01:27  ,  16 հուլիսի, 2013

Ունիվերսիադայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան. Տխրեցի, որ Հայաստանի հիմնի փոխարեն այլ բան հնչեց

«Ուրախ եմ, որ ոսկե մեդալը նվաճեցի, միայն ուրախ չեմ որ մեդալի հանձնման արարողության ժամանակ Հայաստանի հիմնը չհնչեց. Միայն դրոշը բարձրացվեց: Նաեւ ուրախ եմ, որ Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրն եմ, միայն կուզեմ միակը չլինել»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Հայաստանի առաջին ոսկե մեդալակիր, 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Կիրակոսյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի սամբոյի մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Բեյմետ Կանժանովին:

Տիգրան,  NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ  27-րդ Ունիվերսիադայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Դու 27-րդ Ունիվերսիադայի Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրն ես: Ի՞նչ զգացողություն ունես, ինչպե՞ս է տրամադրությունդ:

Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալը նվաճել: Տրամադրությունս շատ բարձր է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, լինելով այս խաղերում Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրը: Եվ շատ ուրախ եմ, եւ այդքան էլ ոչ որ դեռեւս առաջին չեմպիոնն եմ Հայաստանի պատվիրակությունից:

Դժվա՞ր էր տիտղոսին հասնելը:

Միանշանակ շատ բարդ տրվեց ինձ չեմպիոնական տիտղոսը: 4 գոտեմարտ անցկացրեցի, 4-ն էլ բարդ ու պայքարով: Մրցակիցներս բավական լավ մարզավիճակում էին եւ ուժեղ: Հնարքներ անելը հեշտությամբ չէր լինում: Սկզբում իմ մրցակիցը Ղրղըզստանի ներկայացուցիչն էր, ապա մրցագորգում հանդիպեցի ռուս եւ վրացի սմաբիստներին եւ վերջում, արդեն ոսկու համար պայքարում մրցագորգ դուրս եկա Ղազախստանը ներկայացնող Բեյմետ Կանժանովինի հետ: Չորս մենամարտս էլ դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ մրցակիցներիցս ոչ ոքն էլ թույլ չէր:

Իսկ Կազան մեկնելիս հավատո՞ւմ էիր, որ ոսկե մեդալով կվերադառնաս:

Վստահ էի ուժերիս վրա, քանի որ երկար էի պատրաստվել, մարզումներ անցկացրել: Սրանից առաջ Եվրոպայի առաջնությունում նվաճեցի արծաթե մեդալ: Այժմ շատ ուրախ եմ, որ նվաճածս մեդալի գույնը փոխվեց: Եթե վստահ չլինեի ուժերիս վրա, չէի մասնակցի Ունիվերսիադային:

Նշեցիր, որ մրցակիցներդ ուժեղ էին: Ի՞նչը քեզ ուժ տվեց մրցագորգում մինչեւ վերջ հաղթանակին հասնելու համար:

Ինձ մրցագորգի վրա ուժ էր տալիս երկրպագուների գոտեպնդումը: Դահլիճում շատ հայեր կային թե մեր պատվիրակությունից, թե երկրպագուների շարքերում: Նրանք ամեն մենամարտի ընթացքում այնպես էին երկրպագում, որ ուղղակի պատվաբեր չէր լինի հաղթանակով չավարտել այդ մենամարտը: Դա ինձ շատ ուժ տվեց եւ օգնեց:

Աննկարագրելի զգացողություն է, երբ այսպիսի խոշոր մրցաշարերում կարողանում ես չեմպիոնական տիտղոսը նվաճել: Բայց լավ չավարտվեց պարգեւատրության արարողությունը, քանի որ չհնչեց  Հայաստանի հիմնը, այլ սխալմամբ հնչեց ինչ-որ ուրիշ հիմն: Յուրաքանչյուր մարզիկի համար հաղթանակից բացի, կարեւոր է նաեւ մեդալի հանձնման հանդիսավոր արարողության այդ պահը` դրոշը բարձրանալու եւ հիմնը հնչելու: Միայն դրա համար տխրեցի, որ հիմնը չհնչեց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով