13:32  ,  14 սեպտեմբերի, 2013

Նորագույն ինովացիան՝ «Երեւան Յունայթեդի» վերածննդի հույս. հարցազրույց

Ֆինանսական խնդիրներից բացի, «Երեւան Յունայթեդ» ակումբն այլ խնդիրներ չունի: NEWS.am Sport-ի հետ գրավոր հարցազրույցում նշեց «Երեւան Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Տիգրան Հովիվյանը:

2004-ին ակումբը հիմնադրած ավստրալահայ Տիգրան Հովիվյանը դիմել է թիմի երկրպագուներին ու հայտնի հայերին՝ կոչ անելով միջոցներ ներդնել ակումբը զարգացնելու համար:

Հովիվյանը նախատեսում է 1 միլիոն 80 հազար դոլար հավաքել Indiegogo.com հայտնի պորտալի միջոցով մինչեւ հոկտեմբերի 23-ը։ Առայժմ հանգանակվել է 695 դոլար: Ակումբի մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Երեւան Յունայթեդին» ցանկացել են օգնել պրոֆեսիանալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն ու երաժիշտ Արթուր Իսպիրյանը։ Ակումբը մտադիր է համալրվել երիտասարդ հայ ֆուտբոլիստներով՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Պարոն Հովիվյան, ինչպե՞ս առաջացավ թիմը կրկին վերակազմավորելու գաղափարը:

2005 թվականից էլեկտրոնային փոստով անընդհատ նամակներ ենք ստանում ակումբի երկրպագուներից եւ կողմնակիցներից, ովքեր հարցնում են մեզ, թե երբ «Երեւանի Յունայթեդը» կվերադառնա հայկական ֆուտբոլ: Ես երբեք չեմ դադարել իմ աշխատանքը`փորձել գտնել բիզնեսի գործընկերների, ովքեր կմիանան ինձ: Բայց, ցավոք, գործարար մարդկանց մեծ մասը խուսափել են Հայաստանում  որեւէ գործունեություն ծավալել:

Վերջերս, մի լավ ընկեր առաջարկեց ինձ փորձել նորագույն ինովացիա` բազմության ֆինանսավորման միջոցը:  Մարդկանցից  յուրաքանչյուրը իրենց նվիրաբերման դիմաց կստանան նվերներ:

Թիմը երկու անգամ կազմալուծվել է ֆինանսկան խնդիրների պատճառով: Համոզվա՞ծ եք, որ երրորդ անգամ նման բան չի լինի:

2006 թվականին մի քանի գործարար մարդկանց բանավոր խոստումներով փորձեցի վերադարձնել ակումբը՝ 2007թ. առաջնությանը մասնակցելու համար, սակայն նախքան առաջնությունը սկսելը, նկատեցի, որ այդ բանավոր խոստումները հաստատ չէին, ու որպեսզի 2005թ. ֆինանսական նույնանման խնդիրների առաջ չլինենք, որոշեցի դադարեցնել թիմի գործունեությունը արդեն նախապատրաստական ժամանակաշրջանում, նախքան առաջնության սկսվելը, որպեսզի եւս մեկ անգամ չհիասթափեցնենք մեզ եւ մեր երկրպագուներին:

Մենք չենք վերակազմելու թիմը, եթե ամբողջությամբ ֆինանսավորված չլինենք: Ըստ մեր բիզնես ծրագրին, բազմության ֆինանսավորման նշված գումարը, հնարավորություն պիտի տա ակումբին հարատեւել երկու - երեք տարի, մինչեւ լինենք ֆինանսապես ինքնաբավ ու վերջապես եկամտաբեր ակումբ:

Մեր «Բազմության ֆինանսավորումը» Indiegogo-ի հետ ամրագրված ֆինանսավորում է: Ինչը նշանակում է, որ մենք չենք ստանում որեւէ գումար, եթե լռիվ չհավաքվի մեր նպատակային գումարը մինչեւ ժամանակի ավարտը, Indiegogo-ն ետ վերադարձնում է 100% փողերը նվիրատուներին:

Այս համայնքային ֆինանսավորումը, ինչպես բոլոր «Բազմության ֆինանսավորումների», ունի սահմանափակ ժամկետ, այնպես որ, երբ մենք հասնենք մեր նպատակային գումարը մինչեւ ժամանակի ավարտը, ապագայում մենք չենք խնդրելու որեւէ նման նվիրատվություններ:

«Երեւան Յունայթեդը»  միայն ֆինանսակա՞ն խնդիրներ է ունեցել:

Բացի ֆինանսական խնդիրներից «Երեւան Յունայթեդ» ակումբը  այլ խնդիրներ չունի: Յուրաքանչյուր անձ ականատես է եղել եւ զգացել է այն խանդավարությունները, եւ արդյունքները 2005 թվականին: Ֆինանսը միակ պատճառն էր, որ դադարեցրել ենք մեր գործունեությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ջերմ ընդունեց մեզ եւ ուրախ էր մեզնով: Մենք ունեինք շատ նվիրված ու հավատարիմ մարզչական կազմ եւ ֆուտբոլիստներ: Մեծ թվով երկրպագուներ ունենք, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

Ֆուտբոլը Հայստանում, անշուշտ, գնալով ավելի բարձր մակարդակի է հասնում: Թիմը վերականգնելու գաղափարը կապվա՞ծ է դրա հետ:

Ոչ: 2005 թվականից ես երբեք չեմ դադարել փնտրել միջոցներ՝ ետ բերելու «Երեւան Յունայթեդ» ակումբը: Հայաստանի ֆուտբոլն ունի հսկայական պոտենցիալ: Հայ ժողովուրդը սիրում է ֆուտբոլը, սակայն, ներքին առաջնությունը ունի շատ քիչ հետեւողներ, քան այն, ինչ կարող է ունենալ:

Ֆուտբոլը միայն 22 խաղացողների պայքար չէ  գնդակի համար Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան Հայաստանում: Իմ ծրագրի մի մասն էլ դա է:

2004 թվականին, երբ ես Երեւանում էի ակումբի ստեղծման կապակցությամբ, շատերը Հայաստանում, երբ լսեցին իմ ծրագրերը, ինձ ասացին, որ այդ ամենը այստեղ չի ստացվում, չկա ֆուտբոլ այստեղ, մի վատնիր քո ժամանակը, եւ 2005 թվականին մենք ցույց տվեցին, որ դրանք կարելի է անել Հայաստանում: Այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի հարյուր մարդ էր ներկա լինում Բարձրագույն խմբի հանդիպումներին, «Երեւան Յունայթեդի»` Առաջին խմբի բացման խաղի ժամանակ  Վազգեն Սարգսյանի անվան  «Հանրապետական» ստադիոն 7 հազար մարդ էր եկել:

Որպես աշխարհի հնագույն ազգերից մեկը, մենք պետք է հավատանք, որ ոչ միայն մենք կարող ենք անել այն, ինչ ուրիշներն են անում, այլ մենք կարող ենք դա անել ավելի լավ, քան նրանք: Մենք պարզապես պետք է հավատանք:

Ոչ ոք չի կարող պատկերացնել «Բարսելոնան» եւ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային խաղը, ընդամենը մի քանի հարյուր երկրպագուների առաջ, այն մեծ անվանի աստղերը` առանց իրենց երկրպագուների  չեն կարող ցուցաբերել այդ բարձր մակարդակի ֆուտբոլը:

Ի՞նչ եք կարծում, Ձեր նախաձեռնությունը կյանքի կկոչվի:

Եթե յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տեսնել «Երեւան Յունայթեդի» վերադառձը հայկական ֆուտբոլի, օգնի թեկուզ մի փոքր նվիրատվությամբ, 1 դոլարից մինչեւ որքան անձը կարող է, ապա, այո, ես կարծում եմ, որ դա կհաջողվի: Կարեւոր է, որ նրանք հասկանան իրենց արածի կարեւորությունը եւ մեզ օգնելու համար միանան «Ետ բերենք Երեւան Յունայթեդը» նախաձեռնությանը:

Ի՞նչ կասեք ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մասին:

Մեր ֆուտբոլի ազգային հավաքականը ամեն մի հայի հպարտությունն է: Բոլորս մեծ բարձունքներ ենք ակնկալում: Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում շատ երկրների հավաքականներին ստիպեցինք լուրջ մոտենալ Հայաստանի հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պարոն Ռուբեն Հայրապետյանի ղեկավարությամբ, արել է մի ֆանտաստիկ աշխատանք: Այժմ մենք արդեն ունենք աշխարհահռչակ աստղեր՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիս եւ այլք: Նրանք ոգեւորում են տարիքով կրտսեր ֆուտբոլիստներին եւ լավ օրինակ ծառայում:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով