17:43  ,  30 սեպտեմբերի, 2013

Պողոս Պողոսյան. Կարեւորը ծանրորդները հոգեբանորեն պատրաստ լինեն մրցակիցների հետ պայքարին

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-27-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը  պատմեց    Հայաստանի հավաքականի ընդհանուր մարզավիճակի եւ սպասելիքների մասին:

«Արդեն մեկնարկել է ուսումնամարզական վերջին հավաքը Աբովյանում: Նախորդ երկու հավաքներն անցկացրել ենք Ծաղկաձորում եւ կրկին Աբովյանում: Կազմն ասելու համար դեռ վաղ է:

Կան ծանրորդներ, ովքեր մասնակցել են Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը եւ նոր են վերադարձել, պետք է տեսնենք կկարողանան վերականգնվել, ինչ մարզավիճակում կլինեն, ըստ այդմ էլ հավաքի վերջում պարզ կդառնա  աշխարհի առաջնությանը մեկնող կազմը:

Ընդհանուր մարզավիճակը համարում եմ նորմալ, բավական լավ վիճակում են: Մնում է, որ կարողանան հավաքվել եւ այնտեղ կարողանան բարձրացնել գոնե  այն կիլոգրամները, որ այստեղ բարձրացրել են: Ամենակարեւորը առանց վնասվածքների մասնակցեն եւ հոգեբանորեն  պատրաստ լինեն մրցել իրենց հակառակորդների հետ»,-ասաց Պողոս Պողոսյանը:

Աշխարհի առաջնության պաշտոնական կայքում Հայաստանի նախնական հայտացուցակում ընդգրկված են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյան, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյան, +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը:

Վերջնական հայտացուցակը պետք է ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով