրած մեկ Գրան Պրիի ամենաերիտասարդ հաղթողը: Նույն օրը Ֆորմուլա-1-ի ղեկավար Բերնի Էկլսթոունը կանխատեսում է, որ շատ շուտով Ֆետելը կդառնա աշխարհի չեմպիոն: Էկլսթոունը սպասեց ուղիղ երկու տարի երկու ամիս: Ֆետելի առաջին հաղթանակը բացառիկ էր նաեւ նրանով, որ եւ պոուլին, եւ հաջորդ օրվա հաղթանակին նա հասավ Toro Rosso-ի բոլիդով, որը ոչ դրանից առաջ, ոչ էլ դրանից հետո այլեւս ոչ մի նվաճում չունեցավ: Հենց դրանից հետո նրան հայտնաբերեցին Red Bull-ի հավակնոտ մենեջերները, որոնք, ավտոարտադրողներ չլինելով, որոշեցին գրավել Ֆորմուլա-1-ը: Մինչ այդ նրանք թիմ էին հրավիրել բոլիդների լավագույն թերապեւտին՝ Էդրիան Նյուիին: 2009-ին Ֆետելը Red Bull-ի ղեկին հաղթում է երեք անգամ եւ փաստում, որ բոլիդը պատրաստ է տիտղոսներին: Հաջորդ տարվանից մինչեւ այսօր Red Bull-ը եւ Սեբաստիան Ֆետելը ոչ մի տիտղոս եւ զուտ վիճակագրական բնույթի ոչ մի դափնի ոչ մեկին չեն զիջում:
Դա արդեն հոգնեցրել է Ֆորմուլա-1-ի մենեջերներին: Նրանք խաղի կանոնների փոփոխություն են պահանջում եւ ադեն ստացել են: Հաջորդ տարի Ֆորմուլա-1 են վերադառնում տուրբոշարժիչները, որոնց մասին աշխարհի մեկ այլ քառակի չեմպիոն, ֆրանսահայ Ալեն Պրոստն արտահայտվել է այսպես. «Խաղի նոր կանոնները Ֆետելին կօգնեն պահպանել մոտիվացիան, ընդառաջ գնալ նոր մարտահրավերների: Red Bull-ի տեխնիկական դեպարտամենտի տնօրեն Էդրիան Նյուին նույնպես պետք է ուրախ լինի՝ նա իր առջեւ կարող է դնել նոր նպատակներ»: Պրոստն արտահայտվել է դիվանագիտորեն: Սովորական լեզվով ասած նա նոր հաղթողներ է ուզում։ Բոլորն արդեն խոսում են այն մասին, որ Ֆետելը հաղթում է բացառապես հաղթանակի դատապարտված բոլիդներով, իսկ ահա Ալոնսոն, որը կամային արշավորդ է ի տարբերություն Ֆետելի, չի կարողանում հաղթել: Պետք չէ մոռանալ, որ հաղթանակի դատապարտված բոլիդով էր հաղթում նաեւ Միխայել Շումախերը: Հենց Ferrari-ն որոշեց մի փոքր շունչ քաշել 2005-ին, անմիջապես կորցրեց տիտղոսը՝ այն զիջելով Renault-ի առաջին համար Ֆերնանդո Ալոնսոյին: Շումախերն Ալոնսոյին արժանի դիմադրություն ցույց տվեց արդեն 2006-ին: Ferrari 248 F1-ը լարվածությանը չդիմացավ, Ճապոնիայում շարժիչը շարքից դուրս եկավ եւ Իտալիայում իր կարիերայի ավարտի մասին հայտարարած Շումին չկարողացավ հեռանալ աշխարհի չեմպիոնի կարգավիճակում: Ի դեպ, ԱՄՆ-ի Մեծ խաղարկությունում, որը սպասվում է նոյեմբերի 17-ին, Ֆետելը կարող է վիճակագրական եւս մեկ դափնի վերցնել՝ նա կարող է հաղթել 8-րդ անգամ անընդմեջ՝ ստվերելով Միխայել Շումախերին, որը 2004-ին Ferrari 053-ի ղեկին հաղթել էր 7 անգամ անընդմեջ:
Մհեր Արշակյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.