20:20 6 հոկտեմբերի, 2013Ֆորմուլա 1-ը պետք է վերադարձնի Ֆլավիո Բրիատորեին՝ «Ռենոյի» երբեմնի ղեկավարին, որը «հեղինակել» է աշխարհի այնպիսի չեմպիոնների, ինչպիսիք են Միխայել Շումախերը «Բենետոնի» ղեկին եւ Ֆերնանդո Ալոնսոն՝ «Ռենոյի» ղեկին: Ընդ որում, կարեւոր չէ, թե որ թիմի կազմում կվերադառնա մեծն Բրիատորեն: Ֆորմուլա 1-ն ունի նրա կարիքը: Red Bull-ի տեխնիկական հրաշագործ Էդրիան Նյուին ում հետ «ոնց ուզում վարվում է»: Նրա ստեղծած բոլիդը Ֆետելի ղեկավարությամբ, անկասելի էր նաեւ Հարավային Կորեայում:
Ինչպե՞ս վարվել աշխարհի 4-րդ չեմպիոնության գնացող Red Bull-ի հետ: Ferrari-ում կարծում են, թե ելքը Կիմի Ռայկոնենին հրավիրելու մեջ է: Williams-ն ակնարկում է Ferrari-ում Միխայել Շումախերի եւ Brawn GP-ում Ջենսոն Բատոնի թիմակից, 41-ամյա բրազիլացի Ռուբեն Բարիկելոյին հրավիրելու մեջ է: Renault-ն թեպետ չի շտապում, քանի որ նրա առաջին համարը՝ Կիմի Ռայկոնենը տեղափոխվում է Մարանելո, բայց ըստ էության հասկանում է, որ խնդիրը ավտոարշավորդը չէ: Էրիկ Բուլյեն այդպես էլ ասում է՝ մենք շտապելու տեղ չունենք: Red Bull-ի անկասելիության «կրակի վրա յուղ լցրեց» նաեւ Pirelli-ն՝ Մեծ Բրիտանիայի խայտառակ Գրան Պրիից հետո, երբ ամեն շրջանին պայթում էր ինչ-որ մեկի անվադողը, Pirelli-ն որոշեց փոխել անվադողերի կառուցվածքը: Պարզվում է՝ նախկին անվադողերի մեջ մետաղական, ավելի կոնկրետ, պղնձային մաս կար: Հունգարիայում Pirelli-ն արդեն հրաժարվեց այդ անվադողերից եւ վերադարձավ անվադողերի կեւլարային կառուցվածքին:
Կեւլարը կիրառվում է ռազմական գործողությունների ժամանակ որպես զրահաբաճկոնի անհրաժեշտ մաս: Կեվլարը հինգ անգամ ավելի ամուր է պղնձից: Pirelli-ն դրանից հրաժարվել էր հենց կեղծ մաշվածություն ստեղծելու եւ բոլիդների միջեւ մրցակցությունն ուժեղացնելու համար, որպեսզի «վերջինները դառնային առաջիններ»: Մինչեւ Հունգարիայի Մեծ խաղարկությունը նոր անվադողերով հաջողացրեցին հաղթել Lotus-ը, Red Bull-ը, Ferrari-ն եւ Mersedes-ը: Հունգարիայում արդեն նախկին՝ 2012-ի անվադողերով մեկ անգամ հաղթել է Mersedes-ը եւ 4 անգամ՝ Red Bull-ը: Իհարկե, ավելի կոնկրետ՝ Սեբաստիան Ֆետելը: Pirelli-ն անկասելի դարձրեց Red Bull-ին: Հետաքրքիր է, որ Հարավային Կորեայի այսօրվա Մեծ խաղարկությունից հետո միայն մեկը դժգոհեց անվադողերի աշխատանքից՝ redbull-ցի Մարկ Վեբերը: Սերխիո Պերեսի McLaren-ի առջեւի աջ անվադողի պայթյունը ափերից հանել է Վեբերին, որն այդպես էլ Յոնամի (մրցուղու անվանումը) վանդակավոր դրոշակը չտեսավ, ավստրալացու բոլիդը հրդեհվեց Force India-ի արշավորդ Ադրիան Սուտիլի բոլիդի հետ բախումից հետո: Այսօր անվտանգության մեքենան (safety car) երկու անգամ ստիպված էր միջամտել մրցարշավին, առաջին անգամ՝ հենց Պերեսի բոլիդի պայթած անվադողից մրցուղու վրա մնացած կտորների պատճառով: Երկու safety car-երն էլ չկարողացան «կանգնեցնել» Սեբաստիան Ֆետելին: «Ֆետելը հանդես է գալիս բոլորովին այլ լիգայում»,- մի կերպ 6-րդ տեղը գրավելուց հետո ասաց Ferrari-ի առաջին համար Ֆերնանդո Ալոնսոն:
Ահա ինչու է Ֆորմուլա 1-ին անհրաժեշտ Ֆլավիո Բրիատորեն: 1994-95 թվականներին նրա գլխավորած Benetton-ի ղեկին աշխարհի իր առաջին եւ երկրորդ չեմպիոնությունը վերցրեց Միխայել Շումախերը, իսկ 2005-06 թվականներին Բրիատորեն կրկնակի չեմպիոն դարձրեց Ֆերնանդո Ալոնսոյին: Ընդ որում, դեռ Ferrari-ի ոսկե եռյակի՝ Շումախերի, Ռոս Բրաունի եւ Ժան Տոդի օրոք: 2007-ի վերջում Ferrari-ի մարզական տնօերն Ժան Տոդի հեռանալուց հետո Բրիատորեն միակն էր, որ Ֆորմուլա 1-ում մրցակցության առումով կարող էր եղանակ ստեղծել Ռոս Բրաունի հետ, քանի դեռ Mclaren-ից 2005-ին Red Bull տեղափոխված Էդրիան Նյուին մտմտում էր նոր որակի բոլիդը: Սակայն Բրիատորեին հեռացրեցին: Այդպիսին դարձավ Red Bull RB6-ը: Հետո՝ RB7-ը: Հետո՝ RB8-ը: Բոլորն էլ եւ անհատական եւ թիմային հաշվարկում դարձան աշխարհի չեմպիոն: Ռոս Բրաունը 2009-ին ղեկավարեց Brawn GP-ն եւ անմիջապես աշխարհի չեմպիոն դարձրեց Ֆորմուլա 1-ի հնաբնակ, այսպես ասած, Honda-ից ժառանգություն մնացած բրիտանացի Ջենսոն Բատոնին, իսկ 2010-ին արդեն աշխարհը, ինչպես ի դեպ, կանխատեսել էր Ֆորմուլա 1-ի պրոմոուտեր Բերնի Էքլսթոունը, սպասում էր նոր լեգենդար չեմպիոնի՝ կրկին գերմանացի, ինչպես Միխայել Շումախերը: Սեբաստիան Ֆետելը Toro Rosso-ից տեղափոխվել էր ցլամարտիկների թիմ: Այսօր ընդհանուր անհատական հաշվարկով երկրորդ տեղում գտնվող Ֆերնանդո Ալոնսոյի հետ Ֆետելի միավորների տարբերությունը հասավ 77-ի, որը 3 մաքուր հաղթանակից էլ շատ է: Իսկ մրցաշարի ավարտին մնացել է 5 փուլ: Միայն մաթեմատիկական հաշվարկներն են Ֆերնանդոյին դարձնում աշխարհի չեմպիոնի հավակնորդ: Չմոռանանք, որ անցյալ տարի այս ժամանակ Ֆերնանդոն ընդհանուր հաշվարկում առաջին տեղում էր, բայց կորցրեց տիտղոսը: Ի դեպ, ըստ էության Ճապոնիայում: Առջեւում Ճապոնիայի Մեծ խաղարկությունն է: Որոշակի հանգամանքներում հենց Միե պրեֆեկտուրայի մրցուղում էլ հայտնի կդառնա այս տարվա աշխարհի չեմպիոնը: Անցյալ տարի այստեղ արդեն հաղթել էր Ֆետելը, իսկ Ալոնսոն ձախողվել էր հենց մեկնարկում: Ֆետելը մեկնարկել էր առաջին տեղից, Ալոնսոն՝ 7-րդ: Քիչ հավանական է, որ լուրջ մրցություն կլինի:
Մհեր Արշակյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.