Նոբել Առուստամյանը «НТВ-Плюс» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան է, «Радио Спорт»- գլխավոր խմբագրի տեղակալ ու ռադոիհաղորդավար: Նա նաեւ ռուսական ֆուտբոլային միության էթիկայի կոմիտեի անդամ է: Եվ նա ընդամենը 24 տարեկան է:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Նոբել Առուստամյանի հետ:
Նոբել, շատ հաճելի է դիտել ֆուտբոլային հանդիպումները, երբ գիտես, որ վերջում լսելու ես «-յան»-ով ազգանուն: Բոլոր հայ երկրպագուները գիտեն, որ «НТВ-Плюс» հեռուստաալիքում հայ մեկնաբան է աշխատում: Պատմիր քո ընտանիքի մասին:
Ես ծնվել եմ Բաքվում: Ընտանիքս այնտեղ էր ապրում մինչեւ ցավալի դեպքերը` հայերի ջարդերը: Այն ժամանակ, երբ ես մեկ տարեկան էի, տեղափոխվեցինք Ռուսաստան:
Ինչպե՞ս դարձար մեկնաբան:
Երեւի թե սովորական պատմություն է: Փոքրուց սիրում էի ֆուտբոլ, երբ 12-13 տարեկան էի, հասկացա, որ ֆուտբոլիստ չեմ դառնա եւ սկսեցի երազել մեկնաբանի մասնագիտության մասին: Ես նայում էի ֆուտբոլային բոլոր հանդիպումները: Ծնողներս քաջալերեցին եւ աջակցեցին ինձ` օգնելով, որ ուսում ստանամ:
Շատերն են ցանկանում մեկնաբան դառնալ, բայց քչերին է հաջողվում:
Ես նույնպես դժվարություններ ունեի: Երբ ընդունվեցի ինստիտուտ դեկանս, ով նույնպես հայ էր, խորհուրդ տվեց ինձ ուրիշ բանով զբաղվել: Նա ինձ ասում էր, որ իմ ազգանունով ինձ դժվար կլինի առաջ գնալ մարզական լրագրության ոլորտում: Ես ուրախ եմ, որ որոշ ժամանակ անց, կարողացա նրան հակառակը համոզել: Նա ինձ լսում էր ռադիոյով ու հեռուստատեսությամբ, հուսամ նա ինձնով հպարտանում է:
Ինչպե՞ս է ստացվեց, որ մարզական զանգվածային լրատվամիջոցներում այդքան շատ հայեր են աշխատում:
Ես չէի ասի, որ հայերի թիվը այդ ոլորտում իրոք շատ է, բայց, իսկապես, տարբեր լրատվամիջոցներում հայեր աշխատում են: Մեր ազգն ունի շատ լավ հատկանիշ` մենք ցանկացած միջավայրի շատ հեշտ ենք ընտելանում եւ շատ լավ ենք մեզ զգում: Օրինակ` Ռուսաստանում բազմաթիվ տաղանդավոր հայեր կան լրագրության, շոու-բիզնեսի, կինոյի ոլորտում: Այստեղ կան բազմաթիվ հայ ձեռներեցներ: Հայերին կարելի է հանդիպել բոլոր ոլորտներում:
Իսկ ձեր ոլորտում հայերը միասնակա՞ն են:
Միասնականությունը հարաբերական հասկացություն է: Ես championat.com-ից մտերիմ եմ Սամվել Ավագյանի եւ Նիկոլայ Պետրոսյանի հետ: Շփվում եմ sportbox.ru-ի տղաների հետ: Եթե կարիքը կա միմյանց օգնում ենք, բայց դա ավելի շատ դաստիարակության արդյունք է: Բայց միեւնույն է հաճելի է աշխատել հայրենակիցների հետ:
Ո՞վ է ըստ քեզ «НТВ-Плюс»-ի լավագույն մեկնաբանը:
Չեմ կարող ասել` ով է լավագույնը, ով` վատագույնը: Շատերի հետ ընկերներ ենք: Կոնստանտին Գենիչը իմ լավ ընկերն է: «НТВ-Плюс»-ում շատ լավ կազմ է հավաքվել: Ես բոլորին գործընկեր ու ընկեր եմ համարում:
Դու մեկնաբանում ես Իտալիայի առաջնությունը: Ցանկություն չունե՞ս տեղափոխվել նաեւ այլ առաջնություններ:
Իտալիայից բացի, ես երբեմն մեկնաբանում եմ նաեւ Իսպանիայի ու Ռուսաստանի առաջնությունները, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգան, բայց իմ ուղղվածությունը Իտալիան է:
