20:50  ,  9 հուլիսի, 2013

Ֆետելի շումախերյան ճամփան

Մեծ է վտանգը, որ Գերմանիայի Գրան Պրիից հետո Ֆորմուլա 1-ի աշխարհի այս տարվա առաջնության գրեթե բոլոր ավտոարշավորդները զրկվեն մոտիվացիայից՝ այս անգամ էլ հաղթեց աշխարհի եռակի չեմպիոն, «Red Bull-ցի» Սեբաստիան Ֆետելը: Նա, թերեւս, գնում է Շումախերի ճանապարհով, որը Ferrari-ի ղեկին հինգ անգամ անընդմեջ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Բոլոր պիլոտների հետնյուրբուրգռինգյան մեկնաբանություններում դատապարտվածության զգացում կա, բացի Կիմի Ռայկոնենից (Ֆետելն այդ ամենից դուրս է), ում համար աշխարհի չեմպիոն լինելը նույն է, ինչ ոչ մի Գրան Պրիում եզրագիծը չհատելը: «Ես երջանիկ եմ, որ Նյուրբուրգռինգի մրցուղին երկու-երեք շրջան կարճ էր»,- վերջին՝ 60-րդ շրջանն ավարտելուց հետո ասաց Ֆետելը: «Եթե մրցուղին մի քանի շրջան ավել լիներ, ես կհաղթեի»,- հենց այնպես ասաց «Lotus-ցի» Ռայկոնենը:

Իսկապես, հրաշքները բոլոր մնացած բոլիդների համար ունեն երկու-երեք հավելյալ շրջան: Ferrari-ի նախագահ Լուկա դե Մոնտեձիմելոն Մարանելոյում գրեթե աղաչում է թիմին՝ վճռական եղեք: Բոլորովին անիմաստ խնդրանք Ֆելիպե Մասայի համար, որի հրաշալի մեկնարկներն արդեն կանգնեցվում են F138 բոլիդի քմահաճույքներով: Նյուրբուրգռինգի 4-րդ շրջանի առաջին շրջադարձ չմտած F138-ի ետեւի անվադողերը արգելակվում են եւ բոլիդը դուրս շպրտում մրցուղուց: Մասայի համար անհայտ հանգամանքներում շարժիչն անջատվում է եւ պայքարն ավարտվում: Ալոնսոն, ինչպես միշտ ինքնուրույն է հավաքում իր միավորները: 4-րդը եզրագիծը հատած իսպանացին լավատեսության վերջին ջանքերն է գործադրում. «8-րդ տեղից մեկնարկելուց հետո Ֆետելին զիջել 8 վայրկյան, արդեն հաջողություն է»:

Աշխարհի չեմպիոնի համար պայքարը փոքրիկ վստահությամբ շարունակում են հենց Ալոնսոն եւ Ռայկոնենը, որի պարագան մի քիչ ուրիշ է՝ նա մոտիվացիաներ չունի անկախ հաջողությունից։ Ալոնսոն ուզում է երրորդ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն, վերջին անգամ դա եղել է հեռավոր 2006-ին «Ռենո»-ի բոլիդով, երբ նրա մարզական տնօրենը Միխայիլ Շումախերին հայտնաբերած Ֆլավիո Բրիատորեն էր:

BBC-ի մեկնաբան, Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Դեյվիդ Կուլտհարդի կարծիքով Ֆետելին հաղթելու Ռայկոնենի հնարավորություններն ավելին են, քան՝ Ֆերնանդո Ալոնսոյինը: Անցյալ տարի 9 մրցերթից հետո Ալոնսոն ավելի շատ միավորներ ուներ, քան՝ Ֆետելը, այս տարի հակառակն է: Ռայկոնենը ստաբիլ է իր նվաճումներում, Ալոնսոյի բոլիդը՝ անհասկանալի եւ շոգին, եւ անձրեւին: Ի դեպ, Կուլտհարդը նույնպես լավատեսության բացակայություն է նկատել Ալոնսոյի հետնյուրբուրգռինգյան մեկնաբանություններում:

4-րդ ավտոարշավորդը, որն այս պայքարում զուտ տեսականորեն է մասնակից, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնն է: Նյուրբուրգռինգում նա մեկնարկեց առաջին տեղից եւ հենց մեկնարկից դիրքերը զիջեց Սեբաստիան Ֆետելին: Ընդ որում, Ֆետելը մեկնարկեց մրցուղու կեղտոտ, այսինքն, «չմշակված» հատվածից, ինչը պիտի հեշտացներ «Mersedes-ցու» գործերը: Mersedes-ում մինչեւ հիմա չեն հասկանում, թե 6 անգամ pole position-ը վերցրած թիմը ինչպես է հաղթում ընդամենը երկու անգամ, ընդ որում դրանցից ոչ մեկը Լյուիս Հեմիլթոնի օգտին չէ, որը երեք անգամ մեկնարկել է առաջին տեղից ու միշտ ձախողել: Եվ չնայած դրան անհատական հաշվարկով 99 միավորով 4-րդ տեղում է: Ինքը դա պատճառաբանում է Pirelli-ի անվադողերով: Առաջին պիտ-կանգառից հետո նրա տեմպն ընկավ չնայած ավելի արագընթաց էր, քան թիմակից Նիկո Ռոսբերգը:

Հեմիլթոնը հույս ունի, որ Հունգարիայի Հունգարոռինգում, որտեղ Mclaren-ի ղեկին հաղթել է անցյալ տարի, կկարողանա պայքար ծավալել: «Բայց դրա համար պետք է լուրջ աշխատել»,- ասել է նա: Ակնարկը հասկանալի է՝ պետք է աշխատել չնայած Pirelli-ի անվադողերի «դիմադրությանը»:

Հունգարոռինգը արշավորդների սիրելի մրցուղին չէ, այստեղ վազանցը հերոսություն է, թեպետ ոչ այն աստիճանի, որքան՝ Մոնակոյում: Մրցուղու ջերմությունը մրցման ժամանակ կարող է հասնել 50 աստիճանի, որն առավել ձեռնտու է Lotus-ին, սակայն «ճակատագրի նվեր» հասկացություն այստեղ չկա այն իմաստով, որ pole-ից մեկնարկելը դեռ հաղթանակի երաշխիք չէ, թեպետ 2012-ին Հեմիլթոնը հաղթել է հենց pole-ից: Դրանից առաջ  վերջին 4 տարիների Հունգարոռինգում pole-ից մեկնարկած ավտոարշավորդը չի հաղթել: Ընդ որում վերջին երկու անգամները մեկնարկողը եղել է Ֆետելը, իսկ հաղթել են Վեբերը եւ Ջենսոն Բատոնը:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում