19:33  ,  26 հունիսի, 2013

Արման Երեմյան. Աշխարհի առաջնությանն եմ մեկնում միայն ոսկե մեդալի հետեւից

«Աշխարհի առաջիկա առաջնությունում հաղթելու դեպքում Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր կնվաճեմ»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուժեղագույն թաեքվոնդոիստ Արման Երեմյանը։ Մարզիկը խոսեց աշխարհի առաջիկա առաջնությունում հաղթելու հնարավորությունների մասին։

Հայաստանն աշխարհի առաջնությանը կներկայացնի 5 մարզիկ՝ Վարագ Աղաջանյան (-54), Հայկազ Սամվելյան (-58), Հայկ Խաչատրյան (-74), Գենա Առուստամյան (-87) եւ Արման Երեմյան (-80)։ Մրցաշարը տեղի կունենա Մեքսիկայում։

Արման, ինչպե՞ս ես նախապատրաստվել առաջիկա մրցաշարին 

Հավաքներս հիմնականում անցել են Երեւանում։ Հավաքներ եմ անցկացրել նաեւ Իրանում։ Ավելի վաղ հավաքների էի մեկնել Փարիզ, որտեղ ժամանել էին գրեթե բոլոր հավաքականների ներկայացուցիչները։ Այնտեղ թեստ-մենամարտեր անցկացրի։ Այդ հավաքներն ինձ գոհացրին։ Մրցաշարի համար ամբողջ նախապատրաստությունն անցել է ՀԱՕԿ-ի օգնությամբ։ Հուլիսի 2-ին մարզիչիս՝ Վարդան Վարդանյանի հետ կմեկնեմ Մեքսիկա, որտեղ մարզվելու եմ՝ հարմարվելով կլիմայական պայմաններին։ Այժմ հավաք եմ անցկացնում Մալաթիայի Օլիմպիական հերթափոխի քոլեջում։ Ավելի վաղ մենամարտեր անցկացնելու համար Հայաստան էին ժամանել երկու մարզիկներ Վրաստանից եւ Ռուսաստանից։ Կարծում եմ, որ պատրաստ եմ աշխարհի առաջնությանը։

Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա աշխարհի առաջնությունից։ Ո՞ւմ ես համարում քո հիմնական մրցակիցը։

Աշխարհի առաջնությանն եմ մեկնում միայն ոսկե մեդալի հետեւից։ Իմ քաշային կարգում ուժերը փորձելու է մոտ 70 մարզիկ։ Նրանցից շատերը կանցնեն նախնական մրցումները։ Մրցակցիս սպասելու եմ 1/32-րդ եզրափակիչում։ Իմ քաշային կարգում կան մոտ 10 մարզիկներ, եւ բոլորս գրեթե նույն մակարդակի ենք։ Նրանցից մի քանիսին հասցրել եմ հաղթել։ Աշխարհի առաջնությունում հաղթանակը ներկայիս վարկանիշային համակարգում ինձ 100 միավոր կտա, իսկ դա կնշանակի, որ 8-րդ տեղից կհայտնվեմ լավագույն եռյակում։ Վարկանիշի առաջին 6 տեղերում գտնվող մարզիկներն ավտոմատ ստանում են Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր։ Ինձ համար շատ կարեւոր է հաղթել Մեքսիկայում. դա ինձ թույլ կտա մասնակցել առաջիկա Օլիմպիական խաղերին։

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում