00:23  ,  28 հուլիսի, 2013

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի սուպերգավաթակիր

Դորտմունդի «Բորուսիան» պատմության մեջ 5-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթակիր:

Գերմանիայի Սուպերգավաթի խաղում դորտմունդցիները 4:2 հաշվով հաղթեցին 2012/2013 մրցաշրջանում բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած Մյունխենի «Բավարիային»՝ ռեւանշի հասնելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտության համար:

Դորտմունդում կայացած խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց դաշտի տերերի գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով խփեց առաջին խաղակեսի միակ գնդակը:

54-րդ րոպեին Հոլանդիայի հավաքականի եւ «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հավասարեցրեց հաշիվը, բայց մյունխենցիների ուրախությունը երկար չտեւեց: 56-րդ րոպեին «Բավարիայի» բելգիացի պաշտպան Դանիել վան Բույտենը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ մեկ րոպե անց Իլկայ Գյունդոգանը երրորդ գնդակն ուղարկեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի դարպասը: 64-րդ րոպեին Ռոբենը դարձավ դուբլի հեղինակ, սակայն հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հոլանդացու օրինակին հետեւեց նաեւ Մարկո Ռոյսը՝ վերջակետ դնելով խաղին:

«Բավարիան» առաջին պարտությունը կրեց Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի  եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին հետեւում էր Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի տրիբունայից:

Գերմանիայի Սուպերգավաթ

«Բորուսիա» - «Բավարիա»՝ 4:2

Մարկո Ռոյս, 6, 86, Դանիել վան Բույտեն, 56, (ինքնագոլ), Իլկայ Գյունդոգան, 57 – Արյեն Ռոբեն, 54, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս