«НТВ-Плюс»-ի հայ մեկնաբան. Ինձ ասացին, որ ազգանունիս պատճառով ոչինչ չի ստացվի

09:09   20 ապրիլի, 2012

Նոբել Առուստամյանը «НТВ-Плюс» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան է, «Радио Спорт»- գլխավոր խմբագրի տեղակալ ու ռադոիհաղորդավար: Նա նաեւ ռուսական ֆուտբոլային միության էթիկայի կոմիտեի անդամ է: Եվ նա ընդամենը 24 տարեկան է:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Նոբել Առուստամյանի հետ:

Նոբել, շատ հաճելի է դիտել ֆուտբոլային հանդիպումները, երբ գիտես, որ վերջում լսելու ես «-յան»-ով ազգանուն: Բոլոր հայ երկրպագուները գիտեն, որ «НТВ-Плюс» հեռուստաալիքում հայ մեկնաբան է աշխատում: Պատմիր քո ընտանիքի մասին:

Ես ծնվել եմ Բաքվում: Ընտանիքս այնտեղ էր ապրում մինչեւ ցավալի դեպքերը` հայերի ջարդերը: Այն ժամանակ, երբ ես մեկ տարեկան էի, տեղափոխվեցինք Ռուսաստան:

Ինչպե՞ս դարձար մեկնաբան:

Երեւի թե սովորական պատմություն է: Փոքրուց սիրում էի ֆուտբոլ, երբ 12-13 տարեկան էի, հասկացա, որ ֆուտբոլիստ չեմ դառնա եւ սկսեցի երազել մեկնաբանի մասնագիտության մասին: Ես նայում էի ֆուտբոլային բոլոր հանդիպումները: Ծնողներս քաջալերեցին եւ աջակցեցին ինձ` օգնելով, որ ուսում ստանամ:

Շատերն են ցանկանում մեկնաբան դառնալ, բայց քչերին է հաջողվում:

Ես նույնպես դժվարություններ ունեի: Երբ ընդունվեցի ինստիտուտ դեկանս, ով նույնպես հայ էր, խորհուրդ տվեց ինձ ուրիշ բանով զբաղվել: Նա ինձ ասում էր, որ իմ ազգանունով ինձ դժվար կլինի առաջ գնալ մարզական լրագրության ոլորտում: Ես ուրախ եմ, որ որոշ ժամանակ անց, կարողացա  նրան հակառակը համոզել: Նա ինձ լսում էր ռադիոյով ու հեռուստատեսությամբ, հուսամ նա ինձնով հպարտանում է:

Ինչպե՞ս է ստացվեց, որ մարզական զանգվածային լրատվամիջոցներում այդքան շատ հայեր են աշխատում:

Ես չէի ասի, որ հայերի թիվը այդ ոլորտում իրոք շատ է, բայց, իսկապես, տարբեր լրատվամիջոցներում հայեր աշխատում են: Մեր ազգն ունի շատ լավ հատկանիշ` մենք ցանկացած միջավայրի շատ հեշտ ենք ընտելանում եւ շատ լավ ենք մեզ զգում: Օրինակ` Ռուսաստանում բազմաթիվ տաղանդավոր հայեր կան լրագրության, շոու-բիզնեսի, կինոյի ոլորտում: Այստեղ կան բազմաթիվ հայ ձեռներեցներ: Հայերին կարելի է հանդիպել բոլոր ոլորտներում:

Իսկ ձեր ոլորտում հայերը միասնակա՞ն են:

Միասնականությունը հարաբերական հասկացություն է: Ես championat.com-ից մտերիմ եմ Սամվել Ավագյանի եւ Նիկոլայ Պետրոսյանի հետ: Շփվում եմ sportbox.ru-ի տղաների հետ: Եթե կարիքը կա միմյանց օգնում ենք, բայց դա ավելի շատ  դաստիարակության արդյունք է: Բայց միեւնույն է հաճելի է աշխատել հայրենակիցների հետ:

Ո՞վ է ըստ քեզ  «НТВ-Плюс»-ի լավագույն մեկնաբանը:

Չեմ կարող ասել` ով է լավագույնը, ով` վատագույնը:  Շատերի հետ ընկերներ ենք: Կոնստանտին Գենիչը իմ լավ ընկերն է: «НТВ-Плюс»-ում շատ լավ կազմ է հավաքվել: Ես բոլորին գործընկեր ու ընկեր եմ համարում:

Դու մեկնաբանում ես Իտալիայի առաջնությունը: Ցանկություն չունե՞ս տեղափոխվել նաեւ այլ առաջնություններ:

Իտալիայից բացի, ես երբեմն մեկնաբանում եմ նաեւ Իսպանիայի ու Ռուսաստանի առաջնությունները, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգան, բայց իմ ուղղվածությունը Իտալիան է:

Դու «Радио спорт»-ում հաղորդավար ես, ինչպես նաեւ գլխավոր խմբագրի տեղակալը: Ինչպե՞ս է աշխատում մարզական ռադիոն: Արդյո՞ք մեծ լսարան ունի:

Մեր ռադիոյում շատ են ռուսական եւ միջազգային սպորտի մասին հեռարձակումները, տարբեր հաղորդումները, քննարկումները: Երաժշտություն նույնպես կա, բայց գերիշխողը սպորտն է: Եւ քանի որ Մոսկվայում շատ են խցանումները, մարդիկ ավտոմեքենաներում ռադիո են լսում: Այստեղ ռադիոն ակտուալ է: 

Նոբել, Հայաստանում եղե՞լ ես:

Այո, երեք անգամ եմ եղել: Սիրում եմ Հայաստանը` իմ երկիրը: Այդտեղ իմ հորաքույրն է ապրում: Երեւանում եմ եղել: Անցյալ տարի եղա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Իմ պապիկը ծնունդով այդ կողմերից է: Շատ ուրախ էի, որ եղա պապիկիս պատմական հայրենիքում: Ես ոչ միայն զբոսաշրջում էի, մենք այնտեղ կազմակերպել էինք բարեգործական սիրողական մրցաշար: Հուսամ` Ղարաբաղն ու Հայաստանը արագ տեմպերով կզարգանան: Այսպես է դասավորվել մեր ժողովրդի ճակատագիրը, որ մենք աշխարհով մեկ ցրված ենք: Ես հպարտ եմ իմ արմատներով եւ միշտ այդ մասին ասում եմ:

Այսպիսի անհամեստ հարց. ո՞ւմ էիր երկրպագում Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների հանդիպումներում:

Ինձ համար մի հավաքականին սատարելը հայրենասիրության արտահայտում չէ: Բոլորը զարմանում էին, թե ինչու եմ այդքան սիրում «Յուվենտուսն» ու Իտալիայի հավաքականը: Հայաստանի եւ Ռուսաստանի հանդիպումների ժամանակ բոլորն ինձ հարցնում էին, թե ո՞ւմ եմ երկրպագելու: Ես շատ ուրախ էի, որ Հայաստանի հավաքականն այդպիսի ֆուտբոլ էր ցուցադրում: Իմ համակրանքը բնականաբար նրա կողմն էր:Ես անպայման գալու եմ Հայաստան-Իտալիա խաղին: Ռուսաստանի համար խմբից դուրս գալն էր նպատակը, իսկ Հայաստանը ցույց տվեց, որ կարողանում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Մենք տեսանք շատ լավ ֆուտբոլիստների` Մխիթարյան, Մովսիսյան: Իհարկե ես սատարում եմ Ռուսաստանի հավաքականին եւս: Դա այն երկիրն է, որտեղ ես ապրում եմ, որն ինձ շատ բան է տվել: Շատ լավ կլիներ, եթե այս երկու թիմերն էլ դուրս գային խմբից:

Մի քանի օր առաջ դու Մյունխենում էիր` «Բավարիա» - «Ռեալ» խաղին: Ի՞նչ տպավորություններ ստացար այդ խաղից: Եվ ո՞վքեր դուրս կգան եզրափակիչ:

Ես հաճախ եմ լինում Չեմպիոնների լիգայի խաղերին: Զգացողությունս հիանալի էր: Մյունխենում հիանալի եզրափակիչ է սպասվում, եւ ես կվերադառնամ այնտեղ մեկ ամիս հետո: Ո՞վ կհայտնվի եզրափակչում: Չգիտեմ: Իմ համակրանքը «Բարսայի» եւ Մեսիի կողմն է: Կարծում եմ 15 տարի անց, ես կասեմ, որ ֆուտբոլ դիտել եմ այն ժամանակ, երբ խաղում էր Մեսին:

Դժվա՞ր չէ մեկնաբանել այն խաղերը, որտեղ խաղում է քո սիրած թիմը:

Ոչ, ավելի հետաքրքիր է: Երբ ես երեխա էի,  լացում էի եւ ծանր էի տանում, երբ իմ թիմը պարտվում էր: Այժմ ես մեկնաբանում եմ եւ սիրում եմ իմ աշխատանքը:

Եվ վերջում փիլիսոփայական հարց. Ո՞րն է հաջողության բանաձեւը:

Այժմ դժվար է ասել: Ես դեռ պետք է շատ աշխատեմ եւ հաջողության հասնեմ: Այդ ժամանակ էլ կբացեմ ձեզ այդ գաղտնիքը:

Շնորհալակություն զրույցի համար, Նոբել: Սպասում ենք քեզ Երեւանում:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.