Դու «Радио спорт»-ում հաղորդավար ես, ինչպես նաեւ գլխավոր խմբագրի տեղակալը: Ինչպե՞ս է աշխատում մարզական ռադիոն: Արդյո՞ք մեծ լսարան ունի:
Մեր ռադիոյում շատ են ռուսական եւ միջազգային սպորտի մասին հեռարձակումները, տարբեր հաղորդումները, քննարկումները: Երաժշտություն նույնպես կա, բայց գերիշխողը սպորտն է: Եւ քանի որ Մոսկվայում շատ են խցանումները, մարդիկ ավտոմեքենաներում ռադիո են լսում: Այստեղ ռադիոն ակտուալ է:
Նոբել, Հայաստանում եղե՞լ ես:
Այո, երեք անգամ եմ եղել: Սիրում եմ Հայաստանը` իմ երկիրը: Այդտեղ իմ հորաքույրն է ապրում: Երեւանում եմ եղել: Անցյալ տարի եղա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Իմ պապիկը ծնունդով այդ կողմերից է: Շատ ուրախ էի, որ եղա պապիկիս պատմական հայրենիքում: Ես ոչ միայն զբոսաշրջում էի, մենք այնտեղ կազմակերպել էինք բարեգործական սիրողական մրցաշար: Հուսամ` Ղարաբաղն ու Հայաստանը արագ տեմպերով կզարգանան: Այսպես է դասավորվել մեր ժողովրդի ճակատագիրը, որ մենք աշխարհով մեկ ցրված ենք: Ես հպարտ եմ իմ արմատներով եւ միշտ այդ մասին ասում եմ:
Այսպիսի անհամեստ հարց. ո՞ւմ էիր երկրպագում Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների հանդիպումներում:
Ինձ համար մի հավաքականին սատարելը հայրենասիրության արտահայտում չէ: Բոլորը զարմանում էին, թե ինչու եմ այդքան սիրում «Յուվենտուսն» ու Իտալիայի հավաքականը: Հայաստանի եւ Ռուսաստանի հանդիպումների ժամանակ բոլորն ինձ հարցնում էին, թե ո՞ւմ եմ երկրպագելու: Ես շատ ուրախ էի, որ Հայաստանի հավաքականն այդպիսի ֆուտբոլ էր ցուցադրում: Իմ համակրանքը բնականաբար նրա կողմն էր:Ես անպայման գալու եմ Հայաստան-Իտալիա խաղին: Ռուսաստանի համար խմբից դուրս գալն էր նպատակը, իսկ Հայաստանը ցույց տվեց, որ կարողանում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Մենք տեսանք շատ լավ ֆուտբոլիստների` Մխիթարյան, Մովսիսյան: Իհարկե ես սատարում եմ Ռուսաստանի հավաքականին եւս: Դա այն երկիրն է, որտեղ ես ապրում եմ, որն ինձ շատ բան է տվել: Շատ լավ կլիներ, եթե այս երկու թիմերն էլ դուրս գային խմբից:
Մի քանի օր առաջ դու Մյունխենում էիր` «Բավարիա» - «Ռեալ» խաղին: Ի՞նչ տպավորություններ ստացար այդ խաղից: Եվ ո՞վքեր դուրս կգան եզրափակիչ:
Ես հաճախ եմ լինում Չեմպիոնների լիգայի խաղերին: Զգացողությունս հիանալի էր: Մյունխենում հիանալի եզրափակիչ է սպասվում, եւ ես կվերադառնամ այնտեղ մեկ ամիս հետո: Ո՞վ կհայտնվի եզրափակչում: Չգիտեմ: Իմ համակրանքը «Բարսայի» եւ Մեսիի կողմն է: Կարծում եմ 15 տարի անց, ես կասեմ, որ ֆուտբոլ դիտել եմ այն ժամանակ, երբ խաղում էր Մեսին:
Դժվա՞ր չէ մեկնաբանել այն խաղերը, որտեղ խաղում է քո սիրած թիմը:
Ոչ, ավելի հետաքրքիր է: Երբ ես երեխա էի, լացում էի եւ ծանր էի տանում, երբ իմ թիմը պարտվում էր: Այժմ ես մեկնաբանում եմ եւ սիրում եմ իմ աշխատանքը:
Եվ վերջում փիլիսոփայական հարց. Ո՞րն է հաջողության բանաձեւը:
Այժմ դժվար է ասել: Ես դեռ պետք է շատ աշխատեմ եւ հաջողության հասնեմ: Այդ ժամանակ էլ կբացեմ ձեզ այդ գաղտնիքը:
Շնորհալակություն զրույցի համար, Նոբել: Սպասում ենք քեզ Երեւանում:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի