18:02  ,  12 օգոստոսի, 2013

Աշխարհի չեմպիոն Վարդան Մնացականյան. Ես կփորձեմ հայ մարտիկներին ներկայացնել միջազգային ասպարեզում (ֆոտո)

Ես մտադիր եմ շարունակել համագործակցությունը հայ մարտիկների հետ եւ կփորձեմ նրանց ներկայացնել միջազգային ասպարեզում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վարդան Մնացականյանը, որը բնակվում է Իսպանիայում։ Նա սեմինար-մարզումներ անցկացնելու նպատակով ժամանել է Հայաստան։ Մոտ հարյուր մարզիկների մասնակցությամբ առաջին սեմինարը տեղի է ունեցել Արաբկիրի մարզադպրոցում։

Հիշեցնենք, որ հայ մարտիկի մրցակիցը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում քիկբոքսինգի Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Դավիդ Թոմասն էր։ Իսպանիայի Կաստելոն քաղաքում կայացած մենամարտում Վարդան Մնացականյանը հաղթեց երկրորդ ռաունդում։

Վարդան, բարի գալուստ Հայաստան։ Ո՞ւմ հրավերով ես այս անգամ հայրենիքում։

Նախքան հարցին պատասխանելը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեր կայքին, իմ ելույթները շտապես լուսաբանելու համար։ Սեմինարների շարքով Հայաստան եմ ժամանել Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի հրավերով։ Իմ մարզումներին կարող են մասնակցել բոլոր մարտարվեստների ներկայացուցիչները։ Իմ այցի նպատակն է հայ մարտիկներին ծանոթացնել Իսպանիայում կիրառվող մարզումների եւ մենամարտերի նախապատրաստման համակարգերին։ Ես կազմակերպում եւ մասնակցում եմ Կ-1-ի կանոններով մենամարտերի, որոնք անցկացնում է MIX Fight Event կազմակերպությունը։ Վալենսիայում ես ունեմ սեփական մարզակումբ՝ Club Mix Fight, որը թեեւ բացվել է երկու ամիս առաջ, բայց արդեն հայտնի է ամբողջ Իսպանիայում։

Վարդան, ե՞րբ եւ որտե՞ղ կկայանա քո հաջորդ մենամարտը։

Հաջորդ մենամարտս կանցկացնեմ հոկտեմբերի 12-ին Մադրիդում։ Կլինի խոշոր միջազգային մրցաշար։ Մրցակցիս դեռ չգիտեմ։ Բայց գլխավոր մենամարտս նախատեսված է նոյեմբերին, երբ Արգենտինայում կպաշտպանեմ չեմպիոնական տիտղոսս։ Օգոստոսի 24-ին իմ ակումբի երեք ներկայացուցիչներ Պորտուգալիայում կմասնակցեն մրցաշարի։ Երեք մարզիկներից երկուսը հայեր են։ Նրանցից Չակո Սարգսյանը 68 կգ քաշային կարգում կմենամարտի միջմայրցամաքային գոտու համար։

Ի՞նչ կասես Հայաստանի մարզիկների մակարդակի մասին։

Այստեղ կան մարզիկներ, որոնք ոչինչով չեն զիջում եվրոպացի մարտիկներին։ Հայաստանում խնդիրն այն է, որ մարզիկները չեն կարողանում պրոֆեսիոնալ մակարդակում զբաղվել իրենց սիրած գործով։ Այստեղ մարզիկները զբաղված են կյանքի ապրուստով։ Իսկ Իսպանիայում մարտարվեստների նկատմամբ այլ վերաբերումնք է։ Եթե դու պրոֆեսիոնալ մարզիկ ես, ապա քո գործերով զբաղվում են ակումբները կամ հովանավորները։ Աշխատանքի եւ եկամուտի մասին մտածելու կարիք մարզիկը չունի։ Ձեր միտքը 24 ժամ կենտրոնացած է մարզումների վրա։

Mix Fight Event-ն Իսպանիայում մենամարտեր կազմակերպող ամենահայտնի եւ ամենաբարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունն է։ Ես մտադիր եմ շարունակել համագործակցությունը հայ մարտիկների հետ եւ կփորձեմ նրանց ներկայացնել միջազգային ասպարեզում։

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով