18:49  ,  11 ապրիլի, 2012

Արմավիրում Հայաստանի հավաքականի համար կստեղծվի միկրոմիջավայր. հարցազրույց

Ապրիլի 27-ից 29-ը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կանցկացվի ձյուդոյի  Եվրոպայի առաջնությունը: Այս մրցումներին Հայաստանի հավաքականը ներկայացված է լինելու վեց մարզիկներով: Տղամարդկան մրցաշարին կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60կգ), Արմեն Նազարյանը (66կգ), Արտյոմ Բաղդասարյանը (81կգ ) եւ Հակոբ Առաքելյանը (100կգ): Կանանց առաջնությունում կպայքարեն Գայանե Հարությունյանը (48կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57կգ):

Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն անցկացնելու համար թիմն ապրիլի 9-ին մեկնել է Ռուսաստանի Արմավիր քաղաք: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Գեւորգյանի հետ:

Պարոն Գեւորգյան, օլիմպիական տարում ուշադրության կենտրոնում օլիմպիական մրցաշարն է, բայց Եվրոպայի առաջնությունն էլ պակաս կարեւոր չէ։ Համաձա՞յն եք:

Այո, իհարկե: Եվրոպայի առաջնությունում մարզիկները նաեւ օլիմպիական վարկանիշային միավորներ են վաստակում: Նաեւ հոգեբանական առումով շատ կարեւոր մրցաշար է: Օլիմպիական խաղերից առաջ վերջին ամենաներկայացուցչական մրցաշարում հաջող հանդես գալը մարզիկներին անկասկած վստահություն կներշնչի:

Օլիմպիական մրցաշարի ուղեգիր ապահոված Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը հաջողության հասնելու դեպքում կարո՞ղ են իրենց քաշային կարգերում համաշխարհային դասակարգման ցուցակում տեղ զբաղեցնել լավագույն ութնյակում:

Տեսականորեն դա հնարավոր է, սակայն կարծում եմ, որ իրականում արդեն հնարավոր չէ:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի մարզիկների հնարավորությունները:

Եվրոպայի առաջնությանը մենք սկսեցինք նախապատրաստվել Ծաղկաձորում: Հիմանական շեշտը դրված էր մարզիկների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու վրա: Որոշ վնասվածքներ կարողացանք նաեւ ապաքինել։ Ռուսաստանի Արմավիր քաղաքում նախապատրաստությունն արդեն սպարինգ -մրցակիցներով ապահովելու համար կլինի:

Իսկ ինչո՞ւ հենց Արմավիրն ընտրվեց այդ նպատակի համար:

Արմավիրում մեր մարզիկները հնարավորություն կունենան արդեն գոտեմարտերում ստուգել իրենց կարողությունները: Մրցակիցները իրականում չեն հետապնդում Եվրոպայի առաջնությունում արդյունք ապահովելու նպատակը, եւ այդ առումով լարվածությունը մեծ չի լինի սպարինգների ժամանակ: Բացի այդ մենք հնարավորություն կունենանք տեխնիկա-տակտիկական որոշ վրիպումները տեղում շտկել ու մեր մարզիկների պատրաստկանությունը էլ ավելի բարելավել: Մյուս կողմից էլ, քանի որ Եվրոպայի առաջնությունը նույնպես Ռուսաստանում է անցկացվելու, ինչ որ տեղ էլ միկրոմիջավայր էլ կկարողանանք ստեղծել: Իսկ հիմնական քառամյա ծրագրի խնդիրն արդեն լուծված է: Մնում է կոնկրետ գոտեմարտի, կոնկրետ մրցակցի դեմ մարտավարություն մշակել ու տատամի դուրս գալով` այն իրականացնել:

Ամենամեծ հույսերը ո՞ւմ հետ եք կապում:

Իրականում մենք բոլորի հետ էլ հույսեր կապում ենք, բայց ամեն դեպքում, բնականաբար, ուշադրության կենտրոնում լիենլու են մեր երկու օլիմպիականները` Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: Հիմա իհարկե չեմ կարող ասել, թե քանի եւ ինչ որակի մեդալ մենք կարող ենք նվաճել: Բայց անկախ քաշային կարգից մենք գնում ենք հաղթանակի հասնելու համար, դա փաստ է:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

P. S. Եվրոպայի առաջնության առաջին օրը` ապրիլի 26-ին Հայաստանի հավաքականի կազմում տատամի դուրս կգան Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկեւիչը, ապրիլի 27-ին մրցումերին կմասնակցի Արտյոմ Բաղդասարյանը, իսկ ապրիլի 28-ին Հայկ Առաքելյանը: Եվրոպայի առաջնության մրցաշարի վերջին օրը տեղի կունենա թիմային հանդիպումները, որոնց Հայաստանի հավաքականը չի մասնակցի:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում