18:49 11 ապրիլի, 2012Ապրիլի 27-ից 29-ը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կանցկացվի ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Այս մրցումներին Հայաստանի հավաքականը ներկայացված է լինելու վեց մարզիկներով: Տղամարդկան մրցաշարին կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60կգ), Արմեն Նազարյանը (66կգ), Արտյոմ Բաղդասարյանը (81կգ ) եւ Հակոբ Առաքելյանը (100կգ): Կանանց առաջնությունում կպայքարեն Գայանե Հարությունյանը (48կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57կգ):
Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն անցկացնելու համար թիմն ապրիլի 9-ին մեկնել է Ռուսաստանի Արմավիր քաղաք: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Գեւորգյանի հետ:
Պարոն Գեւորգյան, օլիմպիական տարում ուշադրության կենտրոնում օլիմպիական մրցաշարն է, բայց Եվրոպայի առաջնությունն էլ պակաս կարեւոր չէ։ Համաձա՞յն եք:
Այո, իհարկե: Եվրոպայի առաջնությունում մարզիկները նաեւ օլիմպիական վարկանիշային միավորներ են վաստակում: Նաեւ հոգեբանական առումով շատ կարեւոր մրցաշար է: Օլիմպիական խաղերից առաջ վերջին ամենաներկայացուցչական մրցաշարում հաջող հանդես գալը մարզիկներին անկասկած վստահություն կներշնչի:
Օլիմպիական մրցաշարի ուղեգիր ապահոված Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը հաջողության հասնելու դեպքում կարո՞ղ են իրենց քաշային կարգերում համաշխարհային դասակարգման ցուցակում տեղ զբաղեցնել լավագույն ութնյակում:
Տեսականորեն դա հնարավոր է, սակայն կարծում եմ, որ իրականում արդեն հնարավոր չէ:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի մարզիկների հնարավորությունները:
Եվրոպայի առաջնությանը մենք սկսեցինք նախապատրաստվել Ծաղկաձորում: Հիմանական շեշտը դրված էր մարզիկների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու վրա: Որոշ վնասվածքներ կարողացանք նաեւ ապաքինել։ Ռուսաստանի Արմավիր քաղաքում նախապատրաստությունն արդեն սպարինգ -մրցակիցներով ապահովելու համար կլինի:
Իսկ ինչո՞ւ հենց Արմավիրն ընտրվեց այդ նպատակի համար:
Արմավիրում մեր մարզիկները հնարավորություն կունենան արդեն գոտեմարտերում ստուգել իրենց կարողությունները: Մրցակիցները իրականում չեն հետապնդում Եվրոպայի առաջնությունում արդյունք ապահովելու նպատակը, եւ այդ առումով լարվածությունը մեծ չի լինի սպարինգների ժամանակ: Բացի այդ մենք հնարավորություն կունենանք տեխնիկա-տակտիկական որոշ վրիպումները տեղում շտկել ու մեր մարզիկների պատրաստկանությունը էլ ավելի բարելավել: Մյուս կողմից էլ, քանի որ Եվրոպայի առաջնությունը նույնպես Ռուսաստանում է անցկացվելու, ինչ որ տեղ էլ միկրոմիջավայր էլ կկարողանանք ստեղծել: Իսկ հիմնական քառամյա ծրագրի խնդիրն արդեն լուծված է: Մնում է կոնկրետ գոտեմարտի, կոնկրետ մրցակցի դեմ մարտավարություն մշակել ու տատամի դուրս գալով` այն իրականացնել:
Ամենամեծ հույսերը ո՞ւմ հետ եք կապում:
Իրականում մենք բոլորի հետ էլ հույսեր կապում ենք, բայց ամեն դեպքում, բնականաբար, ուշադրության կենտրոնում լիենլու են մեր երկու օլիմպիականները` Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: Հիմա իհարկե չեմ կարող ասել, թե քանի եւ ինչ որակի մեդալ մենք կարող ենք նվաճել: Բայց անկախ քաշային կարգից մենք գնում ենք հաղթանակի հասնելու համար, դա փաստ է:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
P. S. Եվրոպայի առաջնության առաջին օրը` ապրիլի 26-ին Հայաստանի հավաքականի կազմում տատամի դուրս կգան Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկեւիչը, ապրիլի 27-ին մրցումերին կմասնակցի Արտյոմ Բաղդասարյանը, իսկ ապրիլի 28-ին Հայկ Առաքելյանը: Եվրոպայի առաջնության մրցաշարի վերջին օրը տեղի կունենա թիմային հանդիպումները, որոնց Հայաստանի հավաքականը չի մասնակցի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.