22:04  ,  25 հոկտեմբերի, 2013

Հայ ձյուդոիստներն աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճեցին

Լյուբլյանայում ընթացող ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Հարությունյանը 55 կգ քաշային կարգում մեկնարկային գոտեմարտում հաղթել է ալբանացի Ինդրիտ Կուլհային, սակայն հաջորդ գոտեմարտը տանուլ է տվել ֆրանսիացի Վինսեն Մանկեին եւ դուրս է մնացել հետագա պայքարից: Մանկեն նվաճել է ոսկե մեդալը:

60 կգ քաշային կարգում Նարեկ Կարապետյանը նույնպես մեկնարկել է հաղթանակով՝ ուժեղ լինելով կանադացի Նիկոլաս Դիբարտոլոյից, սակայն երկրորդ մրցակցի՝ ադրբեջանցի Օրուժ Վալիզադայի, արգելքը հաղթահարել չի կարողացել:

66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը պարտվել է հենց առաջին գոտեմարտում: Մրցակիցն իրանցի Բեհզադ Մոհարամին էր: Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը մեկնարկում հաղթել է մեքսիկացի Էդուարդո Արաուխոյին, իսկ երկրորդ գոտեմարտում պարտվել է ալժիրցի Հոուդ Զոուրդանիին:

73 կգ քաշային կարգում Արտավազդ Հովսեփյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ադրբեջանցի Հուսեյն Ռահիմլիին: Նույն քաշային կարգում Դավիթ Նիկողոսյանը հաղթել է էստոնացի Կրիստիան Տոնիստեին, սակայն երկրորդ գոտեմարտում պարտություն կրել իտալացի Անտոնիո Էսպոզիտոյից, որը հետագայում հռչակվել է չեմպիոն:

Մյուս քաշային կարգերում եւ կանանց առաջնությունում Հայաստանը ներկայացված չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս