20:50 9 հուլիսի, 2013Մեծ է վտանգը, որ Գերմանիայի Գրան Պրիից հետո Ֆորմուլա 1-ի աշխարհի այս տարվա առաջնության գրեթե բոլոր ավտոարշավորդները զրկվեն մոտիվացիայից՝ այս անգամ էլ հաղթեց աշխարհի եռակի չեմպիոն, «Red Bull-ցի» Սեբաստիան Ֆետելը: Նա, թերեւս, գնում է Շումախերի ճանապարհով, որը Ferrari-ի ղեկին հինգ անգամ անընդմեջ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Բոլոր պիլոտների հետնյուրբուրգռինգյան մեկնաբանություններում դատապարտվածության զգացում կա, բացի Կիմի Ռայկոնենից (Ֆետելն այդ ամենից դուրս է), ում համար աշխարհի չեմպիոն լինելը նույն է, ինչ ոչ մի Գրան Պրիում եզրագիծը չհատելը: «Ես երջանիկ եմ, որ Նյուրբուրգռինգի մրցուղին երկու-երեք շրջան կարճ էր»,- վերջին՝ 60-րդ շրջանն ավարտելուց հետո ասաց Ֆետելը: «Եթե մրցուղին մի քանի շրջան ավել լիներ, ես կհաղթեի»,- հենց այնպես ասաց «Lotus-ցի» Ռայկոնենը:
Իսկապես, հրաշքները բոլոր մնացած բոլիդների համար ունեն երկու-երեք հավելյալ շրջան: Ferrari-ի նախագահ Լուկա դե Մոնտեձիմելոն Մարանելոյում գրեթե աղաչում է թիմին՝ վճռական եղեք: Բոլորովին անիմաստ խնդրանք Ֆելիպե Մասայի համար, որի հրաշալի մեկնարկներն արդեն կանգնեցվում են F138 բոլիդի քմահաճույքներով: Նյուրբուրգռինգի 4-րդ շրջանի առաջին շրջադարձ չմտած F138-ի ետեւի անվադողերը արգելակվում են եւ բոլիդը դուրս շպրտում մրցուղուց: Մասայի համար անհայտ հանգամանքներում շարժիչն անջատվում է եւ պայքարն ավարտվում: Ալոնսոն, ինչպես միշտ ինքնուրույն է հավաքում իր միավորները: 4-րդը եզրագիծը հատած իսպանացին լավատեսության վերջին ջանքերն է գործադրում. «8-րդ տեղից մեկնարկելուց հետո Ֆետելին զիջել 8 վայրկյան, արդեն հաջողություն է»:
Աշխարհի չեմպիոնի համար պայքարը փոքրիկ վստահությամբ շարունակում են հենց Ալոնսոն եւ Ռայկոնենը, որի պարագան մի քիչ ուրիշ է՝ նա մոտիվացիաներ չունի անկախ հաջողությունից։ Ալոնսոն ուզում է երրորդ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն, վերջին անգամ դա եղել է հեռավոր 2006-ին «Ռենո»-ի բոլիդով, երբ նրա մարզական տնօրենը Միխայիլ Շումախերին հայտնաբերած Ֆլավիո Բրիատորեն էր:
BBC-ի մեկնաբան, Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Դեյվիդ Կուլտհարդի կարծիքով Ֆետելին հաղթելու Ռայկոնենի հնարավորություններն ավելին են, քան՝ Ֆերնանդո Ալոնսոյինը: Անցյալ տարի 9 մրցերթից հետո Ալոնսոն ավելի շատ միավորներ ուներ, քան՝ Ֆետելը, այս տարի հակառակն է: Ռայկոնենը ստաբիլ է իր նվաճումներում, Ալոնսոյի բոլիդը՝ անհասկանալի եւ շոգին, եւ անձրեւին: Ի դեպ, Կուլտհարդը նույնպես լավատեսության բացակայություն է նկատել Ալոնսոյի հետնյուրբուրգռինգյան մեկնաբանություններում:
4-րդ ավտոարշավորդը, որն այս պայքարում զուտ տեսականորեն է մասնակից, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնն է: Նյուրբուրգռինգում նա մեկնարկեց առաջին տեղից եւ հենց մեկնարկից դիրքերը զիջեց Սեբաստիան Ֆետելին: Ընդ որում, Ֆետելը մեկնարկեց մրցուղու կեղտոտ, այսինքն, «չմշակված» հատվածից, ինչը պիտի հեշտացներ «Mersedes-ցու» գործերը: Mersedes-ում մինչեւ հիմա չեն հասկանում, թե 6 անգամ pole position-ը վերցրած թիմը ինչպես է հաղթում ընդամենը երկու անգամ, ընդ որում դրանցից ոչ մեկը Լյուիս Հեմիլթոնի օգտին չէ, որը երեք անգամ մեկնարկել է առաջին տեղից ու միշտ ձախողել: Եվ չնայած դրան անհատական հաշվարկով 99 միավորով 4-րդ տեղում է: Ինքը դա պատճառաբանում է Pirelli-ի անվադողերով: Առաջին պիտ-կանգառից հետո նրա տեմպն ընկավ չնայած ավելի արագընթաց էր, քան թիմակից Նիկո Ռոսբերգը:
Հեմիլթոնը հույս ունի, որ Հունգարիայի Հունգարոռինգում, որտեղ Mclaren-ի ղեկին հաղթել է անցյալ տարի, կկարողանա պայքար ծավալել: «Բայց դրա համար պետք է լուրջ աշխատել»,- ասել է նա: Ակնարկը հասկանալի է՝ պետք է աշխատել չնայած Pirelli-ի անվադողերի «դիմադրությանը»:
Հունգարոռինգը արշավորդների սիրելի մրցուղին չէ, այստեղ վազանցը հերոսություն է, թեպետ ոչ այն աստիճանի, որքան՝ Մոնակոյում: Մրցուղու ջերմությունը մրցման ժամանակ կարող է հասնել 50 աստիճանի, որն առավել ձեռնտու է Lotus-ին, սակայն «ճակատագրի նվեր» հասկացություն այստեղ չկա այն իմաստով, որ pole-ից մեկնարկելը դեռ հաղթանակի երաշխիք չէ, թեպետ 2012-ին Հեմիլթոնը հաղթել է հենց pole-ից: Դրանից առաջ վերջին 4 տարիների Հունգարոռինգում pole-ից մեկնարկած ավտոարշավորդը չի հաղթել: Ընդ որում վերջին երկու անգամները մեկնարկողը եղել է Ֆետելը, իսկ հաղթել են Վեբերը եւ Ջենսոն Բատոնը:
Մհեր Արշակյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.