20:20  ,  6 հոկտեմբերի, 2013

Ֆորմուլա 1-ին պակասում է Բրիատորեն

Ֆորմուլա 1-ը պետք է վերադարձնի Ֆլավիո Բրիատորեին՝ «Ռենոյի» երբեմնի ղեկավարին, որը «հեղինակել» է աշխարհի այնպիսի չեմպիոնների, ինչպիսիք են Միխայել Շումախերը «Բենետոնի» ղեկին եւ Ֆերնանդո Ալոնսոն՝ «Ռենոյի» ղեկին: Ընդ որում, կարեւոր չէ, թե որ թիմի կազմում կվերադառնա մեծն Բրիատորեն: Ֆորմուլա 1-ն ունի նրա կարիքը: Red Bull-ի տեխնիկական հրաշագործ Էդրիան Նյուին ում հետ «ոնց ուզում վարվում է»: Նրա ստեղծած բոլիդը Ֆետելի ղեկավարությամբ, անկասելի էր նաեւ Հարավային Կորեայում:

Ինչպե՞ս վարվել աշխարհի 4-րդ չեմպիոնության գնացող Red Bull-ի հետ: Ferrari-ում կարծում են, թե ելքը Կիմի Ռայկոնենին հրավիրելու մեջ է: Williams-ն ակնարկում է Ferrari-ում Միխայել Շումախերի եւ Brawn GP-ում Ջենսոն Բատոնի թիմակից, 41-ամյա բրազիլացի Ռուբեն Բարիկելոյին հրավիրելու մեջ է: Renault-ն թեպետ չի շտապում, քանի որ նրա առաջին համարը՝ Կիմի Ռայկոնենը տեղափոխվում է Մարանելո, բայց ըստ էության հասկանում է, որ խնդիրը ավտոարշավորդը չէ: Էրիկ Բուլյեն այդպես էլ ասում է՝ մենք շտապելու տեղ չունենք: Red Bull-ի անկասելիության «կրակի վրա յուղ լցրեց» նաեւ Pirelli-ն՝ Մեծ Բրիտանիայի խայտառակ Գրան Պրիից հետո, երբ ամեն շրջանին պայթում էր ինչ-որ մեկի անվադողը, Pirelli-ն որոշեց փոխել անվադողերի կառուցվածքը: Պարզվում է՝ նախկին անվադողերի մեջ մետաղական, ավելի կոնկրետ, պղնձային մաս կար: Հունգարիայում Pirelli-ն արդեն հրաժարվեց այդ անվադողերից եւ վերադարձավ անվադողերի կեւլարային կառուցվածքին:

Կեւլարը կիրառվում է ռազմական գործողությունների ժամանակ որպես զրահաբաճկոնի անհրաժեշտ մաս: Կեվլարը հինգ անգամ ավելի ամուր է պղնձից: Pirelli-ն դրանից հրաժարվել էր հենց կեղծ մաշվածություն ստեղծելու եւ բոլիդների միջեւ մրցակցությունն ուժեղացնելու համար, որպեսզի «վերջինները դառնային առաջիններ»: Մինչեւ Հունգարիայի Մեծ խաղարկությունը նոր անվադողերով հաջողացրեցին հաղթել Lotus-ը, Red Bull-ը, Ferrari-ն եւ Mersedes-ը: Հունգարիայում արդեն նախկին՝ 2012-ի անվադողերով մեկ անգամ հաղթել է Mersedes-ը եւ 4 անգամ՝ Red Bull-ը: Իհարկե, ավելի կոնկրետ՝ Սեբաստիան Ֆետելը: Pirelli-ն անկասելի դարձրեց Red Bull-ին: Հետաքրքիր է, որ Հարավային Կորեայի այսօրվա Մեծ խաղարկությունից հետո միայն մեկը դժգոհեց անվադողերի աշխատանքից՝ redbull-ցի Մարկ Վեբերը: Սերխիո Պերեսի McLaren-ի առջեւի աջ անվադողի պայթյունը ափերից հանել է Վեբերին, որն այդպես էլ Յոնամի (մրցուղու անվանումը) վանդակավոր դրոշակը չտեսավ, ավստրալացու բոլիդը հրդեհվեց Force India-ի արշավորդ Ադրիան Սուտիլի բոլիդի հետ բախումից հետո: Այսօր անվտանգության մեքենան (safety car) երկու անգամ ստիպված էր միջամտել մրցարշավին, առաջին անգամ՝ հենց Պերեսի բոլիդի պայթած անվադողից մրցուղու վրա մնացած կտորների պատճառով: Երկու  safety car-երն էլ չկարողացան «կանգնեցնել» Սեբաստիան Ֆետելին: «Ֆետելը հանդես է գալիս բոլորովին այլ լիգայում»,- մի կերպ 6-րդ տեղը գրավելուց հետո ասաց Ferrari-ի առաջին համար Ֆերնանդո Ալոնսոն:

Ահա ինչու է Ֆորմուլա 1-ին անհրաժեշտ Ֆլավիո Բրիատորեն: 1994-95 թվականներին նրա գլխավորած Benetton-ի ղեկին աշխարհի իր առաջին եւ երկրորդ չեմպիոնությունը վերցրեց Միխայել Շումախերը, իսկ 2005-06 թվականներին Բրիատորեն կրկնակի չեմպիոն դարձրեց Ֆերնանդո Ալոնսոյին: Ընդ որում, դեռ Ferrari-ի ոսկե եռյակի՝ Շումախերի, Ռոս Բրաունի եւ Ժան Տոդի օրոք: 2007-ի վերջում Ferrari-ի մարզական տնօերն Ժան Տոդի հեռանալուց հետո Բրիատորեն միակն էր, որ Ֆորմուլա 1-ում մրցակցության առումով կարող էր եղանակ ստեղծել Ռոս Բրաունի հետ, քանի դեռ Mclaren-ից 2005-ին Red Bull տեղափոխված Էդրիան Նյուին մտմտում էր նոր որակի բոլիդը: Սակայն Բրիատորեին հեռացրեցին: Այդպիսին դարձավ Red Bull RB6-ը: Հետո՝ RB7-ը: Հետո՝ RB8-ը: Բոլորն էլ եւ անհատական եւ թիմային հաշվարկում դարձան աշխարհի չեմպիոն: Ռոս Բրաունը 2009-ին ղեկավարեց Brawn GP-ն եւ անմիջապես աշխարհի չեմպիոն դարձրեց Ֆորմուլա 1-ի հնաբնակ, այսպես ասած, Honda-ից ժառանգություն մնացած բրիտանացի Ջենսոն Բատոնին, իսկ 2010-ին արդեն աշխարհը, ինչպես ի դեպ, կանխատեսել էր Ֆորմուլա 1-ի պրոմոուտեր Բերնի Էքլսթոունը, սպասում էր նոր լեգենդար չեմպիոնի՝ կրկին գերմանացի, ինչպես Միխայել Շումախերը: Սեբաստիան Ֆետելը Toro Rosso-ից տեղափոխվել էր ցլամարտիկների թիմ:  Այսօր ընդհանուր անհատական հաշվարկով երկրորդ տեղում գտնվող Ֆերնանդո Ալոնսոյի հետ Ֆետելի միավորների տարբերությունը հասավ 77-ի, որը 3 մաքուր հաղթանակից էլ շատ է: Իսկ մրցաշարի ավարտին մնացել է 5 փուլ: Միայն մաթեմատիկական հաշվարկներն են Ֆերնանդոյին դարձնում աշխարհի չեմպիոնի հավակնորդ: Չմոռանանք, որ անցյալ տարի այս ժամանակ Ֆերնանդոն ընդհանուր հաշվարկում առաջին տեղում էր, բայց կորցրեց տիտղոսը: Ի դեպ, ըստ էության Ճապոնիայում: Առջեւում Ճապոնիայի Մեծ խաղարկությունն է: Որոշակի հանգամանքներում հենց Միե պրեֆեկտուրայի մրցուղում էլ հայտնի կդառնա այս տարվա աշխարհի չեմպիոնը: Անցյալ տարի այստեղ արդեն հաղթել էր Ֆետելը, իսկ Ալոնսոն ձախողվել էր հենց մեկնարկում: Ֆետելը մեկնարկել էր առաջին տեղից, Ալոնսոն՝ 7-րդ: Քիչ հավանական է, որ լուրջ մրցություն կլինի:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում